Մեկնաբանություն

07.02.2014 11:35


«Դիփ խափում ի՛ք ու խափո՛ւմ»

«Դիփ խափում ի՛ք ու խափո՛ւմ»

Իշխող ուժը, երբ գործադիր մարմնի նիստ է հրավիրում, բնականաբար, մի տեղ արձանագրում է, չէ՞, թե որերորդ անգամ է նիստ անում:

Ուրեմն, այդ թիվը հաշվի առնելով, ՀՀԿ-ն հանգիստ կարող է պարզել, թե կուսակցության դռան առաջ բողոքող քաղաքացիները քանի անգամ են ակցիա իրականացրել:

Հավանաբար, հաշվել են, բայց թվերը չեն ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով, ինչպես գիտեք, գույնզգույն աղյուսակների սիրահար է:

Բողոքի ակցիաների թիվը, որին հիմնականում մասնակցում են Բուզանդի թաղամասի բնակիչները, կուսակիցները հաստատ թաքցրել են Տիգրան Սարգսյանից: Այլապես ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից առաջ վարչապետը Բուզանդի բնակիչներին չէր ասի. «Եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք»:

Ախր, եթե չեք խաբել, ապա այդ մարդիկ՝ այն էլ՝ այս ձմռան ցրտին, ինչո՞ւ պետք է նորից վազեին կուսակցության գրասենյակի դիմաց, եւ խնդրեին, որ դուք՝ Տիգրա՛ն Սարգսյան, իրենց լսեք:

Տարիներով մարդկանց չեք ընդունել, չեք լսել, եւ պարզ է՝ չեք լուծել այդ մարդկանց հուզող խնդիրները:

Բայց հիմա մանր ժուլիկի նման ասում եք՝ «Եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք»:

Լավ, անհեթեթությունը, ավելի ճիշտ՝ անպատկառությունն ո՞ւր կարող է հասնել:

Իսկ նշված նիստի հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, կոնդեցիներն են վազում կառավարական ամառանոցի մատույցների մոտ, որ բռնացնեն Սերժ Սարգսյանին:

6 տարի անտուն, թափառական դարձած մարդիկ նորից են եկել այստեղ, որ պարզեն՝ էլի ինչքա՞ն է խաբելու իրենց Սերժ Սարգսյանը, ով արդեն յոթ անգամ խաբել է: Իսկ կոնդեցիներն այլեւս ոչ մի երաշխիք չունեն, թե այս երկրում հնարավոր է՝ երբեւէ իրենց հարցն էլ լուծվի: Մեկը գոռում է՝ «Պայմանագիրս էլ չեմ կարում ծախեմ, որ փախնեմ ստից»: Մյուսն ասում է. «Հո մենք Կորեայի որբե՞րը չենք»: Երրորդը բղավում ու անիծում է. «Ինքը յոթ անգամ խաբել ա մեզ…»: Տնազուրկ դարձածներից հաջորդը բորբոքված հայտարարում է. «Երկու ամիս է՝ վարձավճարներն էլ չեն տվել…ո՞նց ապրեմ, որտեղ ապրեմ, չեմ կարում գնամ, ծերանոց էլ տեղավորվեմ, ընդեղ էլ են փող ուզում»:

Այդ պահին հայտնվում է Սերժ Սարգսյանը եւ սաստում է բոլորին՝ ասելով. «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի ինձ մեղադրե՞ք»:

Ճիշտ նույն կերպ, ինչպես նախընտրական շրջանում գյուղացիներից մեկին հակադարձեց. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան արտագաղթել ա»:

Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ հարցում կարելի է մեղադրել Սերժ Սարգսյանին:

Նրան եւ ոչ միայն նրան, նաեւ՝ Տիգրան Սարգսյանին ընդամենը պետք է մեղադրել ստելու եւ խաբելու մեջ: Գլխավոր մեղադրանքը սա է, այստեղից է սկսվել ամեն բան, ինչի հետեւանքով ահա երկիրն ու ժողովուրդը հայտնվել են անելանելի վիճակում:

Գուցե բողոքի տարբեր ակցիաների մասնակիցներն այսուհետ հենց միայն այս մեղադրանքո՞վ հանդես գան, միայն հայտարարեն, որ դուք վեց տարի խաբել եք մեզ, դուք ոչ մի նախընտրական խոստում չեք կատարել, դուք ուղղակի ստել եք:

Այս դեպքում դժվար թե Սերժ եւ Տիգրան Սարգսյանները կարողանան պաշտպանվել իրենց հասցեագրված մեղադրանքից: Հո չե՞ն ասելու՝ չէ, չենք խաբել, այս ենք արել, այն ենք արել, այն մյուսն ենք արել: Այդպես հակադարձելու համար պետք է ապացույցներ ունենան, որոնք չկան, գոյություն չունեն:

Միակ ապացույցն այսօրվա մեր իրականությունն է, ինչը հենց իրե՛նց դեմ է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը