Մեկնաբանություն

26.01.2014 15:50


Կաշչեյ Բեսմերտնին և կախարդական ձուն

Կաշչեյ Բեսմերտնին և կախարդական ձուն

Լինում է չի լինում մի Գեղի կլուբ է լինում։ Այդ Գեղի կլուբում մարդիկ հավաքվում են, գյալաջի են անում, երբեմն ղումար խաղում և ամբողջ օրն անցկացնում այդտեղ։

Գեղի կլուբը մի պահակ ուներ։ Այդ պահակը հավատարիմ շան նման ծառայում էր Գեղի կլուբի բոլոր վարիչներին և զուգահեռաբար մատերիալ հավաքում բոլոր այցելուների վրա։

Պահակն այնքան երկար էր աշխատում Գեղի կլուբում, որ արդեն մամռակալել ու ինտեգրվել էր պատերի հետ։

Պահակն այդ մեծ ականջներ, դուրս ընկած աչքեր, ճաղատ գլուխ, երկար քիթ, ցածր հասակ, ծռված բերան, կնճռոտված ճակատ ու միջին հաստության ակնոցներ ուներ։ Ճիշտ է, նա ակնոցներ չէր կրում, բայց մոտն էր պահոմ։ Պահակը չափից դուրս տգեղ էր և չափից շատ չխոսկան։ Այդ չխոսկանությունը շատերը շփոթում էին խելացիության հետ, բայց ժամանակի հետ հասկացան, որ չարաչար սխալվել են։

Մի օր Գեղի կլուբում վարիչ աշխատողը որոշեց «Ջոկեր» խաղալ ու որպես կոն դրեց պահակին։ Պահակն այդ պահին խաղաթղթերը շպրտեց ներքև և սեղանի վրա կանգնած ինքն իրեն հռչակեց Գեղի կլուբի նոր վարիչ։

Սկզբում բոլոր խաղամոլներն ուրախ էին, որ կլուբի պահակը դարձել է վարիչ, քանզի մտածում էին, որ նրա հետ հեշտությամբ լեզու կգտնեն, եղած չեղածն արդեն վարիչ դարձած պահակի հետ կթալանեն և իրենց ձեռքից այլևս բռնող չի լինի։ Բայց պարզվեց, որ պահակն ինքն է ուզում թալանել, այն էլ՝ միայնակ։ Իսկ Գեղի կլուբի անդամներին էլ ստիպում է իր հետ «Ջոկեր» խաղալ ու գիտակցաբար պարտվել, որպեսզի ինքը կարողանա այդ փողերով պարտադիր կուտակային պատվաստումներ ստանալ և բոյովանալ։

Ի դեպ, Գեղի կլուբի վարիչ դարձած պահակը մի քեռի ուներ և մի զարմիկ։ Քեռին քյարթուավարի մտնում էր բոլոր այցելուների գրպանն ու փող թռցնում այդտեղից։

Զարմիկն ավելի «պռադվինուտի» էր։ Նա գյուղացիական հասարակությանը քսի էր տալիս կլուբի ղումարբազների վրա, իսկ հետո նույն այդ ղումարբազների հետ պայմանավորվում էր կոնից իր փայը վերցնելու և գյուղացիական հասարակության բերանը փակելու շուրջ։

«Բոյովն» ամեն օր ղումար էր խաղում և ստիպում էր խաղընկերներին ավելացնել կոնի չափն ու շարունակել միտումնավոր պարտվել։ Դա էր պատճառը, որ Գեղի կլուբ այցելողների քանակը սկսեց պակասել։ Ու ինչքան քչանում էին Գեղի կլուբի այցելուները, բոյովացած վարիչն այնքան ավելացնում էր կոնի չափը։

Սկսվեց լուռ դժգոհություն։ Այդ դժգոհության դեմն առնելու համար վարիչը սկսեց պատի թերթեր տպել ու դրանց քսի տալ ղումարակից ընկերների վրա։

«Կեցցե՛ գյուղացիական հասարակությունը, կորչե՛ն ղումարբազները»,– գրված էր գեղի կլուբի թիվ մեկ և միակ ղումարբազին սպասարկող պատի թերթերի ճակատին։

Մի օր ղումարբազը որոշեց բոյովանալուն զուգահեռ նաև ջահելանալ և դառնալ Կաշչեյ Բեսմերտնին։ Այդ նպատակով նա մեկնեց Սիկտիվկար, ուր կային բուսական ծագման միկրոբներ և վիրուսներ։

«Հավատանք, որ ջահելանանք»,– հայտարարեց գեղի կլուբի վարիչն ու ոտքերը տնկեց առաջ։

Սիկտիվկարում գեղի կլուբի վարիչից ահագին փող վերցրեցին այդ միկրոբները և վիրուսները նրա ականջների մեջ պատվաստելու համար, բայց կլուբի վարիչի հեչ պետքը չէր, քանզի ինքը երիտասարդ տարիներին ահագին կուտակել էր և բացի այդ՝ հազար ու մի գեղցի կային, ովքեր պատրաստ էին նրա ջահելանալու համար մուծվել։

Գեղի կլուբի ամենաախմախ ղումարբազներից մեկը մուծվեց վարիչի բեսսմերտնիացման համար ու նրանք Սիկտիվկարից վերադարձան տուն։

Այդ ընթացքում վարիչի մոտ Բաբա Յագա աշխատողը հասցրել էր լեզվակռվի մեջ մտնել Գեղի կլուբի նախկին վարիչներից մեկի հետ։ Կաշչեյ Բեսմերտինին չմտավ բազառների մեջ ու թռնողական պահեց իրեն, բայց միևնույն ժամանակ աշխատանքից ազատեց Բաբայի քրոջը՝ Սիկտիվկարում ղումար խաղալու ժամանակ անհրաժեշտ չափով չտարվելու համար։

Բաբա Յագան, սակայն, դժգոհ չէր, քանզի մինչև ականջները թաղված էր Վորկուտայից բերված չաշխատող վիրուսազուգարանների մեջ և ուրախ էր, որ մնում է Յագայի դերում։

Գյուղացիական հասարակությունը կամաց–կամաց հասկանում էր, որ Կաշչեյ Բեսմերտնին խաբում է իրենց, որ Հոնդուրասի փոխարեն իրենց ասոցացնում է Սիկտիվկարի հետ, որ Գեղի կլուբի թիվ մեկ ղումարբազը հենց Կաշչեյն է, որ իրենց հաշվին Կաշչեյը բոյովանում է, և որ այսպես շարունակվելու դեպքում սուլթանստանը կհարձակվի ու պատերազմում կհաղթի իրենց։

Գյուղացիական հասարակությունը նաև հասկանում էր, որ Կաշչեյ Բեսմերտնիի ու Բաբա Յագայի՝ ղումարային ու նախանձա–ձեռառնողական քաղաքականությունն է պատճառը, որ Գեղի կլուբում համարյա մարդ չի մնացել, իսկ իրենք աթարի համար ավելի թանկ են վճարում, քան աշխարհի ծայրում բնակվող չուկչաները։

Հասկանում էին, բայց չէին ուզում հարցը քաղաքականացնել։ Ուզում էին մաքուր գյուղացիական պայքար մղել ու հորիզոնական հարաբերություններ հաստատել, բայց ամեն անգամ հայտնվում էին հորիզոնական, կամ որ ավելի նվաստացուցիչ էր՝ չորեքթաթ դիրքում։

Գեղի կլուբի վարիչն իր Բաբայի հետ միասին տարբեր հարկատեսակներ էին սահմանել ոչ միայն կլուբի անդամների ու այցելուների, այլև յան տված ապրող գյուղացիների համար։

Այսպես, եթե գյուղացին 5 րոպեից ավել կանգնում էր երկու ոտքի վրա, ապա պարտավոր էր մեյլ ուղարկել կլուբ և հետագայում մուծվել վարիչի քեռուն ու զարմիկին։ Վարիչն այնքան բարի էր, որ մեկ ոտքի վրա կանգնելն անվճար էր սարքել։

Բացի այդ՝ էշով տեղափոխվելիս պետք էր տալ կրկնակի ավել, քան նախկին վարիչների ժամանակ։

Այսպես հարստահարվում էր գյուղացիական հասարակությունը, երբ մի խումբ մարդիկ Գեղի կլուբի ներսից ու դրսից հավաքվեցին ու որոշեցին ջարդել Կաշչեյ Բեսմերտնիի պահապան ձուն։

Կախարդական ձուն ջարդելուց հետո «Կողմ եմ» շարժման անդամների հետ միասին Գեղի կլուբի քաշվածները Բաբա Յագային քշեցին կլուբից, իսկ Կաշչեին էլ ուղարկեցին Սիկտիվկար։

Դրանից հետո քեֆ–ուրախություն սկսվեց Գեղի կլուբում, իսկ գյուղացիական հասարակությունը հասկացավ, որ միայն ձու ջարդելով կա գյուղին փրկություն։

«7 օրի» հեքիաթների բաժին

Այս խորագրի վերջին նյութերը