Քաղաքական

13.02.2014 16:16


Գուրգեն Եղիազարյան. «Որ գաղջ չլինեք, գաղջություն չի կարա իջնի»

Գուրգեն Եղիազարյան. «Որ գաղջ չլինեք, գաղջություն չի կարա իջնի»

Այսօրվա ասուլիսին հասարակական–քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը «7օր»–ի հարցին՝ հնարավո՞ր է՝ մարտի 1-ի հանրահավաքը սկիզբ դնի նոր քաղաքական զարգացումների, պատասխանել է.

–Այո՛, մարտի 1-ին ՀԱԿ–ի կողմից կազմակերպվել է հանրահավաք։ Դուք, մենք, բոլորս գնալու ենք։ ՀՀ քաղաքացին մինչև կոկորդը կուշտ է «Ապահով Հայաստանից», մեկն էլ կողքիս նստած է,–ասել է բանախոսը՝ մատնանշելով գյուղատնտես Սամվել Հարությունյանին։ Արդեն զզվացրել են, հոգնացրել են մարդկանց։

Եղիազարյանի խոսքերով՝ պետությունը սեփական քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու համար չէ. «Այսպիսի երկիր չի լինում։ Երկիրը նրա համար է, որպեսզի պաշտպանի իր քաղաքացուն։ Մարդը աշխատատեղ է ստեղծել, որ գոնե մի չնչին տոկոս քիչ Թուրքիայից լոլիկ ու վարունգ ներմուծվի։ Վա՞տ է դա։ Շատ վատ է այդ սրիկաների համար. պետք է խեղդեն, մորթեն, ձեռքից վերցնեն, որ մենք «Ապահով Հայաստանում» ապրենք ձեր հետ միասին»։

Եղիազարյանն անդրադարձել է նաև երկրում առկա քաղաքական–տնտեսական վիճակին. «Միացնում ես Հանրային հեռուստաընկերությունը, թվում է՝ դրախտում ես ապրում,– և խորհուրդ է տվել տարեցտարի ներդրումների պակասելու պատճառը պարզել վարչապետից,–գնացե՛ք, Կիպրոսի հանճարից հարցրեք՝ ինչպես է դա լինում... Սա՛ է մեր իրականությունը։ Հետո կանգնում ասում են՝ գաղջություն իջավ։ Որ գաղջ չլինեք, գաղջություն չի կարա իջնի»։

Ըստ բանախոսի՝ «Ապահով Հայաստանը» նրանց ու մի քանի ընտանիքների Հայաստանն է։ Վերջում Եղիազարյանը բոլորին հորդորել է մարտի 1-ին գնալ Ազատության հրապարակ և բարձրաձայնել երկրում առկա բոլոր խնդիրների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը