Քաղաքական

20.01.2014 12:49


Ն. Զոհրաբյան. «Անհրաժեշտ է լայն քաղաքական համախմբում»

Ն. Զոհրաբյան. «Անհրաժեշտ է լայն քաղաքական համախմբում»

«7օր»–ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի դեմ միասնական հանդես եկող 4 ոչիշխանական ուժերի հետագա քայլերը։

-4 քաղաքական ուժեր՝ քաղաքացիական հասարակության հետ միասին, դուրս են եկել ընդդեմ պետական ռեկետի, ընդդեմ պետական գրպանագողության, երբ իշխանությունը բացահայտ կերպով, անտեսելով ՀՀ սահմանադրությունը, մտնում է Հայաստանի քաղաքացու գրպանը։ Մտնում են նրա համար, որ իրենց իշխանական կլանին փող է անհրաժեշտ։ Այլ ձևակերպում Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքին տալ հնարավոր չէ,–ասել է պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանը հավելել է, որ իրեն ուրախացրել է ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության համախմբումը մեկ լրջագույն խնդրի շուրջ։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ԲՀԿ պատգամավորն ասել է. «Մեր՝ 4 քաղաքական ուժերի նախաձեռնությունները լինելու են միասնական ու շարունակական»։

Շատ չբացելով փակագծերը՝ պատգամավորն ասել է, որ 4 խորհրդարանական ուժերը փորձում են ձևավորել մեկ միասնական քաղաքական օրակարգ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները միասնաբար բարձրացնելու և լուծելու համար։ Պարտադիր կուտակայինի դեմ պայքարն այդ քայլերից մեկն էր։ Հաջորդ անդրադարձը լինելու է «գազի վասալային պայմանագիրը». «Մենք անրադառնալու ենք այս կառավարության գործունեությանը, այս կառավարությանն անվստահություն հայտնելու խնդրին»։

Նա նաև հիշեցրել է, որ երկիրը վարչախմբի կողմից հասցված է այնպիսի օրհասական իրավիճակի, որ մեկ քաղաքական ուժ ի վիճակի չի լինի խնդիրները լուծել։ Անհրաժեշտ է լայն քաղաքական համախմբում՝ քաղաքական առողջ ուժերի, քաղաքացիական հասարակության և քաղաքացիական նախաձեռնությունների հետ մեկտեղ։

Նաիրա Զոհրաբյանը կարևորել է հունվարի 18-ին տեղի ունեցած երթ–հանրահավաքը՝ իր համախմբվածությամբ, և շեշտել, որ պայքարը շարունակվելու է թե՛ խորհրդարանում, թե՛ հանրահավաքների միջոցով։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը