Քաղաքական

05.02.2014 22:13


«Եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք». Տիգրան Սարգսյանը՝ ցուցարարներին

«Եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք». Տիգրան Սարգսյանը՝ ցուցարարներին

Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ մինչ Սերժ Սարգսյանը կժամաներ, կուսակցության կենտրոնական գրասենյակ հերթով ժամանեցին ՀՀԿ անդամները, առանձին- առանձին եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ ՀՀԿ նիստն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Մայրաքաղաքի Բուզանդ թաղամասի բնակիչները, հավաքվելով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց, պահանջում էին հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Բնակիչներն ապա հավաքվեցին կառավարության շենքի հետնամասում՝ այնտեղ սպասելով Տիգրան Սարգսյանին: Շուտով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ Տ. Սարգսյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները, մոտենալով նրան, խնդրեցին լսել եւ ընթացք տալ իրենց խնդրին: Ի պատասխան՝ Տ. Սարգսյանը նշեց. «Առավոտյան զանգեք Գաբրիելյանին»:

Բնակիչները նշեցին, որ ցանկանում են անձամբ խոսել իր հետ եւ միջնորդների կարիք չունեն: «Վաղը առավոտյան կառավարության…»,- ասաց Տիգրան Սարգսյանը: «Մենակ չխաբեք»,- ի պատասխան վարչապետի՝ նշեցին բնակիչները: Տիգրան Սարգսյանը կարծես թե զարմացավ ու նշեց. «Եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք…»:

Բնակիչները մեկ անգամ եւս հայտնեցին, որ ուզում են խոսել իր հետ: «Հասկացանք…»,- արդեն անկհայտ զայրացած նշեց վարչապետը՝ մեկ անգամ եւս հորդորելով բնակիչներին զանգահարել Գաբրիելյանին (ի նկատի ունի կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանին):

Բողոքի ակցիայի մասնակիցներին Տիգրան Սարգսյանը այլեւս չցանկացավ լսել՝ հայտարարելով, թե ուշ է: Բնակիչները առաջարկեցին սպասել եւ նիստից հետո խոսել իրենց հետ: Ի պատասխան՝ Տ. Սարգսյանը մեկ անգամ եւս նշեց, որ ուշ է, եւ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք գործեց ՀՀԿ գրասենյակ:

Իսկ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը բողոքի ակցիայի մասնակիցների կողքով սլացավ արագորեն:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը