Մեկնաբանություն

08.01.2014 23:00


Լավերը գնում են, վատերը՝ տնքում են ու չեն մեռնում

Լավերը գնում են, վատերը՝ տնքում են ու չեն մեռնում

Մինչ լրատվամիջոցները 2013-ին մեզնից հեռացած մարդկանց ցուցակներն էին հրապարակում, այն հայտնի դեմքերի, ովքեր անցած տարվա ընթացքում ցավալիորեն հրաժեշտ տվեցին երկրային կյանքին՝ 2014-ը դարձյալ սկսվեց մահվան բոթով: Նախ՝ Ջիմ Թորոսյանը, հիմա էլ՝ Լեւոն Խեչոյանն ու Արմեն Մազմանյանը:

Յուրաքանչյուր անհատի կորստի դեպքում հանրային արձագանքը՝ հույզի ուժգնության առումով, անշուշտ, տարբեր է լինում:

Հատկապես վաղաժամ մահը ցնցում է քեզ, միաժամանակ ներքին բողոքի մի ալիք է անցում քո միջով ու հանկարծ «մուխանաթ» միտքը շանթում է ուղեղդ՝ «Էս մեռելոցասեր կառավարությունը ում ֆինանսական օժանդակություն է հատկացնում՝ մեռնում են»:

Իրոք, ահավոր բան է, երբ տարին սկսվում է մահերով:

Այլեւս չկա ազգային ճարտարապետության 50 տարվա դեմքը: Արժեք է հեռացել, եւ ամեն արժեքի կորստով դու հասկանում ես, որ այն ասպարեզում, որտեղ նա ստեղծագործել է՝ արժեքային խաթարման վտանգը մեծանում է:

Գրողի եւ բեմադրիչ-ռեկտորի մահերը եւ սպասելի էին եւ ոչ: Ամեն դեպքում՝ հույսը մեզ չէր լքում, որ կփրկվեն: Ավաղ…

Անկախ նրանից՝ որ դիրքերում էին նրանք եւ ինչ են ստեղծել՝ անտարակույս երկուսն էլ տեսակ էին:

Պակաս սոսկալի չէր հանրային եթերի՝ Լեւոն Խեչոյանի մահվան մասին լուրի մատուցման ձեւը. պարտադիր շեշտեցին, որ կառավարությունը նրա բուժման համար գումար էր հատկացրել: Ի՜նչ ողորմելի կեցվածք:

Իսկ Հրանտ Մաթեւոսյանն ասում էր՝ «Լավերը գնում են, վատերը՝ տնքում են ու չեն մեռնում»: Լավերը…Լեւոնը…

Օրեր առաջ վերընթերցում էի Լեւոն Խեչոյանի «Դատախազի մահը» պատմվածքը եւ նորից սարսռեցի: Դագաղն առած թափորը ժամեր շարունակ շրջում է քաղաքում ու ելք չի գտնում, որ հասնի գերեզմանոց, ոստիկանները հայտարարված պարետային ժամի պատճառով թափորին անընդատ հրահանգում են, որ չի կարելի գնալ Խաղաղության, Բարեկամության, Ազատության փողոցներով: Եվ թափորն ստիպված ուղղությունը փոխում է՝ դագաղը մի ծայրից փոխանցելով մյուսը՝ «Հետինները դառնում են առաջին, առաջինները՝ հետին»:

Փակուղի է, ելք չկա: Ինչպես մեր իրականությունը…

Այսքան ներվ, ջիղ, ապրում՝ խտացված մի քանի էջում…մղձավանջը տեսնելու եւ այն պատկերելու կարողություն որտեղի՞ց: Եվ ինչպես կարող էր ապրել Լեւոնը…

Աստված լուսավորի բոլորի հոգիները…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը