Մեկնաբանություն

27.01.2014 12:55


Սպասում եմ 200 մլն դոլարի հրապարակավ ոչնչացմանը

Սպասում եմ 200 մլն դոլարի հրապարակավ ոչնչացմանը

Օրերս Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերված ու առգրավված շուրջ 1 տոննա հերոինի վերաբերյալ գրազ եմ եկել ծանոթիս հետ։

Փաստ է, որ թմրանյութի նման խմբաքանակը բավականին լուրջ թիվ է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար՝ շուրջ 200 մլն դոլար։

Փաստ է նաև, որ նման խմբաքանակով առգրավված թմրանյութը, որպես կանոն, հրապարակավ ոչնչացվում է։ Համենայնդեպս, աշխարհում ընդունված պրակտիկա է։

Հիմա 200 մլն դոլարը հայտնվել է Հայաստանի իշխանությունների ձեռքում։ Իշխանություն, որը փողի լուրջ խնդիր ունի. արտաքին ֆինանսավորումը նվազում է, պետական պարտքը շարունակում է աճել և այլն։

Եվ այսպես, 200 մլն դոլար, ճիշտ է՝ հերոինի տեսքով։ Հիմա ի՞նչ է անելու այդ 1 տոննայի հետ փողի խնդիր ունեցող Հայաստանի իշխանությունը։ Ես պնդում եմ, որ հրապարակավ ոչնչացնելու է։ Ծանոթս հրհռաց վրաս. «Հո հարի՞ֆ չես»։ Հարիֆը՝ հարիֆ չեմ, բայց դե...

Հասկացանք, որ գործող իշխանությունը բոլոր առումներով ձախողված է, հասկացանք, որ մի այլ ձևով չենք սիրում, բայց «բառիկությո՞ւն»։ Չեմ հավատում՝ տենց ո՞նց կլինի...

Այնպես որ, գրազ եմ եկել ու սպասում եմ 200 մլն դոլարի հրապարակավ ոչնչացմանը։ Ամոթով չթողնե՛ք...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը