Կարծիք

04.02.2014 12:46


Ռուբեն Հակոբյան.

Ռուբեն Հակոբյան.

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անհասկանալի է համարում, թե որտեղից է ձևավորվել գազի համար 300 մլն դոլարի պարտքը։

ԱԺ այսօրվա նիստում, որտեղ շարունակում է քննարկվել գազի գնի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկը, Ռ. Հակոբյանը նշել է.

–Խախտվել է ԱԺ-ում պետական բյուջեի հաստատման մասին օրենքը։ Չի՛ կարելի ունենալ 300 մլն դոլար պարտք, և դա ոչ մի կերպ չարտացոլվի պետբյուջեում: Դուք խախտել եք նաև Պետական պարտքի մասին օրենքը։

Նա քաղաքական մեծամասնությանը հորդորել է դեմ չքվեարկել այս հանձնաժողովի ստեղծմանը՝ նախազգուշացնելով, որ հակառակ պարագայում նրանք անուղղակիորեն կապացուցեն, որ թաքցնում են այս մութ գործարքը:

–Ընտրություններից առաջ իշխանությունները չէին ուզում թանկացման մասին խոսել: Գազի գնի թանկացման որոշումը թաքցնելու նպատակը իշխանությունը պահպանելն էր։ Իշխանությունները պետք է ընդունեն, որ ծանրագույն վիճակում են գտնվում, և այս վիճակից դուրս գալու ելքը միասնական արմատական որոշումներ կայացնելն է։ Իշխանությունները պետք է ոչիշխանական ուժերի հետ ելքեր փնտրեն, հակառակ դեպքում պատասխանատվությունը կվերցնեն ոչիշխանական 4 ուժերը,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով,– Մեր միակ ճշգրիտ ճանապարհը ոչիշխանական ուժերի համագործակցությունն է, որը պետք է ավելի ընդլայնել, և վստահ եմ, որ նրանց կմիանան նաև արտախորհրդարանական ուժերը։ Պետք է ոչիշխանական ուժերը ամեն ինչ անեն քաղաքական լայն օրակարգ ձևավորելու համար, որպեսզի լուծեն երկրի զարգացման խնդիրը։ Օր առաջ պետք է ամբողջական իշխանափոխություն կատարել Հայաստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը