Քաղաքական

05.02.2014 17:03


Արմեն Մովսիսյանը գույք պարտքի դիմաց գործարքն այլևս չի քննադատում

Արմեն Մովսիսյանը գույք պարտքի դիմաց գործարքն այլևս չի քննադատում

ԱԺ–կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հիշեցրել է վերջերս հնչեցրած նրա քննադատությունը։

–Քննադատել էիք գույք պարտքի դիմաց գործարքը, ինչի հետ ես համաձայն եմ, բայց այն ժամանակ չեղան մարդիկ, ովքեր կքննադատեին։ Հիմա դուք հետին թվով քննադատում եք։ Եթե այն ժամանակ բացահայտ չէիք էլ քննադատում, գոնե կառավարությունում չպիտի մնայիք։ Եվ որտե՞ղ է երաշխիքը, որ գազի պայմանագիրն էլ հետին թվով չեք քննադատի,–Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է Ռ. Հակոբյանը։

–Ես ոչ թե ասել եմ, որ գույք պարտքի դիմաց գործարքը վատ է եղել, կամ չպետք է լիներ, այլ ընդամենը զուգահեռներ եմ քաշել այդ երկու գործարքների միջև։ Բնականաբար, լինում են այնպիսի ժամանակներ, երբ ցանկացած կառավարություն ստիպված է լինում ընտրություն կատարել վատի, առավել վատի կամ դժվարի ու առավել դժվարի միջև։ Այդ գործարքը պայմանավորված էր այդ թվերի, այդ ժամանակների դժվարություններով։ Պետք էր ինչ–որ լուծում տալ, լուծում չտալու տարբերակ չկար, այլապես այլ խնդիրներ կառաջանային։ Այն, ինչ ես ասել եմ, վերաբերում էր նրան, թե ինչքանով է այսօրվա գործարքը նախկին գործարքից տարբերվում, ինչքանով է շահեկան,–պատասխանել է նախարարը։

Նա ավելացրել է, որ եթե հետագայում էլ ավելի լավ գործարք լինի, որը շահեկանորեն տարբերվի գազի պայմանագրից, ապա ինքը միանշանակ կընդունի դա։

–Ինչքան կյանքը կգնա, այնքան և՛ գործարքները, և՛ մնացած ամեն ինչը պետք է ավելի լավանան, ոչ թե վատանան,–եզրափակել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը