Մեկնաբանություն

10.02.2014 23:10


Վուշ-վու՜շ, Տիգրան, վուշ-վու՜շ, իգի՜թ

Վուշ-վու՜շ, Տիգրան, վուշ-վու՜շ, իգի՜թ

Աղջի´, Անաստված, նըստի´ր վըրանում,

Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,

Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,

Խաղեր կապելով,Չոլեր չափելով,

Ոչխարըս անտեր,

Ընկել եմ հանդեր…

Աննախադեպ բան. Ս, Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Անուշ» օպերայի ներկայացումը: Այսինքն՝ Սարոն եւ մյուսները չեն երգել ոչ միայն նշված հատվածը, այլեւ չի հնչել եւ ոչ մի դերերգ: Քանզի թատրոնի աշխատակիցները «վրանում նստելու» փոխարեն դուրս են եկել բողոքի ակցիայի: Բողոքել են պարտադիր կուտակային կենսաթոշակայինի դեմ:

Սա, իսկապես, աննախադեպ է այն առումով, որ մեզանում որքան էլ տարօրինակ համարվի, մշակութային օջախների աշխատակիցները չափազանց զգուշավոր են, քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն չեն դրսեւորում, գերադասում են լռել ու համակերպվել, քան դուրս գալ փողոց:

Բայց ահա Օպերայի աշխատակիցների համբերության բաժակը լցվել է եւ նրանք անգամ ներկայացումը տապալելու գնով բողոքում են տնօրինության գործողությունների դեմ, որը արհամարհելով Սահմանադրական դատարանի որոշումը պահումներ է արել աշխատակիցների աշխատավարձերից:

Զարմանալին այն է, որ թատրոնի տնօրինությունը հանդիսատեսներին օպերան չներկայացնելու պատճառ է նշել արտիստներից մեկի վատառողջ լինելը, ինչը պարզվել է, որ սուտ է: Թատրոնի տնօրենը մի զարմանալի հայտարարություն էլ է արել. աշխատավարձերից պահումներ անելը բացատրել է նրանով, որ իբր գումարը ոչ մի տեղ չեն փոխանցել, այլ պարզապես հավաքել են եւ սպասում են, թե ինչ վճիռ է կայացնելու ՍԴ-ն մարտի 28-ին:

Կարելի է կարծել, թե այս թատրոնում եւ ընդհանրապես այն բոլոր ընկերություններում ու հիմնարկներում, որտեղ աշխատավարձերից պահումներ են անում, տեղյակ են, թե ինչպիսի որոշում է ընդունելու ՍԴ-ն: Այլապես ինչո՞ւ պետք է 3 ամիս պարտաճանաչորեն կատարեն այդ պահումները: Եվ սա այն պարագայում, երբ ՍԴ-ն արդեն իր կայացրած որոշմամբ մինչեւ մարտի 28-ը կասեցրել է օրենքի կիրառման գործողությունը, ավելի ճիշտ՝ հայտարարել է, որ պարտադիր կուտակային հատկացումներ չհատկացնելը չի կարող տուգանքի պատճառ դառնալ մինչև բուն որոշման ընդունումը:

Թեպետ, զարմանալի ոչինչ չկա. երբ նշված որոշումից օրեր անց Սերժ Սարգսյանը գերատեսչական այցերից մեկի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հետո կոչելու են պատմական:

Այնպես, որ Օպերայի թատրոնի եւ մյուս պետական կառույցների ղեկավարները ի կատարումն Սերժ Սարգսյանի «հանձնարարականի»՝ աշխատավարձերից «պատմական» պահումներ են անում:

Նույն կերպ վարվել է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը, ինչը ստիպել է երկաթուղայինների դուրս գալ փողոց եւ բողոքել այդ քայլի դեմ՝ սպառնալով անգամ գործադուլ անել: ԱԺ–ում արված պահումների դեմ բողոքել են նաև ԲՀԿ–ական պատգամավորների օգնականները, ինչպես նաև խորհրդարանի մոտ 50 աշխատակից։

Ի դեպ, «Դեմ եմ» նախաձեռնությունը կիրակի օրը Լոռու մարզում էր, ուր եւս «կուտակայինի» դեմ բողոքողները քիչ չեն:

Իսկապես արդեն կենսաթոշակայինի խնդիրը դառնում է չափազանց վտանգավոր իշխանությունների համար, քանի որ օր-օրի ոչ մի աշխատավոր, աշխատանքային կոլեկտիվ չի ցանկանում «նստել վրանում». հերթով դուրս են գալիս փողոց եւ բողոքում են Տիգրան Սարգսյանի «բարեշրջիչ» ռեկետի դեմ:

Կրկին նկատենք. երբ անգամ մշակութային օջախներում աշխատող «ամենահարմարվող» տեսակն է դուրս գալիս բողոքի ակցիայի, ապա կարելի է նույնիսկ կենսաթոշակայինի խնդրի շուրջ փոթորիկի սպասել:

Իշխանությունը, կառավարությունը թող պարտադիր փոթորիկի սպասի: Ինչ ցանել են, այն էլ հնձելու են։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը