Քաղաքական

06.02.2014 16:50


Հովիկ Աբրահամյանը խոստանում է. ԲՀԿ–ն լիահույս չէ

Հովիկ Աբրահամյանը խոստանում է. ԲՀԿ–ն լիահույս չէ

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի նիստի ժամանակ խոստացել է ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների առաջարկած գազի պայմանագրերն ուսումնասիրելու հարցով քննարկում կազմակերպել։

–Ես ձեզ խոստանում եմ, կհավաքվենք, կուսումնասիրենք,–ասել է Հ. Աբրահամյանը։

Այս հայտարարությունը հետաքրքիր է հատկապես երեկվա քվեարկության համատեքստում, որ չնայած ոչիշխանական խմբակցությունների հորդորներին ու նախազգուշացումներին՝ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց այդ հանձնաժողովի ստեղծմանը։

Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին լավատեսություն չի ներշնչում։

–Քննարկումներ կարելի էր անել և այն ժամանակ՝ լսումների կամ այլ ձևաչափի մակարդակով։ Բայց փաստը մնում է փաստ, որ եթե ստեղծվեր ժամանակավոր հանձնաժողով, ապա այն օժտված կլիներ ավելի լայն լիազորություններով, և ինչ–որ գործողություններ կատարելու լիազորություններն ավելի մեծ կլինեին,–«7օր»–ին ասել է Վ. Բաբայանը։

Նա ավելացրել է, որ բոլորն էլ պատրաստ են հարցը քննարկել, բայց դրանով մեծ լավություն չեն անելու իրենց։ Իսկ Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը նա ժողովրդի բողոքի ձայնը հանդարտեցնելու փորձ է համարում։

–Գիտե՞ք, թե փողոցում այս պահին ինչ է կատարվում, և հասարակության ընդվզումն ինչ մակարդակի է բարձրանում։ Եվ ուշ թե շուտ, իշխանությունը պետք է ինչ–որ ռևերանսներ աներ՝ ցույց տալու, թե, իհարկե, ինքը դեմ էր այդ ձևաչափին, բայց իրենք, ընդհանուր առմամբ, դեմ չեն հարցի քննարկմանը,–նշել է Վ. Բաբայանը՝ կարծիք հայտնելով, որ Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը հանդարտեցնող բնույթ է կրում.

–Բայց դրանով կրքերը չեն կարող հանդարտեցնել։ Քննարկում բոլորը կարող են անել, բայց քննարկումը հարց չի լուծում։ Պետք է լիներ հանձնաժողով, որն օրենքի շրջանակներում լիազորություններ կունենար փաստաթղթեր պահանջելու, հարցումներ ուղարկելու, քննելու և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը