Լրահոս

06.08.2009 14:00


Ն. Փաշինյանի փաստաբանն առաջադրված մեղադրանքներն անվանել է ապօրինի, խայտառակ և անհիմն

Ն. Փաշինյանի փաստաբանն առաջադրված մեղադրանքներն անվանել է ապօրինի, խայտառակ և անհիմն

-Դրանք ապօրինի, անհիմն, խայտառակ մեղադրանքներ են, որոնք չունեն հիմք, և այն գործողությունները, որոնք մեղսագրվում են, տեղի չեն ունեցել,- «7օր»-ին ասել է Նիկոլ Փաշինյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասով քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտվելու փաստին։

ՀՀ դատախազության  մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նախաքննության արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ  հոդվածի 1-ին  մասերով իշխանության ներկայացուցիչ համարվող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ. հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ. մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Քրեական գործի ողջ նյութին ծանոթանալու համար փաստաբանը որոշ ժամանակ է խնդրել, սակայն այդ հարցում քննչական մարմնի հետ դեռ համաձայնության չեն եկել։

Տ. Աթանեսյանը նաև նշել է, որ պատրաստվում են դատավարության ընթացքում օրենքով սահմանված և թույլատրված բոլոր միջոցներով հայտնել իրենց դիրքորոշումը և բազմաթիվ միջնորդություներ, փաստաթղթեր ներկայացնել, որոնք կապացուցեն, որ առաջադրված մեղադրանքում  նշված արարքները տեղի չեն ունեցել։ Թեև Տ. Աթանեսյանը չի սպասում, որ դատարանն արդար վճիռ կկայացնի։ Այս պահին չեն պատրաստվում դիմել նաև Եվրոպական դատարան.

-Տեսնենք, թե ինչպես իրադարձությունները կզարգանան։ Եթե կարիք  լինի, կդիմենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը