Մեկնաբանություն

01.02.2014 00:30


«Խելքից պատուհասների» ակումբ

«Խելքից պատուհասների» ակումբ

Անկեղծ ասած, չեմ կարծում, թե Հայաստանում կա «էլիտար» գործիչների մի խումբ, որն այնքան հեղինակություն ունի, որ կարող է խոսել ողջ ժողովրդի անունից եւ այն էլ հայտարարել, թե՝ մենք ենք ասում ճշմարտությունը:

Բայց պարզվում է 30-40 հոգանոց մի խումբ իրեն այդպիսին է հռչակել, ու զարմանալի է, որ մինչեւ հիմա թաքուն էր պահում այդ փաստը:

Ընդհանրապես, Մաքսային միությանը միանալու հետ կապված ի սկզբանե ամեն ինչ է թաքուն պահվել, եվ պետք չէ զարմանալ, որ հիմա էլ թաքուն է պահվում հայ եւ ռուս «էլիտա»-ների շփումը, ինչի մասին իմացանք միայն վերջերս:

Գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը վերջին անգամ Հայաստանում եղել է 1827 թվականին՝ իր «Խելքից պատուհաս» կատակերգության բեմադրությունը դիտելու համար, որը տեղի է ունեցել Երեւանի Սարդարի պալատում (ներկայիս Երեւանի գինու եւ կոնյակի գործարանի տարածքում):

Ինչ իմանար Գրիբոյեդովը, որ 2013-ին Երեւանում իր անունով ակումբ կստեղծվի, որտեղ կհավաքվեն երկու ժողովուրդների «էլիտա»-ները եւ կքննարկեն ինչ-որ հարցեր: Ասում են, հայ եւ ռուս ժողովուրդների «երկխոսություն»:

Որ ժամանակին «Մշակութային երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հանդիպումներ էին կազմակերպվում հայ եւ թուրք ժողովուրդների ներկայացուցիչների հետ՝ դա հասկանալի է. փող էր բաց թողնվել այդ գործին և պետք էր այն ծախսել: Բայց հայ եւ ռուս ժողովուրդների երկխոսությունը ո՞րն է, երբ պատմականորեն առնվազն 300 տարվա համագործակցությունը և սերտ շփումն անխափան շարունակվել է:

Արդեն հայտնի են «Գրիբոյեդով» ակումբի անդամներից մի քանիսի անունները: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանց, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյան (ով ասում են, այդ 4-5 ժամ տեւողությամբ հավաքների ժամանակ երգում է), «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյան, ակումբի անդամ է եղել նաեւ Արմեն Մազմանյանը: Բայց իհարկե ակումբայինների թիվը շատ է, ինչպես կայքերից մեկին տված հարցազրուցում նշում է «Ռադի Վան»-ի տնօրենը՝ «30-40 առողջ մտածողություն ունեցող մարդիկ կան»: Ռուսական կողմից էլ ներկա են լինում Դմիտրի Կիսիլյովը, Կարեն Շահնազարովը, Անդրանիկ Միհրանյանը եւ այլք:

Ըստ Շուշանիկ Արեւշատյանի՝ ակումբային հավաքները չեն ձայնագրվում, չեն տեսանկարահանվում, այսինքն՝ անցնում են գերգաղտնի պայմաններում: Նշված հարցազրույցում զարմանալի մտքեր է հայտնում Արեւշատյանը: Ասում է, թե հայկական կողմից ակումբում հավաքվում են մարդիկ, ովքեր ներկայացնում են այս քաղաքի ինտելիգենցիան, մարդիկ, ովքեր ունեն իրենց սեփական կարծիքը և գնված չեն:

Գնված կամ չգնված լինելու մասին ոչինչ ասել չենք կարող, բայց իրողություն այն է, որ այդ անձանց «սեփական կարծիքը» Սերժ Սագսյանի և մյուս «արևմտամետների» կարծիքն է:

Պարզվում է, որ հայկական կողմը՝ «քաղաքի ինտելիգենցիան» և հասարակական գործիչները, բացառապես ներկայացնում են ժողովրդի կարծիքը. «Մենք հայտարարում ենք մեր ժողովրդի կողմից ստույգ հաստատված կարծիք: Եթե մենք ասում ենք, որ հանրությունը տրամադրված չէ անցնել Մաքսային միություն, տրամադրված չէ, որ ՌԴ օրենքներն այստեղ կիրառվեն, այն մտավախությամբ, որ Ռուսաստանը չի կարողանում ինքն իրեն տնօրինել, ուր մնաց թե Մաքսային միություն և այլն, ապա իրենք, համենայնդեպս, պետք է դա մեզանից լսեն: Ոչ թե Կառավարությունից, «շոպլիկ», այլ մարդկանցից, որոնք հեղինակություն ունեն այս երկրում: Եվ ճշմարտությունը սկսվում է մեզնից»:

Այ, քեզ բա՜ն. «ճշմարտությունը սկսվում է մեզնից»:

Սեպտեմբերի 3-ից մինչ օրս տեսնում ենք հանրության տրամադրվածությունը: Այսինքն՝ ոչ մի բան էլ չենք տեսնում, քանի որ ՄՄ մտնլու որոշման դեմ հայ հանրությունը չի ընդվզել (մեկ-երկու խմբի ակցիաները հաշիվ չեն), ինչը, ըստ ամենայնի, խոսում է այն մասին, որ մարդիկ ոչ թե խանդավառված են ՄՄ–ով կամ ուրիշ նախագծերով, այլ անտարբեր են իշխանությունների բոլոր «նախաձեռնությունների» նկատմամբ։

Ինչ վերաբերվում է հայ «մտավորականությանը», ապա հայտնի է, որ նրա գերակշիռ մասը ռուսամետից էլ ռուսամետ է: Զորիբալայանների պակաս չունենք։

Ինչեւէ, ծանոթանում ենք Շ. Արեւշատյանի հարցազրույցին, եւ թվում է թե գործ ունենք Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության հերոսների հետ:

Հիշեցնենք. այդ պիեսում հիմնական բախումը պահպանողական ազնվականության և առաջադեմ մտավորականության միջև է։ Ընդհարվում են մտածող մարդը և սահմանափակ մտածելակերպով շրջապատը, ու թեև պարտվում է բարձր բարոյականությամբ մտավորականը, սակայն հանդիսատեսը հավատում է գլխավոր հերոսի` Չացկու հաղթանակին:

Ամենայն հավանականությամբ, հայ ակումբայինները որոշել են ներկայանալ «առաջադեմ մտավորականության» դիրքերից՝ հանդես գալով ընդհանրական Չացկու դերում :

Չէ, երեւում է, շտապ կարգով պետք է նորից «Խելքից պատուհասը» բեմադրել:

Փող էլ կա. կառավարությունն օրերս 10 միլիոն հատկացրեց հայ-ռուսական ձեւաչափով միջոցառումներ կազմակերպելու համար:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը