Կարծիք

21.01.2014 14:26


Ստեփան Դանիելյան. « Սոցիալական պայքարը քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է»

Ստեփան Դանիելյան. « Սոցիալական պայքարը քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է»

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադարձել է «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի դեմ ուղղված պայքարը չքաղաքականեցնելու կոչերին։

«Դա միանշանակ քաղաքական հարց է. քաղաքականությունը հենց նման հարցերից է բաղկացած լինում։ Սոցիալական պայքարը քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է»,–ասել է Դանիելյանը։

Հարցին՝ ինչպես է նա գնահատում իշխանության կողմից ուղղորդվող, մամուլում տեղ գտած միտքը, թե «ոչինչ էլ չի ստացվի», «համախմբում չի լինի», նա պատասխանել է. «Բնականաբար, հոգեբանական ճնշումներ լինելու են՝ մարդկանց ներշնչելով, թե Հայաստանում սոցիալական ապստամբություն հնարավոր չէ, թե Հայաստանի հասարակությունն ունակ չէ միավորվելու ոչիշխանական ուժերի շուրջ։ Բոլորիս հասկանալի է՝ ինչի համար է դա արվում»։

Ստեփան Դանիելյանը կարևոր է համարել ոչ կոալիցիոն 4 ուժերի՝ կլոր սեղանի շուրջ նստելը քաղաքացիական հասարակության հետ մեկ ընդհանուր հայտարարի գալու նպատակով թե՛ ներկա իրավիճակի հետ կապված, թե՛ ապագայում Հայաստանում կատարվելիք փոփոխությունների։

«Միավորումը լինում է կոնկրետ խնդիրների շուրջ։ Բնականաբար, իշխանությունը անհանգստացած է դրանից»,–ընդգծել է Դանիելյանը։

Հարցին՝ կա՞ արդյոք վտանգ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է իշխանության կողմից հոգեբանական ճնշումների ինչ–ինչ ազդեցության տակ ընկնել և հետ քաշվել քաղաքական ուժերի հետ համախմբումից, Դանիելյանը պատասխանել է. «Հակառակը տեղի կունենա։ Իշխանությունը ճնշումներ կարող է իրականացնել գործարարների վրա, քաղաքացիական հասարակության վրա ճնշումներ գործադրելու մեխանիզմ իշխանությունը չունի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը