Կարծիք

07.08.2009 16:49


Չապրած ցնծության գինը

Չապրած ցնծության գինը

Արցախի նշանակության մասին տարբեր ճառեր են հյուսվել, կատարվել են բազում վերլուծություններ, գրվել են գրքեր, և դեռ երկար ժամանակ այս գործընթացը շարունակվելու է՝ անկախ այն բանից, թե երբ և ինչպիսի լուծում կստանա ղարաբաղյան հիմախնդիրը:           

Արցախյան պատերազմում մեր ռազմական հաջողությունները տարբեր գնահատականների են արժանացել: Հատկապես նշվում է այն, որ հաղթանակը թոթափեց մեզանում պարտվողի բարդույթը, որ այն պարգևեց վստահություն սեփական ուժերի նկատմամբ և ապացուցեց հայի կենսունակությունն ու իրավունքը՝ ապրել անկախ և ազատորեն որոշել սեփական ճակատագիրը: Չեմ կարծում, որ նշված բնորոշումներին կարելի է հակադրել որևէ բանական և փաստարկված առարկություն:

            Եվ ահա, տասնհինգ տարի շարունակվում է այն խնջույքը, որ մեծ ճոխությամբ տրվեց Մեր Հաղթանակի առթիվ:

            Հրադադարից անցել է շուրջ տասնհինգ տարի: Այս տարիների ընթացքում Ղարաբաղը չիջավ հայոց քաղաքականության բեմից և չլքեց սեփական մենակատարությունը՝ վճռելով քաղաքական ու պետական գործիչների ճակատագրեր և շարունակելով դիտվել ամենից զորեղ հարցը հայերիս համար:

            Այսօր արդեն հայաստանյան քաղաքական միտքը զբաղված է գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքների հայանպաստ կամ ազգադավ լինելու հարցի վերլուծությամբ, մինչդեռ խնդիրն ավելի խորն է և մեր հերթական հանգրվանի կարևորության ընկալման անզորությունն է:

            Խոսելով ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծման տարբերակի մասին՝ այսօր արդեն չի հիշվում Արցախի անկախությունն ամրագրող 1991թ. տեղի ունեցած հանրաքվեի մասին՝ բացառությամբ հեռավոր Ստեփանակերտից մերթընդմերթ հնչող հայտարարությունների: Ստեփանակերտի այդ հեռավորությունն ամենևին էլ տարածքային չէ, այլ պայմանավորված է այդ գործընթացին դիտորդի կարգավիճակով հետևող սուբյեկտի դերով: Մեր դիրքորոշումն ինքնորոշման իրավունքի իրագործման փաստի ճանաչումից դանդաղ տեղափոխվեց դեպի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորության ճանաչում: Արդեն վաղուց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարում են, թե փորձում են երկու հիմնարար սկզբունքերի՝ «տարածքային ամբողջականության» և «ազգերի ազատ ինքնորոշման» միջև եղած կիրառական հակասությունները հարթելով՝ կողմերի համար ընդունելի լուծման տարբերակ գտնել:

            Միջազգային հանրային իրավունքի միանգամայն համադրելի և հավասարազոր նշված սկզբունքների միջև արհեստական հակասություն կարող է առաջանալ միայն մի դեպքում, երբ Հայաստանը համարում է հակամարտության ուղղակի կողմ, իսկ Արցախը գործընթացից դուրս է մղվում' այդկերպ փոխելով խնդրի ողջ պատկերը: Ի դեպ, օրերս ամերիկացի համանախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում միջնորդավորված կերպով սպառիչ պատասխան տվեց հայկական լրագրողներից  հաճախ տրվող այն հարցին, թե ե՞րբ է Արցախը վերադառնալու բանակցային սեղանի շուրջ: Դիվանագետը մեզ հիշեցրեց, որ հենց Երևանն է Ղարաբաղը ներկայացնելու որոշում կայացրել, և որ սեղանի շուրջ վերադառնալու համար անհրաժեշտ է «de facto» երկու կողմերի համաձայնությունը:

            Մնում է սպասել մեր հակառակորդի բարի կամքի դրսևորմանը։ Ինչևէ... 

            Այսպիսով, ղարաբաղյան հարցը, ազգային իրնքնորոշման վառ և օրինակելի փաստ լինելով հանդերձ, որակապես փոփոխություն կրելով՝ դանդաղ, բայց հաստատուն կերպով վերաձևավորվում է երկու պետությունների միջև տարածքային վեճի, ինչի հետևանքների մասին անիմաստ է անգամ խոսել:

            Հարկ չկա նաև թվարկել միջազգային ատյաններում ընդունված այն փաստաթղթերը, որոնցում Հայաստանից պահանջվում է դուրս բերել իր զորքերը հարևան երկրի տարածքից: Այդպիսի փաստաթղթերի ընդունման ժամանակ դժվար չէր լսել հայրենի պաշտոնյաների այն փաստարկները, որ նման փաստաթղթերը իրավական ուժ չունեն: Ժամանակը ցույց տվեց դրանց քաղաքական ուժը, և ամեն բան ընկավ իր տեղը:

            Սակայն հարկ է վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի ներսում այս ընթացքում, քանզի մնացած բոլոր հարցերն ու զարգացումներն ուղիղ հետևանք են հայաստանյան ներպետական իրավիճակի:

            Ղարաբաղյան պատերազմին հաջորդած տարիներին Հայաստանն ամբողջապես սուզվեց տնտեսական, քաղաքական և սոցիալական բազում խնդիրների անծայրածիր օվկեանում: Պատերազմի ընթացքում առաջացած զրկանքներն ու բազում չլուծված հարցերը հաղթահարվում են ուժերի առավելագույն լարմամբ, ինչպես նաև այն գիտակցումով, որ այլ կերպ հնարավոր չէ հասնել այն բաղձալի հաղթնակին, որը պետք է դառնա հետագա զարգացման և բարգավաճման գլխավոր գրավականը: Պատերազմի ավարտից հետո, որը մեր դեպքում միգուցե խիստ պայմանականորեն, բայցևայնպես հանդիսանում է հրադադարի կնքումը, շարքային քաղաքացին արդարացի կերպով սպասում է իր փոխհատուցմանը: Այդպիսի փոխհատուցումը քաղաքացու խնդիրների հանդեպ պետության առաջնային ուշադրության և ընդհանուր պետության շինարարության գործընթացում շրջադարձային որոշումներն են: Իհարկե, ոչ ոք չէր ակնկալում, որ հաղթանակից հետո Հայաստանն անմիջապես վերածվելու է հարուստ երկրի, իսկ քաղաքացին այլևս չի ունենալու իր օրհասական խնդիրների բեռը:

            Այնուամենայնիվ, 90-ականների առաջին կեսին Հայաստանին հաջողվել էր նվաճել տարածաշրջանում ժողովրդավարության «կղզյակի» կարգավիճակը: Ընդհանրապես, այդ ժամանակ Հայաստանն էապես տարբերվեց իր հարևաններից: Մի կողմից ռազմական հաջողությունը և դեռ կազմավորվող՝ բայցևարդեն մարտունակ բանակի առկայությունը (որը հետագայում պետք է դառնար Հայոց Ինքնիշխանության անձեռնմխելիության երաշխիքը), մյուս կողմից՝ համեմատական ժողովրդավարական կեցվածքը, որով Հայաստանը հանդես էր գալիս ի աշխարհ (ինչը պետք է լիներ Հայաստանի ներքին զարգացման և արտաքին հաջողություննեի միակ հնարավոր ուղին):

            Սակայն 1996թ. նախագահական ընտրություններն ի չիք դարձրին նախկին քաղաքական ձեռքբերումները: Հայաստանի երկրոդ նախագահական ընտրությունները դարձան թեժ վիճարկվող և ժխտողականության աղբյուր հանդիսացող անդրանիկ ընտրություններ: Հայաստանում իշխանության վերարտադրման և ընտրակեղծիքների նկատմամբ հանդուրժողականության ու խրախուսման շքերթն այլևս սկսված էր: Այն անցավ 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններով և հաղթական ու կատարելագործված կերպով եզրափակվեց 2003թ. չորրորդ նախագահական ընտրություններում:

            Հետագա զարգացումներն արդեն ոչ մի կերպ չի կարելի տեղավորել փառահեղ հաղթանակ տարած և ազատ ապրելու իրավունք նվաճած ժողովրդի պատկերի մեջ:

            Այս ամենի ցավալի, բայց և տրամաբանական հանգրվանը հանդիսացան 2008թ. նախագահական ընտրությունները և դրանցից ծնված հետագա իրադարձությունները: Հայաստանը բախվեց իր սեփական ստվերին, որը նա, ամենայն հոգատարությամբ, ստեղծեց իր անցած նորանկախ ճանապարհին:

            Այն, որ հոդվածում զարգացումների ընթացքը ներկայացված է Հայաստանի նախագահական ընտրություններով, պայմանավորված է երկու հանգամանքով.

նախ' ընտրություներն իբրև երևույթ և ընթացք.

            դյուրին կերպով ձևավորում և նույն հեշտությամբ փլուզում են     արժեհամակարգեր,

            ընտրություններում կամքի ազատ արտահայտումը գործնականում        հանդիսանում  է             ազգային և ժողովրդական ինքնիշխանության            իրագործման կարևորագույն ձև,

            համապետական ընտրությունները հանդիսանում են ներպետական     կյանքում             իրավաքաղաքական այն իրադարձությունը, որն իր ուղղակի և անմիջական   ազդեցությունն է ունենում պետական ինքնիշխանության վրա,

երկրոդ' Հայաստանում իրական և ամբողջական իշխանությունը պատկանում է երկրի նախագահի պաշտոնը ստանձնած անձին, իսկ ներկայացուցչական և օրինաստեղծ մարմինը դիտվում է իշխանության հարատևությունն ապահովող գործոններից մեկը:

            Փաստ է, որ մեր նորագույն պատմության ընթացքում սահմանադրական ճանապարհով երբևէ չիրականացավ բնականոն իշխանափոխություն: Անցած արդեն մոտ երկու տասնամյակների ընթացքում մենք երբևէ չհանգեցինք այն մտքին, որ միգուցե հենց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է այն միակ ճշմարիտ ուղեցույցը, որով պետք է ղեկավարվել և որի առաջ պետք է խոնարհել սեփական՝ թեկուզև ամենաանկեղծ մղումներն ու ձգտումները:

            Իշխանությունից հրաժարվելը մենք որակում ենք իբրև թուլություն և վճռականության բացակայություն,  իսկ այն ամեն գնով պահելը՝ կուռ կամքի դրսևորում: Մենք դեռ կարծում և պնդում ենք, որ «չի կարելի թույլ տալ իշխանության պարտությունը»: Մինչդեռ անկարելի և անթույլատրելի է միայն ժողովրդի պարտությունը՝ ի դեմս նրա համար գործող պետության, իսկ իշխանության բնականոն պարտության հնարավորությունը և պարբերական իշխանափոխությունը իրական ժողովրդավարության կարևորագույն նախապայմանն է: Առ այսօր շարունակում է զուտ հռչակագրային բնույթ կրել իրավական պետության գաղափարը, ինչի հետևանքով Հայաստանի քաղաքացին այդպես էլ չզգաց իր ազատության արժեքն ու ուժը: Իրավիճակային գոյատևման խնդիրները և իշխանության գայթակղության դիմաց անզորությունը մեզ ախտահարեցին այնպիսի վտանգավոր երևույթներով, որոնք խժռում են ազգի կենսունակությունն ապահովող վեհ գաղափարներ և տապալում են հասարակական ու պետական բարձրագույն արժեքներ: Այդ ճանապարհին փոշիանում են նախկին հաղթանակները, իսկ պետական անկախությունը, չծառայելով իր կրողի' քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, իմաստազրկվում է ամբողջապես:

            Հայոց ոգու ազատության հաղթանակը, որ բերեց Արցախի ազատագրմանը, ճիշտ չընկալվեց մեր կողմից: Հավաքական ուժն ու կորովը տարիների հետ չգիտես ինչպես վերաձևավորվեցին սեփական հարմարավերության գերնպատակին ծառայեցնելու միջոցի: Իշխանությունն ընկալվեց որպես ամենաթողության և անպատժելիության լավագույն երաշխիք, իսկ այլակարծությունը՝ թշնամական սրին ապավինող դավանանք: Արցախը, որ պետք է հանդիսանար մեր ազգային ցնծության աղբյուրը, դարձավ շատ ու շատ շահարկումների առիթ, և նույնիսկ այն քաղաքական ուժերի համար, որոնք այդպիսի թմբկահարման դեմ զարմանալի հաճախականությամբ խստորեն դեմ էին արտայատվում: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային ինքնիշխանության իրագործումը չհասավ իր ավարտական փուլին, որը հայության ժողովրդական ինքնիշխանության հաղթանակն էր՝ արդյունավետ և զորեղ պետականություն ունենալու իրական մղումներ արտահայտող ազատ քաղաքացու և այդ ամենը ճանաչող և երաշխավորող իշխանության տեսքով:

            Պատմությունը չի ճանաչում ժողովուրդների, որոնք, չգիտակցելով ժամանակի իրենց պատասխանատվությունը, հիմնել և կառուցել են ազատ հասարակություններ և հզոր պետություններ: Այդպիսի մի կարևորագույն խնդրի առջև ենք կանգնած նաև մենք: Շատերը հաճախ փորձել են գտնել հավերժական ազգային գաղափարախոսություններ, ոմանք էլ, ծածանելով ազգայինի դրոշը, ջանք չեն խնայել իրենց ճշմարտացիությունն ապացուցելու համար, մինչդեռ այսօր ականատեսն ենք մեր ուժերի ջլատվածության, վտանգավոր անտարբերության և մեզանում նյութապաշտության հաղթանակին:

            Ժամանակն անառարկելի է դարձրել այն, որ մենք, որպես հասարակություն և համաշխարհային քաղաքակիրթ ընտանիքի արժանի անդամ, պետք է ամբողջապես լցված լինենք մի հստակ գաղափարով' ստեղծել ազատ հասարակություն և հզոր ու արդյունավետ պետություն: Այս գաղափարը ամենևին էլ վերացական չէ: Այն կարող է և պետք է կյանքի կոչվի մեր ամենօրյա գործունեությամբ, յուրաքանչյուրիս վարքով և ստին ու անարդարությանը մասնակցություն չունենալու և դրանց դեմ ընդվզելու սկզբունքով: Այլապես մենք հերթական անգամ ջանասիրաբար կընդդիմամանք «հայատյաց ուժերի համաշխարհային դավադրություններին» և «միջազգային ուժերի ու գերտերությունների կասկածելի նախաձեռնություններին»՝ իրականում զբաղվելով ինքնախաբեությամբ և փորձելով թոթափել ինքներս մեզ հետ ազնիվ լինելու սեփական տկարության բեռը: Չպետք է զարմանալ և բարդույթների մեջ ընկնել, երբ հերթական անգամ հասարակությունը կտեղեկացվի իր համար որևէ հիմնահարցի վերաբերյալ այս կամ այն, արդեն կայացած և իրագործված որոշման մասին' ընդհուպ մինչև այդ հարցի լուծումը:

            Անհրաժեշտ է մեկընմիշտ գիտակցել, որ հայության կենսական շահերի կենտրոնը, գերակայությունների հասցեատերն ու գործունեության տրամաբանության ուղեցույցը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետությունը: Նշենք, որ այս պարագայում Արցախի ինքնուրույնությունը չի ժխտում նրա ուրույն ներկայությունը Հայաստանի հավաքական բնորոշման մեջ:

            Ահա այս նպատակն է, որ պետք է միավորի յուրաքանչյուր քաղաքացու և Հայի ուժերը, քանզի անկախ և ամուր պետականությունն է լավագույն կերպով ապահովում ազգի և ժողովրդի հարատևությունն ու զարգացումը: Ժամանակն է գիտակցել, որ մենք բոլորս միասին և յուրաքանչյուրս անհատապես ներկայի և ապագայի ժառանգության պատասխանատուներն ենք: Հայաստանի ինքնիշխանությունը յուրաքնչյուրիս աշխարհընկալման և պետության հանդեպ մեր մոտեցման համագումարն է:

            Մեզ անհրաժեշտ է նախ գիտակցել անկախ երկրի ազատ քաղաքացի լինելու մեր կարգավիճակը, այնուհետև ջանք չխնայել՝ «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը՝ նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը՝ ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը՝ հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքների» իրական և արդյունավետ պետության կառուցման գործին լծվելու համար:

            Եվ  հայությունը դեռ կցնծա իր ազգային ինքնիշխան պետականությամբ:

            Հայաստանի Հանրապետությունը կհպարտանա իր քաղաքացով, իսկ քաղաքացին՝ իր ներկայով և իր համար ստեղծված ու գործող հանրապետությամբ:     

                        Ուստիև`

                                      Ձոն Հայաստանի

                                                        և նրա ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑՈւ

Տիգրան Նահապետյան

Այս խորագրի վերջին նյութերը