Մեկնաբանություն

04.01.2014 22:25


Ինչ կա և ինչ չկա Հայաստանում

Ինչ կա և ինչ չկա Հայաստանում

Հայաստանում չկա մտավորականություն։ Կան առանձին մտավորականներ և «մտավորականության» գորշ շերտ։

Հայաստանում չկա քաղաքացիական հասարակություն։ Այն չի էլ կարող լինել, քանզի իրական քաղաքացիական հասարակությունը չի կարող առաջնորդվել բոլշևիկյան կոդերով և ֆինանսավորվել ոչ թե բիզնես դաշտից, այլ Բաղրամյան 26–ից ու Հանրապետության հրապարակից։

Մեզ մոտ կան քաղաքացիական արժեքներով առաջնորդվող անհատներ, ովքեր որևէ կապ չունեն «քաղաքացիական ակտիվիստների» հետ (առանձին բացառությունները հաստատում են կանոնը)։

Հայաստանում չկան արևմտամետ քաղաքական ուժեր։ Նրանք, ովքեր իրենց արևմտամետ են հռչակել, ընդամենը իշխանական այս կամ այն թևին կցված գործիքներ են։ Եթե Արամ Զավենի Սարգսյանն ու Դավիթ Շահնազարյանն են արևմտյան արժեքների կրողները, ապա ես տիեզերագնաց եմ։

Սեպտեմբերի 3–ին վերջնականապես ապացուցվեց, որ այսպես կոչված արևմտամետներն իրենց «հոգևոր» առաջնորդներ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, մեծ հաշվով, չեն տարբերվում տխրահռչակ Զորի Գայկովիչից։ Բոլորն էլ գնում են դեպի Գյուլիստան։

Ճղճղան ձայով արևմտյան արժեքներին հավատարմության երդումներ տվողները շարքային դեմագոգներ են ու նեոգեղամյաններ։ Քերի՛ր հայաստանյան «արևմտամետներին» և տակից դուրս կգա մարտնչող նեոբոլշևիկը։

Մենք ունենք արևմտյան (համամարդկային) արժեքներն ընդունող անհատներ ու քաղաքական գործիչներ։

Հայաստանում չկան ռուսամետ ուժեր։ Կրեմլին ու Պուտինին անսահմանորեն քծնելը «մետության» դրսևորում չէ, ուրիշ բան է։ Սերժը, «տիրացուն», գայկովիչները արտաքին կողմնորոշում չունեն, այլ ունեն արտաքին կենտրոններին հաճոյանալու խնդիր։

Մենք ունենք ՌԴ–ի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու կողմնակից ուժեր, որոնց գեբելսյան քարոզչամեքենան սեպտեմբերի 3–ից առաջ ու հետո փորձում էր պիտակավորել որպես ռուսամետ ուժեր ու բացասական երանգ տալ այդ «մետությանը»։ Կյանքը, սակայն, ամեն ինչ իր տեղը դրեց։ Երևաց, թե ովքեր են «արևմտամետները», Կրեմլի վասալները և հավասարակշիռ կեցվածք ունեցողները։

Ի դեպ, հայաստանյան եվրամայդանն այդպես էլ չկայացավ, ու չէր էլ կարող կայանալ։ Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։

Կկայանա, թե ոչ եվրամայդանը մեզ մոտ, երկրորդական հարց է։ Կարևորն այն է, որ Ազատության հրապարակում հավաքվի, այսպես ասած, հայամայդանը։

Կապույտ ձիու տարին արագություններ է պարտադրում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը