Լրահոս

07.08.2009 16:38


Վերահսկիչ պալատի նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2009թ. մարտի 27-ին Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում ստուգման արդյունքներով կազմած արձանագրության հիման վրա նախապատրաստված  նյութերի քննարկման արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2005թ. հունիսի 20-ին Արմավիրի  մարզի Տալվորիկի գյուղապետարանի և «Տագգատէ» ՍՊ ընկերության միջև կնքված գյուղապետարանի վարչական շենքի կառուցման կապալի պայմանագրի հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում ընկերության տնօրեն Ավագ Մելքոնյանը կատարողական ակտերում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է 3.745,0 հազար դրամի չկատարված աշխատանքներ և խաբեությամբ  գյուղապետարանից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

2007թ. նոյեմբերի 11-ին և 2008թ. մարտի 14-ին  Տալվորիկի համայնքի գյուղապետարանի և «Վրույր և Ագապի» ՍՊ ընկերության միջև կնքված Տալվորիկ համայնքի ջրամատակարարման ցանցի հիմնանորգման և գրունտային ճանապարհի կառուցման պայմանագրերի հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում ընկերության տնօրեն Դավիթ Դավթյանը կատարողական ակտերում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է 2.194,2 հազար դրամի չկատարված աշխատանքներ և խաբեությամբ  գյուղապետարանից ստացել և հափշտակել է խոշոր չափերի գումար, իսկ Արմավիր մարզի Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է' 2007 և 2008 թվականներին «Տագգատէ» և «Վրույր և Ագապի» ՍՊ ընկերությունների հետ կնքված պայմանագրերով Տալվորիկի գյուղապետարանի վարչական շենքի շինարարության, համայնքի ջրամատակարարման ցանցի նորոգման և գրունտային ճանապարհի կառուցման համար չկատարված աշխատանքների դիմաց վերջիններիս  ավել է վճարել ընդհանուր առմամբ 5.939,2 հազար դրամ: Բացի այդ' համայնքի բնակիչներից հավաքած 1.237,0 հազար դրամի վարձավճարները համայնքի բյուջե չի մուտքագրել և կատարել է ոչ նպատակային ծախսեր, որով էական՝ 7.176,2 հազար դրամի վնաս է պատճառել համայնքի շահերին:

Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազության

մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը