Լրահոս

07.08.2009 16:20


Ստեփան Սաֆարյանի պատասխանը «Ռադիո Հայ»-ին

«Ռադիո Հայ»-ի հարգելի լրատվական գործակալություն,

ՙԺառանգությունն՚ սպասում էր, որ Ձեր ռադիոկայանը, ում եթերը Գալուստ Սահակյանն օգտագործեց հերթական կեղծիքը տարածելու համար (իբր ՙ1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ դեմ է եղել ԼՂՀ անկախության ճանաչմանը՚), առնվազն նույն ռադիոլսարանի համար կընթերցի մեր օգոստոս 4-ի բաց նամակն ու կցված ՙԼՂՀ անկախությունը ճանաչելու 5 հիմնական պատճառները՚ հուշագիրը, որը Հովհանիսյանի ղեկավարծ ԱԳՆ-ը պատրաստել էր 1992թ. օգոստոսին: (Ցանկացողները դրա անգլերեն բնօրինակի պատճեն եւ հայերեն թարգմանությունը կարող են գտնել www.heritage.am եւ www.nci.am կայքէջերում): Ցավում եմ, որ մինչ այս հանրությանն անհայտ "վերլուծաբանի" անարհեստավարժ եւ անընդունելի վերլուծությունները կարող եք որդեգրել իբրեւ Ձեր ռադիոկայանի ինստիտուցիոնալ եզրահանգումներ: 1991-92թթ. դրանց հետեւելը կնշանակեր' Հայաստանը թողնել չճանաչված եւ մեկուսացված պետություն, անգամ' ոչ ՄԱԿ-ի անդամ, քանի որ Ձեր ասած սկզբունքները կիրառվում են նաեւ այնտեղ: Կամ' այժմ էլ միակ ելքը պետք է լինի ՀՀ երրորդ Հանրապետությունը վերացնելը, միջազգային կառույցներին չանդամակցող ու համաձայնագրերը չընդունող չորրորդ Հանրապետության ստեղծումը: Սրանք եւս "վերլուծաբանի" մտքի արգասիքն են, որոնք բացակայում են Ձեր նամակում: Եթե դա է ՙԱռաջ գնացող Հայաստանը՚' առանց ճանաչված ինքնիշխանության, անկախության, ղեկավարության, որտեղ լրատվամիջոցներն իրենց պարտականությունները կատարում են նախապայմաններով, իսկ ՙվերլուծաբանները՚ դատողություններ են անում պատմության հատվածական ու անիրական ՙընթերցումների՚ հիման վրա, ապա մեզ մնում է միայն տարակուսել ու հիասթափվել: Մենք չէինք կարող պատկերացնել, որ որեւէ մեկը տեր կկանգնի նման դատողություններին' իր անունից վերաշարադրելով դրանց համար հիմք ծառայած ՙփաստերը՚: Ստերը հերքելու փոխարեն պատրաստակամություն եք հայտնում հնչեցնել փաստերը, որոնց Դուք էլ չեք հակադարձում, միայն թե' Ր.Հովհաննիսյանն անձամբ վավերացնի մի տեսակետ, թե ի պաշտոնե, բայց ոչ անձամբ, մասնակից է եղել ինչ-որ գործողությունների' լիովին չգիտակցելով դրանցից բխող իրավական հետեւանքները ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար: Հարկ եմ համարում հիշեցնել

1.         ԼՂՀ ճանաչման վերաբերյալ ՙԺառանգության՚ եւ Ր. Հովհաննիսյանի արձանագրված դիրքորոշումները խոսում են մեր փոխարեն. դրանք վերստին վավերացնելու կամ չարած գործողություններում  ՙխոստովանելու՚  անհրաժեշտությունը չունենք, ինչպես  որ' որեւէ լրատվամիջոցի' արհեստավարժ ու անաչառ լրատվություն տարածելու գործը մեր վրա վերցնելու ցանկություն չունենք: 

2.         ՙԺառանգության՚  կողմից ասված է ամեն ինչ, չի թաքցվել մեզ հայտնի եւ ոչ մի դրվագ, այդ թվում' առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահությունների օրոք Ղարաբաղյան հարցի կարգավորման առումով Ր.Հովհաննիսյանի, իսկ 2004թ.-ից' նաեւ ՙԺառանգության՚ ըննդդիմադիր ու հստակ դրքորոշումը:

3.         Անկախ  ՙՌադիո Հայ՚-ի վերջին վարքագծից, մենք եւ Ր. Հովհաննիսյանը շարունակում ենք լսել Ձեր ռադիոկայանի երաժշտական հաղորդումները, թեպետ Ձեր փորձա•ետի հետ միասին որոշում ընդունեցիք Հովհաննիսյանին դատել  ՙդավաճանության՚  համար:

Մենք ողջունում ենք անցյալը հետաքննելու Ձեր ցանկությունը: Սակայն, դա' ամբողջականության մեջ ու համակողմանիորեն, այլ ոչ թե' հատվածականորեն ու քաղաքապես թիրախավորված' սկսելով երրորդ նախագահից, ով այժմ պատասխանատու է այդ քաղաքականության համար, եւ ավարտելով 1991-ով: Այդ դեպքում պարզ կդառնա' ՙԺառանգությա՞ն՚, թե՞ Ձեր ռադիոհաղորդման փաստերն ու եզրահանգումներն են իրական ու հիմնավոր: Կամ թե' ե՞րբ եւ ի՞նչ ներքին ու արտաքին գործոնների պատճառով են միջազգային ատյաններում կորզվել ՀՀ-ի ու ԼՂՀ-ի շահերը ոտնահարող ստորագրությունները, քվեարկությունները, փաստաթղթերն ու որոշումները. հատկապես' երբ վերջիններս 2008թ. նոյեմբերի 2-ին Սերժ Սարգսյանի ստորագրած Մայենդորֆյան հռչակագրի համաձայն, պետք է հիմք ընդունվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Պատրաստ եմ անձամբ աջակցել Ձեր հետաքննությանը:

Իսկ մենք տակավին սպասում ենք, որ Հանրապետական նախագահը, ով մի անգամ Ազգային ժողովում վիրավորվածի կեցվածք ընդունեց այն բանից հետո, երբ ՙԺառանգությունը՚ կառավարությանը քննադատեց պետական գործերին անլուրջ մոտեցում ցուցաբերելու համար, այժմ գիտակցի, որ իր կուսակից ընկերները անձնապես, քաղաքականապես ու միտումնավոր զրպարտում են: Պահն է ապացուցելու, որ նա խիզախություն ունի պատասխան ներողությունն ասել դրա համար: ՙԺառանգությունը՚ երբեւէ այդ բարդույթը չի ունեցել եւ այժմ Հանրապետական նախագահն է, ով պետք է ապացուցի, որ իշխող կուսակցության քաղաքական բառարանում առկա է ՙներողություն՚ բառը, իսկ իր քաղաքական ուժի մոտ' այն արտասանելու քաջությունն ու քաղաքական կամքը:   

Մաղթում եմ տեղեկատվական ազատություն եւ խմբագրական արհեստավարժություն:      

Հարգանքներով'

Ստեփան Սաֆարյան

ՙԺառանգություն՚ ընդդիմադիր խմբակցություն 

7 օգոստոսի, 2009թ.

ք. Երեւան        

Այս խորագրի վերջին նյութերը