Լրահոս

07.08.2009 16:12


Թուրքերը պետք է գիտակցեն ճշմարտությունը

Թուրքերը պետք է գիտակցեն ճշմարտությունը

-Թուրք հասարակությունը հայ հասարակության հետ շփվելու համար առաջնահերթ խնդիր ունի ճշմարտության գիտակցության հետ կապված, այն է՝ պատմական անցյալի գիտակցումը և ընկալումը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Բանախոսը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ թուրքական դպրոցներում ուսումնական օրը սկսվում է երդումով, որի մեջ ընդգրկված են խորը գաղափարախոսական տարրեր, Աթաթուրքից վերցված դարձվածքներ։

-Այն սկսվում է հետևյալ կերպ. «թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» և վերջանում է Աթաթուրքի հայտնի կարգախոսով. «ինչ երջանիկ է նա, ով թուրք է»։ Քանի որ Թուրքիայում 40 էթնիկ խմբերի ներկայացուցիչներ կան, նրանց երեխաներն ամեն օր պարտավոր են երդվել և կրկնել վերոնշյալ խոսքերը,-ասել է Մելքոնյանն ու նշել, որ Դիարբեքիրում սկսվել է մի շարժում. իրավաբանական մի կազմակերպություն հանդես է եկել դատական հայցով  և, դիմելով  սահմանադրական դատարան, խնդրել է հակասահմանադրական ճանաչել աշակերտների երդումը։

-Նույնիսկ Դիարբեքիրի փողոցներում կարելի է հանդիպել պաստառների, որոնք կոչ են անում վերացնել այդ երդումը։

Ռ. Մելքոնյանի կարծիքով այդ ընդվզումը մի ճանապարհ է, որը տանելու է Թուրքիայում գոյություն ունեցող տաբուների ճեղքման և, միգուցե,  ոչնչացման։ 

-Սա տեղավորելով հայ-թուրքական հարաբերությունների և Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր վերաբացման համատեքստում՝ կարող եմ անել հետևյալ դիտարկումը. թուրք հասարակության և թուրքական պետության համար Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը, և հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը միգուցե հասարակության մեջ գոյություն ունեցող տարբեր ճգնաժամերի, տաբուների վերացման ճանապարհ դառնա։ Հայաստան -Թուրքիա սահմանի բացման վտանգը Թուրքիայի համար հենց նաև սրանում է,-ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը