Քաղաքական

13.02.2014 15:45


«Դ!ԵՄ ԵՄ» թիմ. «Դատապարտում ենք ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները»

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ. «Դատապարտում ենք ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները»

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր ցանկանում ու ձգտում են ապրել իրավական և ժողովրդավարական պետությունում, դատապարտում ենք 2014թ. փետրվարի 12-ին ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները, ինչպես նաև լրագրող Անի Գևորգյանի հանդեպ կիրառված բռնությունը ՀՀ Ոստիկանության բաժանմունքում, այն էլ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի կողմից:

Որևէ քաղաքակիրթ հասարակությունում և ժողովրդավարական պետությունում չեն կարող և չպետք է հանդուրժելի լինեն այսօրինակ բռնությունները, որոնք թույլ են տրվում թե ոստիկանների, թե որոշ անհատների կողմից, հատկապես լրագրողի հանդեպ, ում մասնագիտական գործունեության խոչընդոտելն արգելվում է և դատապարտելի է: Այս կամ այն կերպ ուղղորդված որոշ անհատների բացահայտ անօրինական, կամայական ու սադրիչ գործողությունները ստորացնում են մարդու և քաղաքացու արժանապատվությունը. նրանք իրենց իրավունք են վերապահում սահմանափակել այլոց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ օրենքով թույլատրելի ձևերով հանրային իրազեկում իրականացնելը: Հավանաբար սա պայմանավորված է նրանով, որ երկրում տիրում է ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը: Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության քաղաքակիրթ ներկայացուցիչներ, անհանդուրժող ենք ֆեոդալական բարքերի ու այդ արժեքները կրողների հանդեպ: Նմանատիպ արարքները որևէ արդարացում չեն կարող ունենալ ժողովրդավար ու իրավական երկրում և պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ուստի, պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից անհապաղ քայլեր ձեռնարկել քրեական պատասխանատվության ենթարկելու երեկ՝ փետրվարի 12-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՀ մի շարք քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բացահայտ ոտնահարած անհատներին, իսկ լրագրող Անի Գևորգյանի հանդեպ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ անցկացնել ծառայողական քննություն՝ նրան իր զբաղեցրած պաշտոնից և ոստիկանական ծառայությունից հեռացնելու նպատակով:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Այս խորագրի վերջին նյութերը