Կարծիք

08.08.2009 13:43


Անցյալ անկատար (մաս 8)

Անցյալ անկատար (մաս 8)

Սկիզբը տե՛ս...

            Շարքի նախորդ նյութերում փորձեցի ցույց տալ, որ քոչարյանիզմը պատահական երևույթ չէր: Այն ներգծվում է հետսովետական ռևանշիզմի (գուցե տեղին է նաև թերմիդոր եզրը), ասել է նաև՝ հայկական հասարակական որոշակի պահանջարկի ներքին համատեքստին (խոսքն, առաջին հերթին, 90-ականների վերջի մասին է, երբ այդ պահանջարկն ինչ-որ առումով դոմինանտ կարելի էր համարել): Կարելի է ենթադրել, սակայն, որ քոչարյանիզմը ներգծվեց ոչ միայն ներքին և ընդհանուր հետսովետական, այլև համաշխարհային միտման որոշակի համատեքստին, որով էլ, թերևս, հավելյալ բացատրություն է ստանում դրա համեմատական կենսունակությունը: Այսինքն, հնարավոր է, որ քոչարյանիզմը համաշխարհային ինչ-որ երևույթի տեղական՝  թեկուզև շատ գավառական մարմնավորումն էր:

            Ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի, այլև ողջ աշխարհի առումով 1990-2000-ականները կարելի է կոչել հետսովետական շրջան, քանի որ Սովետի փլուզումը, բնականաբար, համաշխարհային մասշտաբի իրադարձություն էր՝ ազդեցության համատասխան չափով: Այս ժամանակաշրջանի նկարագրության համար բնորոշ են «պոստ-» (հետ-) նախածանցով եզրերը. խոսում են հետինդուստրիալզիմի, հետպատմության (posthistory), հետհումանիզմի և բազմաթիվ այլ «հետ»-երի մասին՝ ընդհուպ մինչև հետռոք (ի նկատի ունի ռոք երաժշտությունը): Ընդհանուր առմամբ, այս բոլոր «պոստերը» լավագույնս նկարագրվում են «պոստմոդեռն» եզրով: Վերջինս ինչ-որ իմաստով կարելի է նույնացնել պոստսովետական եզրի հետ, քանի որ Սովետը մոդեռնի վերջին մեծ նախագիծն էր, որի փլուզման պահից կարելի է հաշվել բուն պոստմոդեռնիստական աշխարհի ժամանակագրությունը (չնայած պոստմոդեռնի մասին խոսում էին 1991-ից ավելի վաղ): Ոչ միայն նախկին Սովետի տարածքում, այլև նրանից դուրս, մոդեռնի և լուսավորչականության դարաշրջանի բարձր արժեքները' առաջադիմություն, պայքար, ազատագրում, գաղափարախոսություն, հայրենիք, տեխնիկական պրոգրես, ունիվերսալիզմ, գիտություն, ռացիոնալիզմ և շատ ուրիշներ կա՛մ կորցրին իրենց նախկին գրավչականությունը, կա՛մ կասկածի տակ դրվեցին, կա՛մ էլ վերաիմաստավորվեցին: Այս գործընթացն իր մեջ երկակի հնարավորություն էր պարունակում: Մի կողմից այն բացահայտում էր մոդեռնի հիմնական արժեքների մեջ պարունակվող տոտալիտար զարգացման հնարավորությունը և, բացի այդ, ճանապարհ էր բացում էկոլոգիզմի, մուլտիկուլտուրալիզմի, ռեգիոնալ ինքնությունների նոր բացահայտման և այլնի համար: Մյուս կողմից, հոգնածությունը և վախը մոդեռնի պաթոսից, հետմոդեռնիստական ռելյատիվիզմը ճանապարհ էին բացում նախամոդեռնի հետադիմական ուրվականների համար, որոնք վաղուց ննջած էին համարվում: Պոստմոդեռնի այս դաշինքը նախամոդեռնի հետ ընդդեմ մոդեռնի իրեն զգացնել տվեց հատկապես այն երկրներում, որտեղ մոդեռնիզացիայի նախագծերը կամ անավարտ էին մնացել, կամ էլ ձախողվել ինչպես Արևելյան Եվրոպայում, այնպես էլ հետսովետական տարածքում: Այդ գործընթացը կարելի է կոչել «արևելյան պոստմոդեռն»: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այսօրվա Ռուսաստանի ռևանշիստական գաղափարախոսությունը հենց ռեակցիոն պոստմոդեռնիզմն է' հակալուսավորչական պահպանողականության և պոստմոդեռնիստական ռելյատիվիզմի սինթեզը, որը սաղմնավորվել է դեռ ուշ Սովետի ընդերքում:

            Եթե վերադառնանք մեր իրականությանը, ապա քոչարյանիզմի ժամանակաշրջանի շատ երևույթներ կարող ենք իմաստավորել հենց «արևելյան պոստմոդեռնի» համատեքստում: Օրինակ, քոչարյանիզմի համար տիպիկ երևույթ էր իմիտացիոն քաղաքականությունը' իրական գաղափարախոսական միջուկ ունեցող քաղաքական ուժերի փոխարինումը պրոյեկտ-կուսակցություններով (որոնց ծրագրերը ամենատարբեր դասական գաղափարների պատառիկների իրական «հետմոդեռնիստական» կարկատաններ են), հեռուստատեսային պատկերի գերակայությունն «իրական իրականության» նկատմամբ և այլն, և այլն: Բայց սա ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային երևույթ էր. PR-ը' պոլիտտեխնոլոգիայի գերակայությունը բուն քաղաքականության, պատկերի' իմիջի գերակայությունը խոսքի և գաղափարի նկատմամբ և այլն: Հատկանշական է նաև տարբեր, կեղծ գիտականակերպ տեսությունների ծաղկումը, դասական վերլուծականության կատարյալ փլուզումը, որն իր գագաթնակետին հասավ 2008թ. սկզբին, երբ դավադրության տեսությունը դարձավ պաշտոնական գաղափարախոսություն, իսկ Գլխավոր Դատախազության նման սոլիդ կառույցը հանդես եկավ հոգեխանգարմունքի և նեյրոլինգվիստիկ կոդավորման վարկածով: Չնայած տնտեսությունից բավական հեռու մարդ եմ, բայց քոչարյանական «տնտեսական աճի» փուչիկը նույնպես կարծես իր անալոգիաներն ունի. վերացարկումը իրական արտադրությունից բնորոշ էր մինչճգնաժամային համաշխարհային ողջ տնտեսությանը (մնացածը թող ավելացնեն կամ պակասեցնեն տնտեսագետները): Իսլանդիայի նման երկրների տնտեսական հրաշքը, որը ճգնաժամի պայմաններում փլուզվեց բառացիորեն մի քանի օրվա ընթացքում, կարծես կառուցվածքային նմանություններ ունի Քոչարյանական Հայաստանի հետ:  Քոչարյանական շինարարական բումը նույնպես անալոգիաներ ունի, իսկ քոչարյանիզմի ճարտարապետությունը որոշ մասնագետների կողմից նույնպես բնութագրվում է որպես «գավառական պոստմոդեռն»: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ քոչարյանիզմը ոչ միայն ներհայաստանյան և հետսովետական, այլև համաշխարհային միտումների մաս էր:

            Ինչ վերաբերում է համաշխարհային միտմանը, ապա տնտեսական ճգնաժամը կարծես թե սահման է գծում «պոստ-» աշխարհի և դեռ չձևակերպված նորի մեջ: Մինչ այդ, քաղաքական և մշակութային զարգացումներն արդեն ի հայտ էին բերել հետմոդեռնի ավարտի նշանները: Մշակույթի ոլորտում 2000-ականներին գրվեցին «ռեմոդեռնիզմի» և «ալտերմոդեռնի» մանիֆեստները: Վրացական և ուկրաինական հեղափոխություները, չնայած դրանցում առկա կարնավալային (պոստմոդեռնիստական) տարրին, թերևս, նախանշեցին իրական քաղաքականության  հրապարակային ակտիվության մոդեռնի արժեքների (պայքար, հեղափոխություն, զանգվածային սուբյեկտիվություն) շուրջ նոր, թարմ պաթոսի վերադարձը: Գուցե ինչ-որ առումով նույն միտումը արտացոլեցին ամերիկացիների պատերազմները Աֆղանստանում և Իրաքում (թշնամու, առաքելության, ունիվերսալիզմի վերադարձ): Չի կարելի բացառել, որ Օբամային ֆենոմենը նույնպես հնարավոր կլինի իմաստավորել այդ համատեքստում' որպես դասական քաղաքական առաջնորդի տիպի վերադարձ  80-ականներից հետո առաջին անգամ:

            Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունն, այսպիսով, լինելով քոչարյանիզմի ուղիղ ժառանգն ու շարունակությունը, կարծես թե հայտնվել է միանգամայն այլ ներքին և արտաքին պայմանների համատեքստում, որով, ի տարբերություն բուն քոչարյանիզմի, նա կարող է ժամանակավրեպ և անկենսունակ դուրս գալ: Բայց սա արդեն մի առանձին նյութի թեմա է, որը, տվյալ շարքից դուրս լինելով, կարող է լինել վերջինիս տրամաբանական շարունակությունն ու ամփոփումը:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը