Մեկնաբանություն

07.02.2014 00:50


Ինչու՞ սուտ ասելու համար հրաժարական չկա

Ինչու՞ սուտ ասելու համար հրաժարական չկա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում ապրանքների գնաճը Հայաստանում կկազմի առավելագունը 1,5 տոկոս, որին ի պատասխան լրագրողներից մեկը հարցրել՝ արդյոք նախարարը պատրա՞ստ է հրաժարական ներկայացնել, եթե գնաճի չափը ավելի բարձր լինի: Նախարարը պատասխանել է, որ սխալվելու դեպքում հրաժարական չի ներկայացնի:

Առանց հարցին պատասխանելու էլ բոլորի համար պարզ է, որ ցանկացած սխալի դեպքում որևիցե պաշտոնյա Հայաստանում հրաժարական չի ներկայացնում, որովհետև հանրության առաջ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում: Նախարարը տեղյակ է, որ կարող է ասել ցանկացած բան, և այդ ասածի համար նա պատասխանատվություն չի կրելու, որովհետև նույն ձև են վարվում իրենից ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը 2013 թվականին ասել է. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։ Սակայն Տիգրան Սարգսյանը շարունակում պաշտոնավարել, չնայած այն հանգամանքին, որ այս տարի տնտեսական աճը 7 տոկոսի կեսի չափ է գրանցվել:

Տիգրան Սարգսյանն իր հերթին բազմիցս հայտարարություններ է արել, որոնք ժամանակի ընթացքում պարզվել է, որ կեղծ են, սակայն շարունակում պաշտոնավարել: Օրինակ՝ համաշխարհային ճգնաժամից առաջ նա հավաստիացնում էր, որ ճգնաժամը Հայաստանը շրջանցելու է և ճգնաժամի վտանգ չի սպառնում Հայաստանին: Հետագայում ճգնաժամը հասավ Հայաստան, որի հետևանքները շատ ծանր են եղել՝ 14,4 տոկոս անկում: Բայց այդ ամենը չխանգարեց վարչապետին շարունակել պաշտոնավարումը: Երևի դա է պատճառը, որ նա վստահ է զգացել այդ պաշտոնում և որոշել է ներգրավվել օֆշորային բիզնեսներում:

Հայաստանում որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրում հանրության առաջ իր ասածների ու արածների համար: Եթե պատասխանատվության ինստիտուտը գործեր, ապա շատերը արդեն այլ տեղում պետք է լինեին, չնայած այդ ինստիտուտի գործելու դեպքում էլ շատերը չէին հասնի այն պաշտոնին, որն այժմ զբաղեցնում են: Հենց պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է պատճառը, որ պաշտոնյանները հայտարարություններ են անում, պատասխանատվություն չեն կրում և շարունակում են պաշտոնավարել:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը