Մեկնաբանություն

10.01.2014 01:00


Ռումբի վրա նստած կիթա՞ռ ես նվագում

Ռումբի վրա նստած կիթա՞ռ ես նվագում

ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը, ով իր գնահատականներում միշտ շատ զուսպ ու զգուշավոր է՝ հայտարարել է, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ:

Ըստ սոցիոլոգի, այդ մասին են վկայում իրենց հետազոտությունները, և եթե իրադրությունը երկրում չփոխվի՝ առաջին հերթին չբարելավվի մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակը, ապա առաջիկայում ականատես կլինենք պայթյունի, այսինքն՝ հանրային ընդվզումների, ըմբոստության:

«Մենք ռումբի վրա ենք նստած, և այդ ռումբը ամեն րոպե կարող է պայթել»,- նշել է Գ. Պողոսյանը:

Դժվար է չհամաձայնել սոցիոլոգի գնահատականների հետ, քանի որ մարդը ճշգրիտ ներկայացրել է մեր իրականությունը:

Բայց քանի որ մեր կառավարությունը իրականության զգացողությունը վաղուց է կորցրել՝ հետտոնական այս օրերին նրանից ինչ-որ արձագանք հնարավոր չէ ակնկալել նշված գնահատականների հետ կապված:

Հակառակը՝ Տիգրան Սարգսյանը ասես կառավարում է որեւէ եվրոպական երկիր, ուր խնդիրներ չկան կամ գրեթե չկան: Ավելին՝ ժողովրդին էլ 11 օր արձակուրդ է տալիս, որ երեւի երկար վայելեն իր եւ Սերժ Սարգսյանի ջանքերով ստեղծված «այսքան ուրախ կյանքը»:

Թվում էր, թե կառավարական մակարդակով կերուխումից հետո վերադառնալով իր կաբինետ Տիգրան Սարգսյանը այսօրվա կառավարության նիստին կներկայանա հզոր գաղափարներով: Այնինչ, նրա նոր տարվա առաջին հանձնարարականը եղել է գովազդային բնույթի:

Վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջիկայում հանրությանը ներկայացնել 2014-ի գերակա խնդիրներն ու գործողությունների ծրագրերը. «Մենք հաստատել ենք 2014 թվականի գերական խնդիրներն ու ուղղությունները, ուստի հանձնարարում եմ բոլորիդ` ԶԼՄ-ներով հանրությանը ներկայացնել բոլոր հարցերը, որպեսզի բոլորն իմանան, թե որոնք են լինելու 2014-ի` կառավարության գործունեության հիմնական խնդիրները, ծրագրերը»:

Շատ հուզիչ էր, հանրությունը նստելու է ու լսելու է նախարարների հեքիաթները, ինչով Տիգրան Սարգսյանը ժողովրդին կերակրում է արդեն 6 տարի, իսկ երկիրը թափով խրվում է ճահճի մեջ:

Երբ ժողովուրդը վաղուց անգործունակ ու անպիտան է ճանաչել Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ ապրում է «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքով՝ նրան պե՞տք Է հերթական միֆերը լսել, որ կոչվում է «կառավարության գործունեության հիմնական խնդիրներ եւ ծրագրեր»: Որոնց ՕԳԳ-ն երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակն է:

Այդ իրավիճակի դեմ աչք փակել ու հայտարարել, թե «մեզ լարված աշխատանք է սպասվում»՝ նման կեցվածք կարող է ընդունել միայն «օֆշորային» ոճի կիթառահարը եւ «հայկական աշխարհի» մեցոսոպրանոն:

Դե, հիմա ոնց չասես՝ վեշերդ հավաքեք ու արագ ցվրվեք, քանի դեռ ձեր տակի ռումբը չի պայթել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը