Մեկնաբանություն

29.01.2014 12:25


Ռիսկ կանի՞ Ադրբեջանը պատերազմ սկսել Սոչիի օլիմպիադայի ժամանակ

Ռիսկ կանի՞ Ադրբեջանը պատերազմ սկսել Սոչիի օլիմպիադայի ժամանակ

Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացներից առաջ ադրբեջանցիները միշտ սադրանքներով էին հանդես գալիս շփման գծում: Ադրբեջանական այս գործելաոճը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Բաքուն ուզում էր ցույց տալ միջնորդներին, որ նյարդայնացած է ստատուս-քվոյի պահպանմամբ և երկար չի կարող հանդուրժել այս իրավիճակը: Իր սադրանքներով Բաքուն միշտ նպատակ էր հետապնդում ճնշել միջնորդներին, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին ճնշում գործադրեին Երևանի վրա:

Ասել, որ ադրբեջանական այդ քայլերը որևէ արդյունքի չեն հասել, ճիշտ չի լինի: Վկան այն զգալի փոփոխությունն է, որը կատարվել է Մադրիդյան սկզբունքների 2007թ.-ի տարբերակում, և որը, ըստ էության, կարող էր ընդունվել 2011թ.-ի Կազանում, եթե ադրբեջանական կողմը էլ ավելի մեծ զիջումներ չպահանջեր Երևանից:
Սակայն ադրբեջանցիների վերջին քայլերը զգալիորեն տարբերվում էին հասարակ դիվերսիայից: Ռուսական ռազմատեխնիկայի վերջին քանակը ստանալուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը շփման գծի ողջ երկայնքով մեկ ակտիվություն է ցուցաբերում: Ոչ պակաս ակտիվություն է ցուցաբերում նաև հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Սա արդեն նպատակ ունի հոգեբանական ազդեցություն թողնել Հայաստանի վրա, վախի մթնոլորտ սերմանել հայ հասարակության մեջ:

Ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանն աննախադեպ թուլացել է նաև սոցիալ-տնտեսական բնագավառում՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած քաղաքականության արդյունքում:

Ի՞նչ կարող է նշանակել այս վերջին ակտիվությունը հենց Սոչիի օլիմպիադայից առաջ: Ամենայն հավանականությամբ ադրբեջանցիների մոտ ավելի շատ աշխատում է իմիտացիոն էլեմենտը, քան իրական ռազմական գործողություններ վերսկսելու նպատակը: Այս քայլով նրանք փորձում են ստուգել միջազգային հանրության արձագանքը` ամերիկացիների, եվրոպացիների և ռուսների վերաբերմունքն այս ամենին:

Հիշենք, որ 5 տարի առաջ` 2008թ. Պեկինի օլիմպիադայի ժամանակ էր, որ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա և խայտառակ պարտություն կրեց: Բնականաբար, ադրբեջանցիները շատ լավ գիտակցում են, որ ռազմական գործողությունների արդյունքում կարող են և պարտության մատնվել, նույնիսկ եթե Հայաստանը աջակցություն չստանա Ռուսաստանից, քանի որ բլից-կրիգի հավանականություն գրեթե չկա, իսկ ռազմական գործողությունների երկարացման դեպքում միջազգային հանրության ազդեցությունը միանշանակ շահեկան չի լինի Բաքվի համար:

Փաստացի, ադրբեջանցիների միակ առավելությունը պետք է լինի այն, որ հենց Սոչիի օլիմպիադայի գործոնը զսպող դեր կատարի Ռուսաստանի համար` ակտիվորեն միջամտելու կոնֆլիկտին: Սակայն պատերազմի հաջողության համար սույն գործոնը, մեղմ ասած, բավարար չէ: Օրինակ՝ նմանատիպ պատերազմական գործողության հաջողությունը մեծ կլիներ, եթե Հայաստանն ակտիվորեն ներգրավված լիներ Եվրաասոցիացիայի գործընթացում: Սա շատ լավ հասկանում են նաև Բաքվում: Եվ ադրբեջանցի հայտնի քաղաքագետները չեն էլ թաքցնում, որ մեծ հույսով էին սպասում, որ Հայաստանը գնար հենց այդ ճանապարհով:

Ամփոփելով կարող ենք հետևյալ եզրահանգման գալ. այնուամենայնիվ, Սոչիի օլիմպիադայի ժամանակաշրջանում պատերազմի վերսկսման հավանականություն կա, սակայն այն շատ փոքր է: Իսկ պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման պարագայում Ադրբեջանի հաջողության հասնելու շանսը կարելի է գնահատել մինիմալ:

Բայց սա չի նշանակում, որ այս իրավիճակը կարող է տևել անվերջ, քանզի պատերազմը սովորաբար վերսկսվում է այն դեպքում, երբ երկու կողմերի ուժային հավասարակշռությունն էապես փոխվում է: Տվյալ պարագայում Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած տխրահռչակ ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում հայ-ադրբեջանական ուժային բալանսն իսկապես փոխվել է ի վնաս Հայաստանի, սակայն այսօր դա դեռ բավական չէ, որպեսզի պատերազմական գործողությունները վերսկսվեն: Բայց եթե այս զույգի վարած քաղաքականությունը շարունակվի ևս 2 տարի, ապա չի բացառվում, որ հայ-ադրբեջանական ուժերի դիսբալանսն այնքան մեծանա, որ պատերազմը դառնա անխուսափելի: Եվ այդ իմաստով հայ հասարակության և հայ ժողովրդի համար Հայաստանում արմատական և ամբողջական իշխանափոխության խնդիրը դառնում է կյանքի ու մահվան հարց, քանզի որևէ այլընտրանք մեզ համար այլևս չի մնացել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/20961.html

Այս խորագրի վերջին նյութերը