Մեկնաբանություն

09.01.2014 00:10


Տիգրան Սարգսյանի փուչիկը և «Մուտիտ.am»–ների քամին

Տիգրան Սարգսյանի փուչիկը և «Մուտիտ.am»–ների քամին

Երբ նոր էր վարչապետ նշանակվել Տիգրան Սարգսյանը, նրա կերպարի շուրջ հսկայական փուչիկ փչվեց։

Տասը տարի Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարի տանիքի տակ ծվարած, Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում խորհրդավոր լռություն պահպանած ու տերտերական մորուք պահած Տիգրանը խելացու տպավորություն էր թողնում անտեղյակների ու չկայացած քաղքենիների վրա։ Ու քանի որ տնտեսության մեջ շարժ կար, դրսից ուղարկվող փող կար ու աճ կար, հանրության լայն շրջանակները, ինչպես նաև հիմնական քաղաքական ուժերը ԿԲ նախագահ Տիգրանից հաշիվ չէին պահանջում «ուժեղ» դրամի քաղաքականություն վարելու և մեր տնտեսության տակ ական դնելու համար։

Իշխանության կողմից վերահսկվող լրատվական դաշտի ու վարձկան փորձագետների միջոցով 2008թ. սկսած շրջանառության մեջ դրվեց հետևյալ հեքիաթը. Տիգրան Սարգսյանը խելքի տոպրակ է, ուսյալ–կրթյալ է, աստվածավախ է, բարեպաշտ է, համեստ ապրելակերպի կողմնակից է, հակաօլիգոպոլիկ է, ֆլան է, բեֆան է։ Մի խոսքով, ուզում էին ասել, որ Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, բայց տեսեք, թե ինչ «գյոզալական» վարչապետ է նշանակել և շուտով Հայաստանը վերածվելու է տարատեսակ միջազգային կենտրոնների։

Շատ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի անգամ անմեղսունակները տեսնեն, որ ի դեմս Տիգրան Սարգսյանի գործ ունենք սերիական թալանչու (բյուջետային «ատկատներ», գյուղատնտեսության թեմաներով «ատկատային» ու բազմամիլիոնանոց դասախոսություններ, օֆշորային մեքենայություններ, դրսից բերված միլիարդավոր վարկերի փոշիացում և այլն), օլիգարխիկ «կայֆերով» ապրող պաշտոնյայի, պաթոլոգիկ նյութապաշտի, անսահման փողասերի, փարիսեցու և պրոֆեսիանոլ ցինիկի հետ։

Ադրբեջանի ու Թուրքիայի համար Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության արդյունքները տպավորիչ են։ Հինգ տարվա ընթացքում նրան հաջողվեց մի քանի հարյուր հազար մարդու արտագաղթի պատճառ դառնալ, աղքատության ցուցանիշը կտրուկ բարձրացնել, տնտեսության մեջ ներդրումների ծավալները կտրուկ իջեցնել, գները բարձրացնել, մեր երկիրը հետ շպրտել։

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ձախողվել են ամբողջությամբ։ Չկա մի ոլորտ, որտեղ հետընթաց արձանագրված չլինի։ Ու հիմա այս զույգը փոխարենը պատասխան տա, դիմել է «մուտիտի» օգնությանը։

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո «անկախ» լրատվամիջոցներին հանձնարարված է քամիներ անել՝ «Ինչքան ոխչարի մոլորեցնենք, էլի քյար է» թեմայով։

«Մուտիլովկայի» տարածման և քամի անողների առաջամարտիկների դերում են հայտնվել վարչապետի օֆշորային փաստաբաններ «Lragir.am» և «1in.am» կայքերը։ Առաջինին հանձնարարված է քաղաքականապես անմեղսունակների համար «մելոդրամա» ներկայացնել, ըստ որի՝ «Տիգրան Սարգսյանը վատ կառավարիչ է, բայց նրան ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը փորձում են պաշտոնանկ անել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը գա վարչապետ»։ Այս «մուտիտը» պտտեցնելուց հետո «Lragir.am»–ի վարձկանները աչքով–ունքով հասկացնում են, որ եկեք Տ. Սարգսյանին պահենք, քանզի կգա «բոբո» Քոչարյանը։ Նկատենք, որ սա գեղամյանության պես մի բան է, քանզի «ընդդիմադիր» խոսքի օգնությամբ փորձ է արվում փրկել վարչապետի «օֆշորային» հետույքը՝ տնտեսական դաշտում առկա իրավիճակի հետ կապված կոնկրետ պատասխանատվության հարցը տեղափոխելով «մուտիտի» դաշտ։

Հարց է առաջանում՝ «պռիչո՞մ տուտ» Ռոբերտ Քոչարյան։ Անկախ այն բանից, թե ով ինչ կարծիքի է նրա մասին, դժվար է նրա տված գնահատականների հետ չհամաձայնելը։ Իշխանությունը թող բարի լինի ու առարկայական պատասխան տա Քոչարյանի ու մյուսների տված գնահատականներին։ Թե չէ «Քոչարյանը քննադատում է վարչապետին, որպեսզի նրա աթոռը զբաղեցնի» հեքիաթին քանի՞ ոչխար կա, որ հավատում է և քանիսի՞ն խաբելով է հնարավոր խուսափել կոնկրետ հարցերին պատասխան տալուց։

Ինչ վերաբերում է «1in.am»–ին, ապա դրան հանձանարարված է մոբիլիզացնել քաղաքական, քաղաքացիական ու փորձագիտական կոչված դաշտերում գործող հաստիքային «դհոլներին» ու արտահաստիքային «ազնիվ քյարփինջներին» և խոսեցնել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ փորձելով Տիգրան Սարգսյանի ու նրա շեֆի ձախողումների հարցը լղոզել Բաղրամյան 26–ի սիրելի «մուտիտի» տիրույթում և կեղծ օրակարգ հրամցնել հանրությանը։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «անկախների» ու նրանց տերերի մոտ ստեղծագործական մտքի ու «կրեածիվ» մոտեցումների դեգրադացիա է արձանագրվել։

Եթե 2008–ին հանրության որոշակի շերտի հնարավոր էր համոզել, որ Ռոբերտ Քոչարյանի համեմատ Սերժ Սարգսյանը չարյաց փոքրագույնն է, քանզի վերջինս բարի է, արևմտամետ է, հանդուրժող է ու առաջադեմ, իսկ Տիգրան Սարգսյանն էլ խելքի տոպրակ է ու ասկետ, ապա որոշ ժամանակ անց այդ փուչիկը պայթեց։ Հիմա այդ էժանագին «տրյուկը», շնորհիվ իշխանությունների ապաշնորհության, չի աշխատում։

Այլևս հնամաշ է Քոչարյանի «բոբոյով» հանրությանը վախեցնելու տեխնոլոգիան։ Բաղրամյան 26–ում դա, ակնհայտորեն, չեն ֆիքսել ու շարունակում են հին «նաղլը» չար Քոչարյանի վերադարձի ու բարի Սերժ և Տիգրան Սարգսյաններին նրա ձեռքերից փրկելու մասին։ Նույնիսկ Համբոն ու Գիքորն են հասկացել, որ չարյաց մեծագույնը սիամական երկվորյակների վերածված Տիգրանն ու Սերժն են, ինչի՞ մասին է խոսքը։

Այնպես որ, «հարգելի» կնանի՛ք և պարոնա՛յք, տղե՛րք ու աղջկե՛րք, ձեր փչած փուչիկը վաղո՜ւց պայթել է, իսկ ձեր քամիներից միայն օդն է տատանվում։ Ձեզ ասում ենք արտագաղթ, իսկ դուք ասում եք հարա՜յ, հասե՜ք Քոչարյանը գալիս է։

Ձեզ ասում ենք, աղքատության աճ, իսկ դուք ասում եք հարա՜յ, հասե՜ք Քոչարյանը գալիս է։

Ձեզ ասում ենք Հայաստանը դարձրիք Ռուսաստանի գուբերնիայից էլ ցածր մակարդակի միավոր, իսկ դուք ասում եք հարա՜յ, հասե՜ք Քոչարյանը գալիս է։

Ձեզ ասում ենք Ղարաբաղն ու Հայաստանը աճուրդի եք հանել հանուն ձեր աթոռի, իսկ դուք ասում եք հարա՜յ, հասե՜ք Քոչարյանը գալիս է։

Քանի՞ չորքոտանու կարող եք կերակրել ձեր այդ «քարոզչակտերով»։

Ի դեպ, նման արդյունավետ ու ձրի PR Ռ. Քոչարյանը չէր էլ կարող երազել։ Սերժի ու Տիգրանի գոյությունը պետական կառավարման համակարգում արդեն իսկ դրական PR է Քոչարյանի համար։ Նրանք երկրորդ նախագահի «ժիվոյ» գովազդային գործակալներ են։ Այնպես որ քամի ցանողները շուտով փոթորիկ են հնձելու, քանզի փուչիկն արդեն պայթած է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը