Լրահոս

04.08.2009 15:33


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու 5 կարևոր պատճառները

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի գրասենյակ

 Օգոստոս, 1992թ.

Չորս տարի առաջ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման շարժման մեկնարկից ի վեր, Հայաստանը ցուցաբերել է իր աջակցությունը: Նախկինում Հայաստանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղը, որի հիմնական բնակիչները հայեր էին, Ստալինը հանձնել էր Ադրբեջանին: Տասնամյակներ շարունակվող հալածանքներից և բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ անպատասխան կոչերից հետո երկրամասի բնակչությունը նախորդ տարի անցկացված հանրաքվեի միջոցով գերակշիռ մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին: Սակայն Ադրբեջանը բռնի կերպով հակադարձեց և լայնածավալ պատերազմ սկսեց ԼՂՀ-ի և նրա ժողովրդի դեմ: Միջազգային հանրության կողմից ԼՂ անկախության ճանաչման պահն արդեն հասունացել է: Ճանաչման պատճառները հինգն են:

 

 

Առաջին պատճառ. ԼՂՀ-ն համապատասխանում է Միջազգային օրենքի՝ Պետականության մասին չափանիշներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համապատասխանում է 1933թ. Մոնթեվիդեոյի կոնվենցիայի՝ Պետականության 4 չափանիշներին:

  • Հանրապետությունն ունի սահմանված տարածք: Այն բանից հետո, երբ 1921 թվականին Ստալինը ԼՂ-ն հանձնեց Ադրբեջանին, այն վերածվեց ինքնավար մարզի՝ խորհրդային Ադրբեջանում ունենալով իր սահմանները: ԼՂՀ-ի տարածքը հիմնված է այս սահմաններում և Հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքների վրա:
  • Հանրապետությունն ունի մշտական բնակչություն: Հանրապետության հայ բնակչությունն այնտեղ ապրել է հին ժամանակներից, ինչը հաստատում են պատմագրությունը և Հանրապետությունում առկա հազարավոր հայկական հնադարյան, միջնադարյան և արդի ճարտարապետական կոթողները: Վերջին 70 տարիների ընթացքում մշտական բնակչության ծննդյան և բնակության վայրերն արձանագրվել են Խորհրդային օրենքին համապատասխան, ինչպես նաև տեղական իշխանությունների կողմից՝ ճիշտ այնպես, ինչպես նախկին Խորհրդային միության մյուս տարածքներում:
  • Հանրապետությունն ունի օրինավոր ընտրված կառավարություն: Որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ՝ ԼՂ-ն ուներ իր մարզային կառավարությունը և խորհրդարանը: Անկախության հանրաքվեից հետո՝ 1991թ. դեկտեմբերի 29-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ ժողովուրդը քվեարկեց ԼՂՀ առաջին ազատ ընտրված խորհրդարանի օգտին: Թեպետ ադրբեջանցի փոքրամասնությունը որոշեց չմասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ, խորհրդարանում իրենց հատկացված մանդատները չփոխարինվեցին և պահպանվեցին:
  • Հանրապետությունն ունի այլ երկրների հետ պաշտոնական հարաբերությունների մեջ մտնելու իրավասություն: Այս առումով Հանրապետությունը շատ քիչ է տարբերվում նախկին Խորհրդային միության, Հարավսլավիայի փոքր հանրապետություններից, որոնց անկախությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Թեպետ դիվանագիտությունը նորություն է Հանրապետության համար, նրա ներկայացուցիչներն, այդուհանդերձ, արդեն կապեր են հաստատել օտարերկրյա տարբեր կառավարությունների ներկայացուցիչների հետ: Ավելին՝ Հանրապետությունն իր ներկայացուցիչներին գործուղել է մասնակցելու միջազգային խորհրդաժողովներին և ԵԱՀԽ հովանավորությամբ կազմակերպված ԼՂ-ի վերաբերյալ բանակցություններին:

 

Երկրորդ պատճառ. ԼՂ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրացրել է ինքնորոշման իր իրավունքը: 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, որը համապատասխանում էր Խորհրդային օրենքին և դիտարկվում էր միջազգային դիտորդների կողմից, ընտրողների 91 տոկոսը (չնայած ադրբեջանցի փոքրամասնությունը բոյկոտել էր կազմակերպված հանրաքվեն) քվեարկեց խորհրդային Ադրբեջանից անկախանալու օգտին:

 

Երրորդ պատճառ. այն դե ֆակտո անկախ է: ԼՂՀ-ն դե ‎ֆակտո անկախ պետություն է: Հանրապետությունում չկա Ադրբեջանի պետական իշխանությունների որևէ ներկայացուցիչ: Այն Ադրբեջանի հետ չունի քաղաքական կամ տնտեսական ոչ մի կապ, այդ երկրի կառավարությունից չի ստանում ‎ֆինանսական որևէ աջակցություն, և քաղաքացիները հարկեր չեն վճարում Ադրբեջանին: ԼՂՀ-ն ունի սեփական կառավարությունը, խորհրդարանը, վարչապետը, ոստիկանությունը և պաշտպանական ուժերը:

 

Չորրորդ պատճառ. ադրբեջանական իշխանության ենթակայության տակ եղած ժամանակ ԼՂ ժողովրդի քաղաքացիական, մշակութային և մարդկային այլ իրավունքները քանիցս ոտնահարվել են խորհրդային Ադրբեջանի կողմից: Բռնաճնշումների պատճառով տարիների ընթացքում տասնյակ հազարավոր բնիկ քաղաքացիներ արտագաղթել են, և նրանց փոխարեն այնտեղ ադրբեջանցիներ են տեղափոխվել՝ տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով: Բռնություններին վերջ տալու մասին վերջին տասնամյակներում Խորհրդային կենտրոնական իշխանություններին ուղղված դիմումներն ու հորդորները ոչ մի արդյունք չտվեցին: Առանց անկախության ԼՂ-ին սպառնում է նույն ճակատագիրը, որն ունեցավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Դարասկզբին Նախիջևանում հայերը մեծամասնություն էին կազմում, սակայն ԼՂ-ի պես Նախիջևանն էլ Ստալինի կողմից հանձնվել էր խորհրդային Ադրբեջանին: Ադրբեջանական հալածանքները հայազգի մեծամասնության համար կյանքը դարձրել էին անտանելի, և այսօր ոչ մի հայ չի մնացել Նախիջևանում: Իր փաստագրված կենսագրությամբ Ադրբեջանն ապացուցել է, որ չի կարող երաշխավորել ԼՂ ժողովրդի իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

 

Հինգերորդ պատճառ. առանց ադրբեջանական ագրեսիայի դեմ միջազգային երաշխիքների, որոնք կարող է ապահովել միայն ճանաչումը, Ադրբեջանը կշարունակի հետապնդել խնդրի ռազմական լուծման տարբերակը՝ նպատակ ունենալով ոչնչացնել ԼՂ հայ բնակչությանը: Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանը հատկապես թիրախ է դարձրել ռազմաճակատից հեռու գտնվող քաղաքացիական բնակելի կենտրոնները, ինչպես օրինակ, մայրաքաղաք Ստեփանակերտը: ՙԳՐԱԴ՚ տեսակի հրթիռային հարձակումներն ու ռազմական ինքնաթիռներից օդային ռմբակոծումները կոչված են հնարավորինս շատ քաղաքացիական զոհեր պատճառելու և խաղաղ բնակչությանը ստիպելու փախչել Հանրապետությունից: Առանց ԼՂՀ միջազգային ճանաչման համաշխարհային հանրությունն անկարող է միջամտել արյունահեղության դադարեցմանը, ինչը կարողացավ իրականացնել Բոսնիա-Հերցեգովինայում:  եմ միջազգային երաշխիքների, որոնք կարող է ապահովել միայն ճանաչումը, Ադրբեջանը կշարունակի հետապնդել խնդրի ռազմական լուծման տարբերակը՝ նպատակ ունենալով ոչնչացնել ԼՂ հայ բնակչությանը: Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանը հատկապես թիրախ է դարձրել ռազմաճակատից հեռու գտնվող քաղաքացիական բնակելի կենտրոնները, ինչպես օրինակ, մայրաքաղաք Ստեփանակերտը: «ԳՐԱԴ» տեսակի հրթիռային հարձակումներն ու ռազմական ինքնաթիռներից օդային ռմբակոծումները կոչված են հնարավորինս շատ քաղաքացիական զոհեր պատճառելու և խաղաղ բնակչությանը ստիպելու փախչել Հանրապետությունից: Առանց ԼՂՀ միջազգային ճանաչման համաշխարհային հանրությունն անկարող է միջամտել արյունահեղության դադարեցմանը, ինչը կարողացավ իրականացնել Բոսնիա-Հերցեգովինայում: 

Այս խորագրի վերջին նյութերը