Մեկնաբանություն

24.01.2014 02:25


Վարկանիշավորումն էլ՝ «տոկոս խփելով»

Վարկանիշավորումն էլ՝ «տոկոս խփելով»

Սոցիալական ցանցերում «պատշաճ ու հավասարակշռված» ստատուսներ գրող Արեմն Աշոտյանը ասուլիս էր հրավիրել ասելու, որ ստեղծել են բուհերի վարկանիշավորման ազգային համակարգ: Այսինքն՝ պետք է որոշեն բուհերի վարկանիշները՝ սահմանված չափանիշներով (կրթության որակ, կրթական գործընթացի կազմակերպում եւ այլն):

Կրթության եւ գիտության նախարարությունն է այդ համակարգի «կնքահայրը» ավելի կոնկերտ նույն ինքը՝ նախարար Աշոտյանը: Թվում է, թե բուհերի վարկանիշավորումը պետք է իրականացնեն անկախ կառույցները, սակայն մեզանում, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ կրթության բնագավառում գործի պատասխանատուներն ու ստուգողներն իրենք են: Նույն մարդիկ թե՛ ղեկավարում են եւ թե՛ ստուգում իրենց վստահված ոլորտը:

Բայց սա դեռ մի կողմ: Աշոտյանը ասուլիսում շտապել է ներկայացնել առաջին վարկանիշավորման փորձնական արդյունքները: Երբ, ինչպես, ինչ մեթոդներով եւ կոնկրետ մասնագետների ինչ խմբի կողմից է իրականացվել այդ «սոցհարցումը»՝ այդ մասին ոչինչ չի նշել: Կարեւորը՝ թարմ-թարմ եւ դեռ ոչ վերջնական արդյունքների հրապարակումն է:

Պարզվում է, բոլոր բուհերին իր վարկանիշով գերազանցել եւ առաջին տեղում է հայտնվել Երեւանի պետական համալսարանը։

Երբ նշվեց ԵՊՀ-ի անունը, հասկանալի դարձավ Աշոտյանի շտապողականությունը՝ օր առաջ փորձնական արդյունքները հրապարակելու առումով: Իր կուսակցական առաջնորդին ժամ առաջ հաճոյանալու համար ժամանակ չպետք է կորցնել:

Ախր, ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Ոնց կարելի է անհապաղ այդ մասին չթմբկահարել:

Բայց զարմանալին այն է, որ ընդամենը երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոսը ողջ տարվա ընթացքում դասերի չի ներկայացել, ավելին՝ դեկտեմբերին էլ քննությանը չի ներկայացել, սակայն ուսանողների գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով։ Եվ անգամ նա 2 միավոր է նշանակել նաև կուրսի ավագին, որը 2013թ. նոյեմբերին հիվանդության պատճառով մահացել է։ Այդ դասախոսը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է:

Հիշո՞ւմ եք, վերջերս էլ այս բուհի մեկ այլ դասախոս, ով ՀՀԿ խորհրդի անդամ է և համատեղությամբ վարչապետի օգնականը, «Ֆեյսբուքում» կատարած գրառումով վիրավորեց գլենդելահայությանը՝ վերջինիս անվանելով «զբրոդ»:

Իսկ ավելի վաղ, երբ ուսանողները ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքի ակցիա էին իրականացնում ԵՊՀ-ի դիմաց, նույն բուհի հաջորդ ՀՀԿ-ական դասախոսը «ախալքալաքցիների զորք» հանեց ուսանողների դեմ:

Խոսք չկա, այս բուհը նման դեմքերով եւ «կրթական բովանդակությամբ», որ չի բարձրացել անգամ ուսման վարձավճարների ավելացումից հետո՝ իր վարկանիշով «առաջին տեղում» է:

Դե, պարզ է, ԵՊՀ խորհրդի նախագահի պատվին էլի «տոկոս են խփել» ու համարել «ամենա-ամենան»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը