Լրահոս

08.08.2009 13:28


Լևոն Մելիք–Շահնազարյան. «Այդ մարդը հասցնում է ամեն տեղ իր ոչ հաջող հետքը թողնել»

Լևոն Մելիք–Շահնազարյան. «Այդ մարդը հասցնում է ամեն տեղ իր ոչ հաջող հետքը թողնել»

-Բրայզայի առաջարկը նման է այն բանին, կարծես թե նա արդեն դարձել է Ադրբեջանի դեսպանը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով ուրբաթ օրը Ծաղկաձորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի արած հայտարարությունները, ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, ապա շարունակել,- դա այն առաջարկն է, որը բերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքի ուղղակի կորստի։ Այդ առաջարկն  ուղղակի անընդունելի է Արցախի բնակչության համար։

Լ. Մելիք-Շահնազարյանը կարծիք է հայտնել,  թե Բրայզան անընդհատ այնպիսի հայտարարություն է անում, որն իրականությունից ուղղակի հեռու է։

-Հայաստանի կողմից ժխտողական պատասխանը նա պետք է ստանա ամեն անգամ և պետք է ստանա շատ կտրուկ։ Նա մի փորձաքար է գցում ջուրը և սպասում է դրա արձագանքներին։ Մենք չպետք է զլանանք և ամեն անգամ նրան համարժեք պատասխան պետք է տանք։

Քաղաքագետն ասել է, որ Վրաստանում ևս ատելություն կա Բրայզայի նկատմամբ, և ընդդիմությունը նրան կոչում է Վրաստանի տնօրեն։

-Այդ մարդը հասցնում է ամեն տեղ իր ոչ հաջող հետքը թողնել, ամեն տեղ փորձում է ջուրը պղտորել,-նկատել է բանախոսը։։

Թե ինչ կտա Բրայզային մեկ այլ համանախագահով փոխելը, բանախոսը պատասխանել է, որ  հիմնական քաղաքականության մեջ ոչինչ չի փոփոխվի, քանի որ Բրայզան ներկայացնում է ոչ թե Բրայզային, այլ ԱՄՆ-ի պետքարտուղարին։

-Պարզապես հնարավոր է, որ ավելի «նստած», խորը մտածող մարդ լինի, այլ ոչ թե Բրայզայի տիպի մարդ։ Հիմնական քաղաքականությունը չի փոխվելու, Բրայզան չէ, որ որոշում է Ամերիկայի քաղաքականությունը  մեր տարածաշրջանում,-հայտարարել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը