Լրահոս

08.08.2009 12:28


Դ. Մեդվեդև. «2008թ. օգոստոսին Ռուսաստանն իրեն պատասխանատու և բարոյական է դրսևորել»

«HTB» հեռուստաալիքի թղթակիցների հետ զրույցում անդրադառնալով նախորդ տարվա օգոստոս ամսվա իրադարձություններին՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է.

-Ամեն անգամ այդ իրադարձությունները հիշելով և տեսաժապավենը հետ պտտեցնելով՝ ես հասկանում եմ, որ, մի կողմից, մենք այդ իրավիճակում այլ կերպ վարվելու որևէ այլ հնարավորություն չունեինք, մյուս կողմից իրադարձությունները զարգանում էին ամենադժվար ու, գուցեև, ամենացավագին սցենարով։

Դ. Մեդվեդևը նաև ավելացրել է.

-Խոսելով այդ գիշերվա իրադարձությունների մասին՝ ես կարող եմ ասել, որ այդ ժամանակ մենք մինչև վերջին րոպեն ցանկանում էինք հավատալ, որ վրացական ռեժիմի պատիվը, թեկուզ ինչ-որ չափով ներքին բարոյականությունը և, վերջապես, բանականությունը կբավարարեին անդառնալի սխալներ թույլ չտալու համար, որոնք, առաջին հերթին  մարդկային զոհերի կհանգեցնեին և, երկրորդ, շատ լուրջ աշխարհաքաղաքական հետևանքների։ Ցավոք, մենք սխալվեցինք։ Վերոնշյալ սխալները Սահակաշվիլիի ռեժիմը գործեց, և դրանք միանգամից վերածվեցին հանցագործության։ Մարդիկ զոհվեցին, շա՛տ մարդիկ։ Եվ ՌԴ-ն ստիպված էր ի պատասխան խիստ միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում հարյուրհազարավոր կյանքեր փրկվեցին, և Կովկասում խաղաղություն հաստատվեց։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ իրենք շատ ճիշտ են վարվել և իր՝ որպես գլխավոր հրամանատարի ընդունած որոշումներն իրենց արդյունավետությունը ցույց են տվել։

«Այն ժամանակ մեր երկիրը պատասխանատու և բարոյական է վարվել։ Ես այդ ժամանակահատվածի համար չեմ ամաչում»,- ասել է Դ. Մեդվեդևը՝ հավելելով, որ Հարավային Օսիայի բնակչությունը երախտապարտ է նման որոշման համար։

Այս խորագրի վերջին նյութերը