Մեկնաբանություն

06.02.2014 00:45


Տիգրան Սարգսյանի կադրերը

Տիգրան Սարգսյանի կադրերը

2010-ի հունվարից Մշակույթի նախարարի տեղակալներից մեկի պաշտոնը թափուր էր մնացել: Փոխնախարար Դավիթ Մուրադյանի հրաժարականից հետո արդեն չորս տարի վարչապետն այս պաշտոնի համար հարմար թեկնածու չէր գտնում:

Այսօր վերջապես այդ թեկնածուն գտնվեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Մշակույթի նախարարի տեղակալ է նշանակվել Ներսես Տեր-Վարդանյանը: Նա նախարարի խորհրդականն էր, իսկ հիմա, վարչապետի ձեռամբ, պաշտոնի առաջխաղացում ունեցավ:

Ներսես Տեր-Վարդանյանն անցած տարիներին առավելապես հայտնի դարձավ մի քրեական գործով, որով անցնում էր նաեւ ինքը:

Հավանաբար շատերն են հիշում այդ պատմությունը, երբ այս նախարարությունում առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակման հետ կապված դեպք բացահայտվեց:

2010-ի փետրվարի 5-ին գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդականի եւ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու կասկածանքով:

Ըստ դատախազության՝ «Ինօրիենթ» ընկերության վերաբերյալ Հայաստանի վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել էր, որ նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետ Ա. Հայրապետյանը կազմակերպել է նախարարության եւ «Ինօրիենթ» ընկերության միջեւ իրավական ակտերի մշակման ծառայությունների գնման պայմանագրի կնքումը։

Դատախազության պնդմամբ՝ Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի լիազորություններով, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները։ Այս գործողությունների հետեւանքով Ա. Հայրապետյանը հնարավորություն է ստացել եւ հափշտակել է 19 միլիոն դրամ գումար` պետությանը պատճառելով էական նյութական վնաս։

Ինչևէ, դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Սակայն հետագայում դատ ու դատաստանից պրծացրին խորհրդական Ներսես Տեր- Վարդանյանին, եւ ազատազրկման դատապարտվեց միայն Ա. Հայրապետյանը:

Ճակատագրի հեգնանքով՝ չորս տարի անց նույն օրը՝ փետրվարի 5-ին, վարչապետը նախարարի տեղակալ է նշանակում պաշտոնեական դիրքը չարաշահողին, ով 19 միլիոնի հափշտակման գործում կարեւոր դերակատարություն է ունեցել:

Դե, Տիգրան Սարգսյանը սիրում է, էլի, «ատկատչիկներին», հո զոռո՞վ չի:

Մարդը չորս տարի գցել-բռնել, այլ թեկնածու չի գտել ու որոշել է փոխնախարարի պաշտոնում նշանակել Տեր-Վարդանյանին, ով, ի դեպ, համակարգելու է կինոարվեստի, թատերարվեստի, երաժշտարվեստի, գրականության բնագավառները: Այսինքն, պետպատվերներին ուղղված՝ հսկայական գումարների է տիրապետելու: Մի խոսքով, պետբյուջեին չես նախանձի, երբ վարչապետի նշանակած այս կադրն է նշված բնագավառները «կուրացիա» անելու:

Իսկ մշակույթի մյուս փոխնախարարն էլ, գիտեք, որ եղել էր վարչապետի տան «ռեմոնտչիկը», ինչից հետո Տիգրան Սարգսյանը Արև Սամուելյանին պաշտոն նվիրեց, ու վերջինս շարունակում է համակարգել պատմամշակութային հուշարձանների ոլորտը: Էլի ահագին ծախսատար ոլորտ, եւ էլի պետբյուջեին չես նախանձի:

Ահա այսպիսի կադրերի է գնահատում Տիգրան Սարգսյանը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը