Մեկնաբանություն

12.02.2014 11:10


Գյուլիստանից մինչև Մաքսային միություն՝ «չերեզ» Բրյուսել (տեսանյութ)

Գյուլիստանից մինչև Մաքսային միություն՝ «չերեզ» Բրյուսել (տեսանյութ)

Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ին Սերժ Սարգսյանը գլխապատառ նետվեց դեպի Մաքսային միություն։

«Անկախ» մամուլի, եվրաօլուխների և Հայաստանի «արևմտամետ» հանրության կողմից եվրագերազանցիկ հռչակված Սարգսյանը հայտնվեց Կրեմլի պատերի տակ և հիմա փորձում է ամեն կերպ հաճոյանալ Վլադիմիր Պուտինին։

Սկզբում «մեյդան» դուրս եկավ կոմերսանտ–«ծովահեն» Զորի Գայկովիչն՝ իր ճղճիմ նամակ–քծնանքով առ Պուտին։ Այդ նամակից հետո ՀՀԿ ղեկավարը Գայկովիչին դարձրեց պետական արարողակարգի պարտադիր ատրիբուտ. «ծովահենը» չէր հեռանում Սարգսյանի կողքից։

Գայկովիչին կողքից չհեռացնելով՝ Սարգսյանն ամեն կերպ ուզում էր Կրեմլին ցույց տալ, որ ինքը համաձայն է լավաշ–նամակում գրվածի հետ, և ստորագրում է դրա տակ՝ հավատարմության երդումներ հայտնելով Գյուլիստանի պայմանագրին, ըստ որի՝ ռուսահպատակությունն ամրագրված է «բոլոր ժամանակների համար» գրված փաստաթղթով։

Բացի Գայկովիչից՝ Սերժն այլոց նույնպես նետել է «մաքսազերծման»։

«Թունդ արևմտամետ» վարչապետ Տիգրան Սարգսյանի ամեն երկրորդ նախադասությունը դարձել է «Մաքսային միություն» բառակապակցությունը։ Շատ դեպքերում նա բարևի փոխարեն ՄՄ է ասում՝ մտածելով, որ, այդպիսով, հա՛մ Սերժ Սարգսյանի դուրը կգա, հա՛մ էլ ռուսների աչքը կմտնի ու կդառնա Սերժի ժառանգորդը։

Զորի Գայկովիչին իր օդիոզ ռուսամոլությամբ և Տիգրան Սարգսյանին իր էնտուզիազմով չի զիջում Սերժ Սարգսյանի մեկ այլ թիմակից Արտաշես Գեղամյանը։ Հանուն արդարության՝ պետք է նշել, որ երբ Մամիկոնիչը քծնում էր ռուսներին ու գովերգում Եվրասիական միությունը, Զորին ծովերում էր դեգերում, Սերժը տարված էր ֆյուլեներով ու էշթոններով, ՄՄ մտնելու ջերմեռանդ պաշտպան դարձած Շավարշ Քոչարյանը հիմնավորում էր ՄՄ մտնելու վնասակարությունը, իսկ Տիգրան Սարգսյանը բացատրում էր, թե ինչու հնարավոր չէ մտնել ՄՄ։ Հիմա նախկին «արևմտամետները» փորձում են հասնել Գեղամյանին։

Ի դեպ, երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի երբեմնի կատաղի թշնամի և ներկայիս թիմակից Արտաշես Գեղամյանի հերթական գրքի հերթական շնորհանդեսը, որին հերթական անգամ մասնակցել է Սերժ Սարգսյանը։

Շուրջ չորս տարի ԵՄ–ի հետ ասոցացում բանակցած ու բանակցություններն ավարտած Սերժ Սարգսյանի վերջին հանգրվանը, փաստորեն, Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում. անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին մասնակցելը եղավ։ Ահա այսպես ավարտվեց աշխարհաքաղաքական թափառաշրջիկությունը։

Սարգսյանին հիմա այլ բան չի մնում անելու, քան մի կողմից իր մեկ այլ նախկին ընդդիմախոս Արթուր Բաղդասարյանի միջոցով ռուսներին նամակ գրելն ու հայ խոպանչիների համար վախվորած ձևով միգրացիոն բարենպաստ ռեժիմի մասին խնդրելը, իսկ մյուս կողմից՝ Մամիկոնիչի գրքի շնորհանդեսին ներկա գտնվելը, որպեսզի հանկարծ Կրեմլում չբարկանան իր վրա։ «Նախաձեռնողական» քաղաքականությունը հենց սա է, որ կա։

Փաստորեն, շատ «խոխմա» բան է ստացվում. Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցները քարը քարի վրա չեն թողնում ՄՄ–ից ու «բալետ» անում Կիևի Մայդանին, իսկ նույն Սերժ Սարգսյանը մասնակցում է Արտաշես Գեղամյանի ՄՄ–ամոլ գրքի շնորհանդեսին։ Բոլորն իրար արժեն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կից ներկայացված տեսանյութերը կթարմացնեն շատերի հիշողությունը։ Ի՜նչ օրեր էին։ Հաճախորդներն իրար հետ կռիվ էին տալիս, թե ով ավելի «թունդ» կհայհոյի Սերժ Սարգսյանին։ Իսկ հիմա բոլորը միասին հայտնվել են ՄՄ–ի «չուլանում»։

Այս խորագրի վերջին նյութերը