Քաղաքական

08.02.2014 11:31


Գալուստ Սահակյանը Նուշիկյանին անփորձ է համարում և խորհուրդ տալիս կատարել որոշումները

Գալուստ Սահակյանը  Նուշիկյանին անփորձ է համարում և խորհուրդ տալիս կատարել որոշումները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կոչին՝ դեմ քվեարկել ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկած գազային համաձայնագրին, ՀՀԿ–ից եղան պատգամավորներ, ովքեր ոչ թե դեմ քվեարկեցին, այլ դեմ գնացին հենց ՀՀԿ–ի՛ ընդհանուր գծին։

Այդ պատգամավորներն են՝

Արթուր Գևորգյան–Ձեռնպահ

Գարեգին Նուշիկյան–Ձեռնպահ

Մհեր Սեդրակյան-Չի քվեարկել

Մանվել Բադեյան-Չի քվեարկել

Շուշան Պետրոսյան-Չի քվեարկել

Լևոն Մարտիրոսյան–Ձեռնպահ

Սպարտակ Մելիքյան-Չի քվեարկել։

Մասնավորապես, Գարեգին Նուշիկյանը «7օր»–ին տված հարցազրույցում ասել էր, որ իր համար անհասկանալի և անընդունելի երևույթներ կան։

Մեր այն հարցին էլ՝ ինչո՞ւ դեմ գնաց ՀՀԿի ընդհանուր գծին, Նուշիկյանը զարմացած արձագանքել էր.

Ընդհանուր գիծ չկա՝ որպես այդպիսին՝ այդ հարցի հետ կապված։ Քաղաքական այնպիսի հարց չի, որ...եթե լինի քաղաքական հարց, այլ բան է։ Գալուստ Սահակյանը կոչ արեց դեմ քվեարկել, ես էլ իմ կարծիքն արտահայտեցի։

Պարզվում է, սակայն, Գալուստ Սահակյանը ոչ միայն չի համակերպվում իր խմբակցությունում «գծից դուրս» կարծիքի առկայության հետ, այլև դա փորձում է բարդել ուրիշների վրա (հարազատ կուսակցության վարչապետի օրինակը, թերևս, վարակիչ է)։

Երբ ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է գնահատում Նուշիկյանի դիրքորոշումը, նա պատասխանեց.

–Դա ավելի շատ լրագրողական տեխնոլոգիայի արդյունք է, քան պարոն Նուշիկյանի մտածողության արդյունք։ Դեռևս քաղաքականության մեջ նոր է և դեռևս պիտի կարողանա իր մոտեցումներն առաջիկայում ռեալ կերպով ներկայացնի նաև հասարակությանը։ Իհարկե, ՀՀԿ–ի ցանկացած քննարկման ժամանակ կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց որպես քաղաքական ուժ՝ դա կկարողանան իրացնել մինչև որոշում ընդունելը։ Եթե մեծամասնությունը որոշում է, մնացածները ոչ թե պիտի խոսեն, այլ պիտի ընդամենը հնարավորինս այդ որոշումն իրագործեն։

Ասել կուզի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն իր կուսակից պատգամավորներին հրահանգում է՝ կոճակ սեղմող եք, կոճակ սեղմողի կարգավիճակում էլ մնացե՛ք։

Ի դեպ, երբ Գալուստ Սահակյանին հորդորեցինք համակերպվել իրականության հետ և ՀՀԿ–ից դուրս այլ մեղավորներ չփնտրել՝ իշխանության համար անցանկալի այլակարծությունը բարդելով լրագրողական տեխնոլոգիայի վրա, նա սկսեց արդարանալ.

Ես ընդհանրապես մեղավորներ չեմ փնտրում և հորդորում եմ քաղաքական դաշտից ոչ թե մեղավորներ փնտրել, այլ իրենց քաղաքական դիրքորոշումը ճշտորեն օգտագործել։ Ես ընդամենն ասացի՝ քաղաքական թիմերի կառուցվածքն էդպիսին է։ Եթե մարդիկ կան, որ կարծր տեսակետներ ունեն, փորձում են քաղաքական թիմի քննարկումների ժամանակ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ։ Մարդկանց, որոնց չի բավարարում քաղաքական թիմի գործունեությունը, կանոնակարգ օրենքը թույլ է տալիս այլ բաղադրիչով գործունեություն ծավալել։ Այնպես որ, մի՛ մտածեք, թե ես փորձում եմ Նուշիկյանին դատապարտել իր կարծիքի համար։

Փաստորեն, սեփական կարծիքն ունեցող Նուշիկյանին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս «պառտիայի» գծից չշեղվել ու անշեղորեն կատարել որոշումները։

Իսկ լրագրողական տեխնոլոգիա ասելով՝ Գալուստ Սահակյանը, պարզվում է, նկատի ուներ Նուշիկյանին մեր մոտենալը և հարց ուղղելը.

Իրեն մոտենալը լրագրողական տեխնոլոգիա է, որովհետև երևի դուք միակ լրագրողներից մեկն եք, որ մոտեցել եք Նուշիկյանին։ Թիմի քաղաքական կարծիքն արտահայտողներ կային, կկարողանային արտահայտել։ Եվ ես ձեր պրոֆեսիոնալիզմն այդ տեսանկյունից գնահատում եմ։ Լրագրողը հենց այդպիսին պիտի լինի,–հայտարարեց Գ. Սահակյանը։

Վերջինի տրամաբանությամբ՝ միայն իրենից լրագրողները պետք է կարծիք հարցնեն, որ հանկարծ «խիարը թարս չբուսնի», իրենց «տոնն էլ չփչանա»։ Այլապես, կպարզվի, որ ՀՀԿ–ում առողջ մտածելակերպը դեռևս ի սպառ չի վերացել, ինչից այս իշխանությունները պաթոլոգիկ վախ ունեն։ Նրանց պետք են միմիայն այնպիսի պատգամավորներ, ովքեր միաբերան կկրկնեն. «Չորս ոտքն ավելի լավ է, քան երկուսը»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը