Քաղաքական

23.01.2014 11:01


«Լսի՛, դու էդ ի՞նչ տոնով ես խոսում». ԱԺ–ում թեժ էր (տեսանյութ)

«Լսի՛, դու էդ ի՞նչ տոնով ես խոսում». ԱԺ–ում թեժ էր (տեսանյութ)

Երեկ «a1plus.am»–ը տեղեկացրել էր, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումները թեժացան, ու գործը հասավ միմյանց վիրավորելուն:

Քննարկվում էր այն նախագիծը, ըստ որի՝ գլխավոր դատախազը պետք է հաղորդում ներկայացնի ԱԺ-ին, ու արդյունքում ներկայացվի եզրակացություն:

Խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի նյարդերը տեղի տվեցին հնչող գնահատականներից ու կարծիքներից, եւ նա հայտարարեց. «Ես կխնդրեի մի փոքր լուրջ վերաբերվել կառավարության կարծիքին: Ինձ համար անհասկանալի է ձեր ասած զարմանալը, չհասկանալը. ինձ համար դասեր տալու ոճով ինձ սովորեցնելը, մեղմ ասած, ծիծաղելի է, ու այս ոճն ինձ համար ընդունելի չէ»:

Նիստը վարող, հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը միջամտեց նրան` հայտարարելով. «Ի՞նչն է ծիծաղելի, սա լուրջ քննարկում է, հորդորում եմ ձեզ կոռեկտության մեջ մնալ»:

«Պարո՛ն Մարգարյան, ձեր միջամտությունն ակնկալվում էր ավելի վաղ, ու ես պահում եմ կոռեկտությունը, եւ, ի դեպ, ես ինքս կարող եմ այստեղ իրավական ու Սահմանադրության դասեր տալ»:

Այս խոսքերը վիրավորեցին պատգամավորներին. ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանն ու Դավիթ Հարությունյանը բուռն արձագանքեցին. «Դուք հիմա վիրավորում եք բոլորիս, սա ի՞նչ բան է: Ես կոչ եմ անում նիստը վարողին դադարեցնել նիստը, եթե այսպես է շարունակվելու»:

Այնուհետեւ Դավիթ Հարությունյանն իր ելույթում հիշեց մի անեկդոտ, երբ երկու հոգի գնում են փողոցով, ու մեկը մյուսին ասում է` արի ծեծենք դիմացից եկողին, մյուսն էլ, ի պատասխան, ասում է` բա որ նա մեզ ծեծի՞, նա էլ, թե` մեզ ո՞վ կարող է ծեծել. «Կառավարության ներկայացուցչի ոճը վիրավորական էր` ուսուցողական, դա անընդունելի է. կառավարության ղեկավարը պետք է որոշի, թե ում է ուղարկում ԱԺ, որ կարողանա պահի էթիկայի կանոնները»:

Գրիգոր Մուրադյանը ռեպլիկի կարգով ելույթների ավարտին հայտարարեց, թե ԱԺ կառավարության ղեկավարն ում կուղարկի՝ ինքն է որոշում. «Սա էթիկայի խնդիր է, այստեղ սուտ տեղեկատվություն չի տարածվել իմ կողմից, ու ընդհանրապես այստեղ բացահայտ մեղադրանք հնչեցվեց իմ հասցեին»:

Մանրամասները՝ a1plus.am–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը