Քաղաքական

06.02.2014 15:00


Արամ Մանուկյանը՝ կառավարությունն ու Արմեն Մովսիսյանին վաճառելու մասին (տեսանյութ)

Արամ Մանուկյանը՝ կառավարությունն ու Արմեն Մովսիսյանին վաճառելու մասին (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ–ում հայտարարել է, որ մեկ թղթապանակ էլ պատրաստում է ջրի վերաբերյալ, որին կհաջորդեն պետականությունը ոտնահարող այլ երևույթները բացահայտող թղթապանակներ ևս։

Ա. Մանուկյանը նաև հավելել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում արձանագրված ցցուն գործընթացներից ամեն հաջորդը ստվերել է նախորդին:

–Օրինակ՝ հիմա իմ աչքին գազի խնդիրն ավելի քիչ է երևում, քան «Որոտան» կասկադի վաճառքը,–ասել է Ա. Մանուկյանը՝ ընդգծելով, որ պաշտոնյաների խոսքը մեկը մյուսի հետ չի բռնում.

–Երեկ արդարադատության նախարարն ասաց, որ կառավարությունը ոչինչ չի վաճառել, վաճառել է «Որոտան» ՓԲԸ-ն։ Եվ այդ նույն օրն Արմեն Մովսիսյանն այստեղ նշեց, որ 40 տարին սահմանային տարիք է, և դրա համար էլ կառավարությունը վաճառել է այն: Գոնե իրար հետ պայմանավորվեք, որ մեկ բան ասեք։ Եվ հետո, ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ բաժնետոմս՝ առանց գույքի։

Ա. Մանուկյանը նաև անհիմն է համարում 40 տարվա հնություն ունենալու կառավարության պատճառաբանությունը, մանավանդ որ, այդ տրամաբանությամբ, Հայաստանում, «Որոտան»-ից բացի, շատ ավելի հին ձեռնարկություններ էլ կան:

–Կառավարության միջի եղածը կարո՞ղ ենք վաճառել. էժան տաք, գնող կլինի: Արմեն Մովսիսյանն ամենահին նախարարն է...հնությունն արգումենտ չեն բերում,–հայտարարել է Ա. Մանուկյանը։

Նրա համար անընդունելի է ԱԺ-ում արդարադատության և էներգետիկայի նախարարների պահվածքը. «Ո՞նց էին իրենց պահում, ո՞նց էր Հրայրի պահվածքը, շատ վատ: Դա դուք եք թույլ տվել, որովհետև գիտեն, որ իրենց քթին տվող չի լինի»։

Վերջում Ա. Մանուկյանը նշել է, որ մանր պաշտոնյաներից պատասխաններ ակնկալել չի կարելի, քանի որ երկրի կառույցները ոչինչ չեն կարող անել վերևից եկող հրամանների դեմ.

–Ամեն ինչ ղեկավարվում է մեկ տեղից: Մեքենան է փչացած՝ իր վարորդով։ Էդ վարորդն էլ խելոք նստած է. ինձ համար ըսկի Կորեայից էլ չի եկել։

Արամ Մանուկյանի ելույթի մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը