Լրահոս

06.08.2009 13:37


Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱԿ–ը դասեր ունի քաղելու

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱԿ–ը դասեր ունի քաղելու

-1988 թ. կար հզոր շարժում. Հայոց համազգային շարժում էր կոչվում։ Հետագայում այն վերածվեց ՀՀՇ կուսակցության, որպեսզի իրենք դառնան կուսակցական բյուրոկրատներ, որպեսզի կարողանան ուղղորդել և իրենց քաղաքական ամբիցիաներին ծառայեցնել շարժումը։ Եվ ի՞նչ, տեղի ունեցավ մեծ կորուստ։ Եվ չի կարելի ասել, թե շարժման հենքը նույնն էր, ինչ ՀՀՇ կուսակցության,-«Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսում առկա հակասություններին՝ ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։

- Նույնը տեղի է ունենում մեր աչքի առջև. կար համաժողովրդական շարժում, և այդ շարժումը վերածվեց կոնգրեսի, այսինքն՝ կուսակցականացվեց և դրվեց կաղապարի մեջ։ Կորուստն ընտրազանգվածի կրկնակի նվազում եղավ,-ընդգծել է քաղաքագետը, ապա շարունակել.

- Սրանից  նրանք պետք է դասեր քաղեն։ Քաղաքապետարանի ընտրությունները ցույց տվեցին, որ այն զսպաշապիկը, որի մեջ ներառեցին շարժումը, արդյունավետ չէ։ Եթե դրանից դասեր չքաղեն, գործընթացներ կընթանան։ Երբ փորձ է արվում ոչ թե խնդիրներ լուծել, այլ դրանք քողարկել, բնականաբար, այդ խնդիրները երբեմն տարերայնորեն են դրսևորվում։

Ինչ վերաբերում է նրան, թե այդ անհրաժեշտությունը որքանով են գիտակցում կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները, ապա, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, «դա արդեն ցույց կտա աշունը, և պետք չէ դեպքերից առաջ ընկնել»։

-Բայց այն, որ իրավիճակը շատ նման է 1996-ից հետո Վազգեն Մանուկյանի քաղաքական ճակատագրին, դա ակնհայտ է։ Եթե այդ նմանությունը գիտակցելով՝ կոնգրեսի ղեկավարությունը կարողանա անհրաժեշտ հետևություններ անել, այդ դեպքում հնարավոր կլինի կասեցնել էլեկտորալ ակտիվության մարման գործընթացը,-նկատել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը