Մեկնաբանություն

11.01.2014 13:24


Հարձակում «Բաղրամյան 26-ի զբրոդի» վրա

Հարձակում «Բաղրամյան 26-ի զբրոդի» վրա

Սոցիալական ցանցերում երկրից արտագաղթած մեր հայրենակիցների ակտիվությունը, որոնք ամեն օր անխնա քննադատում են Սերժ եւ Տիգրան Սարգսյանների վարած քաղաքականությունը եւ, ընդհանրապես, իրենց մտահոգություններն ու տագնապներն են արտահայտում հայրենիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ակնհայտորեն զայրացնում է իշխող ուժին:

Այսօր երիտհանրապետականներից մեկն անպատկառորեն սաստել է գլենդելահայությանը:

Ահա թե ինչպիսի գրառում է կատարել փքված, կուշտ ու կուռ տեսքով բազեական կարիերիստներից մեկը.

«Անկախ քաղաքական ու գաղափարական նախասիրություններից՝ մի բան պարզ է. Գլենդել ճողոպրած հայերն իրավունք չունեն քթները մտցնել Հայաստանի ներքաղաքական զարգացումներ ու գտնվելով Երևանից հազարավոր կիլոմետր հեռու՝ ասեն, թե ով է ընտրվել Հայաստանի նախագահ... Մնայիք ձեր երկրում, իրավունք ունենայիք խոսել...
Այս ամենը կանցնի, կգնա, բայց Գլենդելի հայկական զբրոդը չի փոխվի...
»:

Իր գրառման տակ էլ հպարտորեն գրել է՝ ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյան:

Բնականաբար, Գլենդելում ապրող եւ ոչ միայն Գլենդելում, այլ նաեւ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ապրող մեր հայրենակիցներն անցել են «հակահարձակման» եւ նշված պոռոտախոսի «պորտը տեղն են դրել»: Այսինքն, ոչ միայն նրա, այլ առավելապես ՀՀԿ առաջնորդի, ընդհանրապես՝ իշխանությունների:

Բառացիորեն գազազած մարդիկ անեծքների, հիշոցների ու դատապետումների սլաքն ուղղել են «Բաղրամյան 26-ի զբրոդի» վրա:

Իսկապես, ապշեցուցիչ է ՀՀԿ բարձրագույն ղեկավար կազմի անդամի ցինիզմը, երբ ակնհայտ է, որ այդ մարդիկ երկրից գլխապատառ փախել են հենց իր կուսակցության եւ իր նախագահի վարած հակամարդկային քաղաքականության հետեւանքով:

Իբր երկիր են պահում, իբր երկրում մնացած մարդկանց զայրույթն ու դժգոհությունը քիչ էր, ահա, սույն աշոտյանակերպ երիտասարդն էլ իր քստմնելի գրառմամբ ասես մատը մտցրեց մեղվի բույնը:

Ի դեպ, արտագաղթած մեր հայրենակիցների ցասումնալից արձագանքները դեռ շարունակվում են:

Պարզապես նողկալի է ՀՀԿ վերնախավի անդամի լկտի ու արհամարհական տոնը:

Կարծես, երկիրը դրախտավայր են սարքել ու հիմա էլ մեղադրում են հայրենիքը լքած մարդկանց: Սա հստակ վերաբերմունք է եւ սրանք նույն «զբրոդն» են համարում այստեղ մնացած մարդկանց: Եթե այդպիսին չհամարեին, ժողովրդին այս օրը չէին գցի:

Եթե Սերժ Սարգսյանը «տոկոս» է խփում ու «վերընտրվում» է, ապա մեր ընտրության իրավունքը նրա համար քանի կոպեկ արժե: Ուրեմն, ինչ տարբերություն մեր եւ գլենդելահայության միջեւ: Մենք ուղղակի ֆիզիկապես ենք այստեղ, իսկ ընդհանարպես նույն կարգավիճակում ենք մեզ զգում, ինչպես արտագաղթածները:

Իրավազուրկ ենք:

Այնպես որ, արդարացի է մարդկանց զայրույթն ու բողոքը «Բաղրամյան 26-ի զբրոդի» դեմ, որոնք ասում են՝ «Ձեր նման տականք իշխանության պատճառով ենք հեռացել, բայց ոչինչ, շուտով դուք կհեռանաք, ու մենք նորից կգանք մեր երկիր»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը