Լրահոս

04.08.2009 18:34


Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց ԻԻՀ արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին

              Ս.թ. օգոստոսի 1-ին Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին:

              Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ժամանակ նախարար Մոթթաքին շնորհավորեց դեսպան Առաքելյանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը, որը Հայաստանի անկախացումից ի վեր անմիջական մասնակցությունն է ունեցել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը,  պաշտոնավարման ընթացքում կկարողանա էլ ավելի նպաստել հարաբերությունների խորացմանը: Նախարար Մոթաքին անդրադարձավ բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունները, կարևորեց երկու հարևան երկրների միջև փոխգործակցության ընդլայնումը:

              Հանդիպմանը  նախարար Մոթթաքին անդրադարձավ նաև հայ-իրանական կապերը կոորդինացնող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին և հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին:

              Դեսպան Առաքելյանը, նախարար Մոթթաքիին փոխանցելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները, շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար և ասաց, որ ջանքեր չի խնայի նախանշված ծրագրերը իրականացնելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը