Մեկնաբանություն

02.02.2014 15:05


Ոչինչ ոչնչության մասին

Ոչինչ ոչնչության մասին

Երբ երկրում պոռնոգրաֆիան ու Ավետարանը կողք-կողքի են վաճառվում եւ, ընդհանրապես՝ վաճառաշահությունը դառնում է գերխնդիր բոլոր ոլորտներում՝ մասմեդիան էլ, մասնավորապես՝ հեռուսատեսությունը ընկղմվում է վաճառաշահության ճահճուտի մեջ: Բայց կարծում է, թե ինքն հայտնվել է մի պարտեզում, որտեղ աճում են բոլոր ծաղկատեսակները:

Ծաղիկներ չկա՛ն, միայն մոլախոտեր են, թեմաներն էլ նույնպիսին՝ անօգտակար, վնասակար, անպետք, անիմաստ ու տաղտկալի:

Այնքան տձեւ ու ապաշնորհ են արվում այդ հաղորդումները, որ սրտխառնոց է առաջանում: Ինչպես՝ պլագիատից:

Մենք այլ բան ենք ուզում տեսնել ու լսել: Մի՞թե գուշակների, սեքսշոփի, արտամուսնական կապերի կամ միասեռականների, եւ կամ անիզախարյանների թեմաներն են մեզ հետաքրքրում: Իհարկե, ո՛չ:

Դա՛ են , սակայն, համառորեն մեզ «դեմ տալիս»:

Լավ, ինչքա՞ն: Այս երկրում ուրիշ լուրջ հարց չկա՞: Թե՞ նման «սուտի» թեմաներով կարող եք «բավարարել» հեռուստադիտողի պահանջմունքները: Հեռուստադիտողի ընդհանրական կերպարը դեբիլի կերպարը չէ, ինչը «հիմք» եք դարձրել ու շարունակում եք զբաղվել վաճառաշահությամբ:

Մի պահ մտածում ես՝ լավ, եթե անիզախարյանները կամ սեքսշոփի նորահռչակ խանութը չբացվեր՝ սրանք ի՞նչի մասին էին հաղորդում անելու:

Նողկալի է, պարոնա՛յք: Ուղղակի, նողկալի է, երբ, մանավանդ, անիզախարյաններով ու խաչիկստամբոլցյաններով ծիծաղելիորեն փորձում են մեզ ցույց տալ, թե անդրադառնում են նաեւ քաղաքական խնդիրներին, քաղաքական համակարգում տեղ գտած կուսակցությունների «գաղափարախոսություններին»:

Ու սեռը չպարզված հաղորդավարը որպես «բոց» հարց հնչեցնում է սա՝ «Այդ ժամանակ ձեր կուսակցության կուսությունը արդեն վերցվա՞ծ էր»: Տաղաղավար մի կերպ մի 20 հանդիսատեսի բերման ենթարկածներին ստիպելով, որ ծափահարեն իր «բոց» հարցին: Ողորմելի եք դուք, որ իբրեւ ծրագրի հեղինակ եւ վարող, բոլորդ նույն կերպ եք «անոնսվում» իբր մեծ «խելքի պուտուկ»՝ ակնոցը ձեւականորեն քթին դրած, ձիգ ցցվում ու թեւերը խաչում եք:

Էս գավառական մոդեռնիզմին ե՞րբ է վերջ տրվելու: Արեւմուտքն ու Ռուսաստանը վաղուց եթերային այդ «տրյուկը» թաղել են, իսկ դու դեռ մնացել եք Ծմակուտում:

Հեռուստատաղավարում կանգնած կամ ավելի ճիշտ՝ չգիտես որտեղից պեղած ու տաղավար հրավիրած մարդկանց ես տեսնում, ովքեր անսահմանության աստիճանի տխմարություններ են դուրս տալիս. տգետ, անտեղյակ, թերուս, նորաթուխ իշխանական կարիերիստ, ովքեր թաղի «բեսեդկայում» նարդու խաղը կիսատ են թողել ու վազել են նկարահանման:

Եվ այս ամենը ավելի քան 45 րոպե:

Մեկ ակադեմիական ժամ սպանում են ոչնչի վրա: Ինչպես Հեմինգուեյը կասեր՝ «Ոչինչ ոչնչության մեջ»:

Հեռուստատեսային քաղաքականություն, որ թելադրվում է վերից՝ ԱՄԵՆԱՅՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆԻՑ:

Մինչեւ ե՞րբ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը