Լրահոս

06.08.2009 13:47


«Ռադիո Հայ» լրատվական գործակալության բաց նամակը «Ժառանգություն» խմբակցությանը

Հարգելի պատգամավորներ,

Սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերից հեռարձակված «Հայկական անդրադարձ» ծրագրում հրապարակվել են Րաֆֆի Հովհաննիսյանի' որպես արտգործնախարարի պաշտոնավարման ժամանակ ՀՀ կողմից միջազգային հարաբերությունների ոլորտում իրականացված քայլերին վերաբերվող հետևյալ փաստերը:

  1. 1991 թ. դեկտեմբերի 10-ին նախկին Խորհրդային Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի տարածքներում իրականացվեց հանրաքվե, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականացրեց իր ինքնորոշման իրավունքը և հիմնադրեց ԼՂՀ-ն: ՀՀ-ն չճանաչեց ԼՂ հանրապետությունը' դրանով ոտնահարելով ԽՍՀՄ սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով պաշտպանված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դրանով ՀՀ նախագահը խախտեց նաև ՀՀ նախագահի մասին' այդ պահին գործող օրենքի 8-րդ հոդվածի 14-րդ կետը, որտեղ ասվում էր. « (ՀՀ Նախագահը) Միջազգային իրավական նորմերին համապատասխան իրականացնում է հայերի շահերի պաշտպանությունը' հանրապետության տարածքից դուրս»:
  2. 1991 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ-ն Ադրբեջանի հետ միաժամանակ միացավ ԱՊՀ ստեղծման համաձայնագրին, որի 5-րդ հոդվածի համաձայն. «Բարձրագույն Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործկացության (ծ.-ԱՊՀ ) շրջանակում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը» (Ոչ պաշտոնական թարգմանություն):
  3. 1992 թ. հունվարին, ՀՀ անունից, ՀՀ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ ուղղեց ԵԱՀԿ/ԵԱՀԽ նախարարների խորհրդին, որտեղ մասնավորապես ասվում էր. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջ ծավալով  իր վրա է վերցնում բոլոր պարտավորությունները և պատասխանատվությունը, որոնք պայմանավորված են այս (ծ. - Հելսինկյան Ավարտական Ակտ, նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիա և Խորհրդի' Եվրոպայի անվտանգության և համագործակցության մնացած այլ) փաստաթղթերում, և հայտարարում է իր մտադրության մասին' գործել դրանցում ներառված դրույթներին համապատասխան: (...) ՀՀ կառավարությունը համաձայն է, որպեսզի նախկին Խորհրդային Միության տարածքում ձևավորված բոլոր մնացած պետությունները ընդունվեն ԵԱՀԽ լիարժեք անդամի կարգավիճակով» (Ոչ պաշտոնական թարգմանություն):
  4. 1992 թ. հուլիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԵԱՀԽ/ԵԱՀԿ Հելսինկյան Ավարտական Ակտը, որի « a) Սկզբունքների հայտարարագիր, որոնցով մասնակից պետությունները ղեկավարվելու են փոխադարձ հարաբերություններում» բաժնի 3-րդ կետի համաձայն «Մասնակից պետությունները դիտարկում են որպես անքակտելի ինչպես մեկը մյուսի, այնպես էլ Եվրոպայում բոլոր պետությունների սահմանները, ուստի նրանք ինչպես հիմա, այնպես էլ ապագայում ձեռնպահ են մնում այդ սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունից», իսկ 4-րդ կետի համաձայն «Մասնակից պետությունները հարգելու են մասնակից պետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը» (Ոչ պաշտոնական թարգմանություն):

 

Վերը նշված փաստերից ելնելով, ինչպես նաև լսելով տարբեր կողմերի կարծիքները, «Հայկական անդրադարձ» հաղորդման խմբագրակազմը եզրակացության է հանգել, որ այս գործողությունները հիմք են հանդիսացել ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որպես հիմնարար սկզբունք դիտարկելու համար: Դրանից էլ արվել է տրամաբանական եզրահանգում, որ ՀՀ պաշտոնյաների վերոշարադրյալ գործողությունները ոտնահարել են հայ ժողովրդի ազգային շահերը:

 

Դուք ձեր' օգոստոսի 4-ին հրապարակած բաց նամակում հույս էիք հայտնել, որ «Հայկական անդրադարձ» հաղորդման խմբագրակազմը կընթերցի նույն նամակում ներառված փաստերը' իբրև ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնավարման շրջանի վերաբերյալ հնչած, ձեր կարծիքով' ստահոդ հայտարարությունների անհերքելի հակափաստարկ: Մենք պատրաստ ենք հրապարակել ձեր կողմից բերված փաստերը, պայմանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կվավերացնի այն տեսակետը, որ ինքը, ի պաշտոնե մասնակցելով վերոհիշյալ գործողություններին, լիովին չի գիտակցել այդ գործողություններից բխող իրավական հետևանքները ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ համար: Քանի որ, ըստ ձեր խմբակցության կարծիքի, «ԵԱՀԿ/ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 սկզբունքների' իբրեւ միջազգային քաղաքականության խաղի համահավասար կանոնների, եւ դրանցից մասնավորապես տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը գոնե Ր.Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում չի նույնացվել կոնկրետ երկրի, առավել եւս' Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ»:

 

Սրա հետ միասին, մենք միանշանակ ընդունում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, իր հրաժարականով, ապացուցեց, որ ըստ էության չէր կիսում այն ժամանակվա արտաքին քաղաքականությունը, չնայած մասնակցել է այդ քաղաքականությունից բխող գործողությունների: Սակայն կարևոր ենք համարում նաև, որ հայ ժողովրդի իրավունքն է պատասխան պահանջել ՀՀ բոլոր այն պաշտոնյաներից, ներառյալ' երկրի նախագահները, որոնք իրենց գործողություններով վնաս են հասցրել հայ ժողովրդի ազգային շահերին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում:

«Ռադիո Հայ» լրատվական գործակալություն

Այս խորագրի վերջին նյութերը