Մեկնաբանություն

30.01.2014 00:30


Ինչո՞ւ հայաստանյան «արևմտամետները» չեն սիրում Ռուսաստանին

Ինչո՞ւ հայաստանյան «արևմտամետները» չեն սիրում Ռուսաստանին

Վերնագրի հարցադրման պատասխանը շատ պարզ է՝ չեն սիրում, քանի որ հաճախորդական սիրով կապված են Սերժ և Տիգրան Սարգսյաններին։

Առաջին հայացքից կարող է պարադոքսալ թվալ այդ պատասխանը։ Չէ՞ որ Սերժ և Տիգրան Սարգսյանները հիմա մրցավազքի մեջ են մտել, և մեկը մյուսից առաջ է ուզում ընկնել Կրեմլին հաճոյանալու և Պուտինին քծնելու համար։ Այո՛, դա այդպես է, բայց Մաքսային միություն մտնելու Սարգսյանների որոշումից հետո «արևմտամետները», ինչպես նաև նրանց տերերը բավական ծանր դրության մեջ են ընկել։

Եթե նախկինում «արևմտամետները» Սերժ և Տիգրան Սարգսյաններին ծառայում էին «Նրանք մեզ ասոցացնում են ԵՄ–ի հետ» ծրագրի շրջանակներում, ապա նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո այդ «ատմազկան» այլևս չի անցնում։

Ի՞նչ պետք է անեին հայաստանյան «արևմտամետները» Սերժ Սարգսյանի՝ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ տալուց և Տիգրան Սարգսյանի՝ «Մաքսային միություն» բառակապակցությունը պարբերաբար օգտագործելուց հետո։ Նրանք կա՛մ պետք է ուկրաինական ընդդիմության պես Եվրամայդան սարքեին Ազատության հրապարակում և պահանջեին Սարգսյանների հրաժարականը, կա՛մ շարունակեին ծառայել Բաղրամյան 26–ին ու կառավարությանը։

Կար նաև երրորդ՝ տուն գնալու և ծպտուն չհանելու տարբերակը, սակայն «արևմտամետներն» ընտրեցին Սերժ և Տիգրան Սարգսյաններին ծառայելու ճանապարհը, քանզի ՄՄ–ում էլ նրանց վատ չեն կերակրում։ Ու որպեսզի այդ ամենին տրվի «գաղափարական» տեսք, հերթական փուչիկ կոդն են մոգոնել, թե, իբր, պետք է կռիվ տալ ՌԴ–ի դեմ, քանզի հայաստանյան իշխանությունն ու ընդդիմությունը Կրեմլի տակ են, և իմաստ չունի ներսում պայքարել։

Ռուսաստանի դեմ կռիվ տալը, ուկրաինական ընդդիմությանը համակարգչի առաջ նստած «բալետ» անելն ու սոցիալական ցանցերում «հեղափոխական» կոչեր հնչեցնելն, ըստ այդմ, «արևմտամետների» նոր «ատմազկան» է, որի միջոցով նրանք փորձ են անում հա՛մ սեփական դեմքը փրկել, հա՛մ իշխանությանը ծառայել։ Այդպես նաև ապահով է. հայհոյում ես Պուտինին, «հայրենասիրություն» ես խաղում և փոթորիկ բարձրացնում մեկ բաժակ ջրում։

Թե քանի ոչխարի կկարողանան նրանք համոզել, թե, իբր, դավանում են արևմտյան (համամարդկային) արժեքներ և պայքարում ՀՀ ինքնիշխանության համար, արդեն վիճակագրական նշանակություն ունի։ Կարևորն այն է, որ մարդիկ արձանագրեն համասերժական արժեքներով ապրողներին ու տարբերեն թացը չորից։ Մարդիկ ու ոչխարները հենց դրանով են տարբերվում, որ կարողանում են ուղեղն աշխատեցնել։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի ոչխարներն ուտեն մարդկանց։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը