Կարծիք

13.01.2014 00:15


Փողոցի պայքարը՝ փոփոխությունների երաշխիք

Փողոցի պայքարը՝ փոփոխությունների երաշխիք

Գազի պայմանագրի շուրջ զարգացումներից հետո Հայաստանում նոր ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել: Փաստացի ՀՀԿ-ն միայնակ վավերացրեց Բաղրամյան 26–ից իջեցված Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող պայմանագիրը (կողմ է քվեարկել նաև ՕԵԿ-ը, սակայն այդ կուսակցությունն արդեն ՀՀԿ-ի դուստր կազմակերպությունն է, և առանձին սուբյեկտ չի դիտարկվում):

Ցավալին այն է, որ այս պայմանագիրը վերջինը չէ, որը սահմանափակելու է Հայաստանի ինքնիշխանությունը: Մաքսային Միությանը միանալուց հետո նմանատիպ պայմանագրեր դեռ շատ կհայտնվեն Ազգային Ժողովում։ Այդ պայմանագրերն իրենց բնույթով շատ քիչ են տարբերվելու գազի պայմանագրից, այսինքն՝ սպասվում են Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող նոր փաստաթղթեր, որոնք քայլ առ քայլ տանելու են անկախության ամբողջական կորստին:

Այդ ամենը կանխելու համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Միանշանակ է, որ Հայաստանում փոփոխություններ հնարավոր չէ ակնկալել, եթե իշխանության գլխին Սերժ Սարգսյանն է և երկիրը ղեկավարում է գործիքի վերածված ՀՀԿ-ի օգնությամբ:

Վերջին 6 տարում Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի ղեկավարման արդյունքում տնտեսությունը քայքայվել է, արտագաղթը շարունակում է ահագնանալ ու գրեթե չկա մեկ ոլորտ, որտեղ Հայաստանը առաջընթաց գրանցած լիներ: Այս անկումը շարունակվելու է, քանի դեռ կա միահեծան կառավարում և քաղաքական մենաշնորհ ԱԺ–ում։

Տնտեսական անկման և ռեսուրսների սահմանափակման պայմաններում Սերժ Սարգսյանը չի կարող երկար դիմադրել: Հայաստանը գտնվում է ճգնաժամի իրավիճակում, վերջին տարիների հետընթաց է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում: Զարգացման տեսլականի և դրական փոփոխությունների հույսի բացակայությունը մարդկանց մոտ իշխանափոխության տրամադրությունը ավելի է հստակեցրել, քանի որ այն դարձել է փոփոխության միակ հույսը: Եվ որպեսզի հանրությունը ականատես չլինի մակերեսային և ներիշխանական փոփոխությունների, անհրաժեշտ է ձևավորել փողոցային պայքար, որը կբացառի այսպես կոչված հանրային պահանջի վրա հիմնված ներիշխանական իշխանափոխությանը:

Ի դեպ, հաջողության հասնելու համար նաև անհրաժեշտ կլինի, որ իշխանական թևում ճեղք տեղի ունենա: Հաջողված փողոցային պայքարի դեպքում հնարավոր կլինի խորացնել ներիշխանական ճգնաժամը և իշխող բուրգի քայքայումը։

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ում ևս կան մարդիկ, ովքեր դժգոհ են վարվող քաղաքականությունից։ Անարյուն փոփոխության հասնելու համար նրանց ռեսուրսները ևս կարևոր են։ Ամեն դեպքում՝ գլխավոր խնդիրը փողոցն է։

Որպեսզի կանխվի Հայաստանի հետագա հետընթացը և անկախության վերջնական կորուստը, պետք է ձևավորել փողոցային պայքար, որից ներկայիս իշխանությունը ամենաշատն է վախենում: Փողոցային պայքարը պետք է ձևավորի փոփոխությունների օրակարգը: Առանց այդ պայքարի հնարավոր չի լինի Հայաստանում դրական փոփոխություններ ակնկալել: Փողոցը հենց այն միջավայրն է, որտեղ հնարավոր է ձևավորել հանրային կամքը, և այն պարտադրել իշխանություններին:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը