Մեկնաբանություն

11.01.2014 14:50


Գինեմոլին գինետուն չեն վստահում

Գինեմոլին գինետուն չեն վստահում

Սերժ Սարգսյանին պետք է փող։ Շատ փող։ Անսահմանափակ քանակի փող։ Նա, մեղմ ասած, աղքատ մարդ չէր մինչև նախագահի աթոռին հայտնվելը։ Առավել ևս՝ աղքատ չէ հիմա։ Բայց էլի փողի պակաս է զգում։ Դա արդեն տեսակի խնդիր է։

Վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը եռապատկվել է, ֆիքսված փոխարժեքի շրջանակներում Հայաստանի դոլարային պահուստները (700 միլիոն դոլարի կարգի) փոշիացվել են, բյուջետային «ատկատները» երկնիշ տոկոսներով են չափվում և այլն, և այլն, և այլն։ Սրան զուգահեռ՝ արձանագրվել են տնտեսական անկում, աղքատության աճ, սարսափելի չափերի հասնող արտագաղթ, բիզնես միջավայրի վատացում, ներդրումների կտրուկ անկում, կապիտալի արտահոսք։

Արդեն բոլորն են հասկանում (չհասկացողները կա՛մ անմեղսունակ են, կա՛մ անձնական շահ ունեցող «անհասկացողներ»), որ Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակի պատճառը ոչ թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, ոչ թե, այսպես կոչված, օլիգարխներն են, այլ երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը, իշխանական վերնախավի հիվանդ մտածողությունը և պաթոլոգիկ նյութապաշտությունը։

«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու քաղաքականությունն է հանգեցրել այսօրվա վիճակին։ Արդյունքում՝ փողը երկրում պակասել է՝ պակասեցնելով նաև թալանելու հնարավորությունները։

Փողը պակասել է, բայց չի պակասել իշխանության վերին շերտի ախորժակը։ Դրա համար որոշել են մտնել բոլորի ու յուրաքանչյուրի գրպանը։ Ամեն օր նոր հարկատեսակ ու վճարատեսակ են մոգոնում Բաղրամյան 26–ում։

Բացի ստանդարտ ու «լեվի» հարկատեսակներից՝ կան նաև նորամուծություններ։ Վարորդներից կարմիր կետագծերի միջոցով են լրացուցիչ վճար կորզում։ Աշխատողներից էլ որոշել են պարտադիր կուտակայինով փող փախցնել՝ «տասնամյակներ անց կա՛մ էշը կստակի, կա՛մ էշատերը» թեմայով և «առնեմ–թռնեմ» ծրագրի շրջանակներում։

Սերժ և Տիգրան Սարգսյաններին պետություն ու փող վստահելը, հետևաբար, նույնն է, թե գինետան կառավարումը հանձնես գինեմոլին։ Այնպես որ, կուտակայինի դեմ պայքարողները և հանրության մյուս շերտերը լավ կանեն, որ գլխից բռնեն՝ քաղաքական ուժերի առաջնորդությամբ, բնականաբար։ Փոփոխության հասնելու այլ մոդելներ առաջարկողները կա՛մ դեմագոգներ են, կա՛մ քաղաքականապես տհասներ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը