Քաղաքական

16.01.2014 13:34


ՀՀ էկոնոմիկայի նախարարը չի համաձայնվել էներգետիկայի նախարարի հետ, համաձայնվել է Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը չի համաձայնվել էներգետիկայի նախարարի հետ, համաձայնվել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Ինչպես հայտնի է, ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հակադարձելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտարարել էր. «Այս գործարքը շահեկանորեն տարբերվում է Ձեր՝ գույք-պարտքի դիմաց գործարքից»։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, սակայն, այդպես չի կարծում։ Կառավարության այսօրվա նիստից հետո նա լրագրողներին ասել է՝ ընդհանրապես հնարավոր չէ պրոֆեսիոնալ մակարդակի վրա գնահատել, թե «Գույք պարտքի դիմաց» և «ՀայՌուսգազարդ»–ի բաժնետոմսերի 20%-ի վաճառքի գործարքներից որն է ավելի լավը։

Նախարարը նաև զարմացել է՝ ի՞նչ է նշանակում ավելի լավ։

–Չեմ կարծում, որ պրոֆեսիոնալ մակարդակի վրա հնարավոր է նման գնահատական տալ. դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են: Եթե տնտեսական տեսանկյունից մոտենանք, ընդհանուր սեփականաշնորհման գործընթացը վերցնենք ու գնահատենք, թե որն է ավելի վատ կամ լավ, շատ քիչ մարդիկ կլինեն, որ կկարողանան նման գնահատական տալ։ Ես չէի կարողանա դա գնահատել,-ասել է Վ. Ավանեսյանը։

Նա նաև նորմալ է գնահատել Ռոբերտ Քոչարյանի քննադատությունները՝ ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ կառավարությանը։

–Շինարարության 25%-ի անկման առումով ամենածանր բանն այն է, որ կիրառվում են բառեր, օրինակ՝ փուչիկ, չգիտեմ՝ էլ ինչ։ Ոնց որ վիրավորանք լինի: Խնդիրը նա չի, որ որևէ մեկը փչել է այն։ Այդ 25% մասնաբաժինը անհնարին էր՝ պահպանվեր: Շինարարությունում պետք է բացասական աճ լիներ՝ անկախ ճգնաժամից,–ասել է նախարարը։

Վահրամ Ավանեսյանը համաձայնել է հիփոթեկային վարկավորման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գնահատականների հետ։

–ՀՀ-ում հիփոթեքային վարկերը դեռևս այն մակարդակի վրա չեն, որ կարողանանք ասել՝ էականորեն ազդում են շինարարության ոլորտի և դրանց ծավալների վրա: Ակնհայտ է, որ տոկոսադրույքները թույլ չեն տալիս՝ ՀՀ-ում հիփոթեկի շուկան զարգանա,-հավելել է Վ. Ավանեսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը