Մեկնաբանություն

30.01.2014 11:45


«Որոտան» ՀԷԿ–ը տարան. Սարգսյանների հերթական «ատկատը»

«Որոտան» ՀԷԿ–ը տարան. Սարգսյանների հերթական «ատկատը»

Մինչ մեր հասարակությունը քննարկում էր այն հարցը, թե արդյոք ՀՀ կառավարությունը կվաճառի՞, թե՞ ոչ գանձարանում առկա թանկարժեք մետաղները, արանքից տարան «Միլիոնը»։

Սերժ և Տիգրան Սարգսյանների քավորությամբ, Էներգետիկայի նախարարի ստորագրությամբ, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի լոբբինգով՝ «Որոտանի» ՀԷԿ–ը վաճառվեց ամերիկյան ընկերությանը։

Սա այն նույն կազմն է, որը Հայաստանի կողմից «Գույք պարտքի դիմաց» ծրագրի տակ էր դրել իր ստորագրությունը։ Իսկ դա նշանակում է, որ հեռու չէ այն օրը, երբ «շարիկ» գլորելու մեծն վարպետ Արմեն Մովսիսյանը կսկսի «քլնգել» «Որոտանի» վաճառքի գործարքը և կհարձակվի Սերժ Սարգսյանի վրա, կամ նրա անունից դա կանեն ուրիշները։

Սա գործարքի «բարոյական» կողմի մասին։

Ինչ վերաբերում է տնտեսականին, ապա գործարքն այս հսկայական կոռուպցիոն ռիսկ է պարունակում։ Ըստ փորձագետների՝ միլիարդանոց եկամուտ բերելու պոտենցիալ ունեցող ՀԷԿ–ը վաճառվել է 180 միլիոն դոլարով։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանով զբաղվել է Տիգրան Սարգսյանը, կարող եք համոզված լինել, որ գործարքն առանց «ատկատի» չի արվել։

Թե ում էր ձեռնտու գերշահույթներ ապահովող այդ ՀԷԿ–ը վաճառելը, միայն, ինչպես ասում են, հերձումը ցույց կտա։

ՀԷԿ–ի վաճառքի հետ կապված ևս մեկ ուշագրավ հանգամանք՝ «Որոտանը» վաճառվել է ամերիկյան կազմակերպությանը։ Թերևս դա է պատճառը, որ հայաստանյան «արևմտամետների» ծլվլոցը չի լսվում, չեն լսվում «քաղաքացիականների» «հուժկու» ձայները, չեն գրվում բոցաշունչ ստատուսները, և չկա պայքար մեր գույքն օտարին հանձնելու թեմայով։

Ուրիշ բան, եթե որևէ ռուսական կազմակերպություն գնած լիներ «Որոտանը»։ ՀՀ ինքնիշխանության մոլի ջատագովներ ներկայացողները «Ֆեյսբուքում» բարիկադներ կսարքեին ու իրենց հոգնատանջ մարմինը կնետեին այդ բարիկադների վրա, խիզախ պայքար կմղեին «ռուսական իմպերիալիզմի» դեմ և գործարքի համար կմեղադրեին ... ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին։ Բնականաբար, կհայտարարեին, որ Սերժ և Տիգրան Սարգսյաններին ճնշել է չար Պուտինը, որպեսզի նրանք տան «Որոտանը», իսկ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը ոչ մի կերպ չեն օգնել ՀՀ սաստիկ արևմտամետ իշխանություններին, և ահա այդ չարաբաստիկ գործարքը կայացել է՝ Հայաստանին դարձնելով Կրեմլի վասալ։ Սա, կրկնեմ, «Որոտանի» վաճառքի ռուսական տարբերակի դեպքում կլիներ։

Իսկ այսպես, ամեն ինչ կարգին է։ Բոլորը գոհ են. Սերժն ու Տիգրանը փող աշխատեցին, Էներգետիկայի նախարարն իր «ֆունտությունն» արեց, ԱՄՆ դեսպանի աջակցությամբ՝ ամերիկյան ընկերությունը յուղոտ պատառ ձեռք գցեց, իսկ «արևմտամետները» շարունակում են ստանալ իրենց «կոռմն» ու պայքարել Ռուսաստանի, Յանուկովիչի, «Բերկուտի», Լֆիկ Սամոյի ու մյուսների դեմ, բայց ոչ երբեք Հայաստանը Կրեմլի «չուլանում» գցած Սերժ և Տիգրան Սարգսյանների դեմ։ Արդյունքում՝ շահում են մի քանի հոգի, իսկ տուժում է Հայաստանը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը