Մեկնաբանություն

04.01.2014 19:55


Գորշ, տխուր, անմակարդակ, սնամեջ…

Գորշ, տխուր, անմակարդակ, սնամեջ…

Երբ տարեմուտից րոպեներ առաջ եթերից հնչում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը, եւ դու անհաղորդ այդ խոսքին, խոհանոցում չարազ ես լցնում ամանը՝ հանկարծ ցավալիորեն հասկանում ես, որ ոչ մի խոսք, անգամ՝ հայրապետական հորդորը, քեզ համար գրոշի արժեք չունի:

Այդ հետո, շատ ավելի ուշ՝ հարեւանցիորեն աչքի ես անցկացնում տեքստը ու կարդում. «…սիրելիներ, ինչպես առաքյալը պիտի ասեր` «մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ, մեծապես հպարտ եմ ձեզնով... » (Բ Կորնթ. 7. 4), որովհետեւ հավատավոր մեր ժողովուրդը անվեհեր դիմակայում է դժվարությունների, համբերում նեղությունների մեջ եւ ապրում լուսավոր իր գալիքը կերտելու վճռականությամբ` հաստատուն պահելով վերածնվող, ազատ իր կյանքի վերընթաց ուղին»:

Տեքստին ծանոթանալուց հետո հիմա էլ զղջում ես այն ապրումի համար, որ տարեմուտի գիշերն ունեցել ես, որ իբր գործով ընկած հեռուստացույցի էկրանի առաջ չես լսել Ամենայն Հայոցի խոսքը: Անգամ մեկ վայրկյան զղջալ պետք չէր:

Մեր առջեւ 5-րդ դարի տեքստ է: Բայց ախր հիմա 21-րդ դարն է եւ ինչու պետք է հայ ժողովուրդը շարունակի անվեհեր դիմակայել դժվարությունների, ինչու պետք է համբերի ու շարունակի ապրել նեղությունների մեջ:

Ես ճգնավոր չեմ, ինչպեսև այդպիսին չե՛ն հայոց եկեղեցու այսօրվա սպասավորները, որի հոգեւոր վերնախավը եթե մինչ անկախությունը իրեն պահում էր ցեխավիկի պես, ապա այսօր՝ իշխանական-օլիգոպոլիական «ընտրանու» լիիրավ ներկայացուցիչն է:

Ուրեմն՝ ինչպես հավատալ Հայոց Հայրապետին, առավելեւս՝ հայրապետական հորդորին:

Երբ տարեմուտից րոպեներ առաջ եթերից հնչում է Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը, եւ դու անհաղորդ այդ խոսքին՝ սանհանգույցի հետ կապված շատ կարեւոր-կենսական գործով ես զբաղված (հարեւանիդ ճիչով նորից ես ստուգում հո քո բնակարանից չէ՞, որ ջուրը հոսում է իրենց բնակարան) ՝ հանկարծ ցավալիորեն հասկանում ես, որ դու նախագահ չունես: Եվ եթե չունես, ապա նրա խոսքն ու մաղթանքը քեզ համար գրոշի արժեք չունի:

Չխաբենք մեզ: Չունե՛նք նախագահ: Թող մտավորականության ծախու ներկայացուցիչները, չհայտարարված քծնանքի մրցույթի մնացած հաղթողները (ՀՀԿ-ականներ եւ զանազան տրամաչափի դհոլներ ու պարկապզուկներ) համարեն, որ իրենց նախագահը Սերժ Սարգսյանն է եւ աջ ու ձախ ժողովրդի վրա մուննաթ գալով հայտարարեն. «Ի՞նչ ա, ամեն ինչի մեղավորը Սերժ Սարգսյա՞նն է»:

Մարդիկ, ովքեր կարող են որպես վերին ճշմարտություն ընդունել Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը. «Շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին: Մենք դա կարող ենք եւ անելու ենք միասին: Իսկ նոր տարին մեզ հաղորդելու է նոր լիցքեր եւ կրկնապատկված եռանդ»:

Չգիտես, սա ծա՞ղր է շպրտված ժողովրդի երեսին, թե՞ անկեղծ խոսում:

Մոտ վեց տարի մարդը նստած է գահին եւ նոր միայն պետք է «շենացնի՞»: Այն դեպքում, երբ անցած տարիներին միայն չորացրել ու քանդել է:

Երբ տարեմուտից վայրկյաններ առաջ ավարտվում են գրոշի արժեք չունեցողերի «ուղերձները» եւ ուղիղ կեսգիշերին, իբրեւ նոր տարվա գալստյան տոնական երաժշտություն հնչում է անհայտ ծագման ինչ-որ «զըմփզըմփոց»՝ հասկանում ես, որ այս երկրում ամեն ինչ վերջնականապես գլխիվայր է շուռ եկել:

Ով էր գրել այդ «տոնական պարեղանակը», որ որեւէ առնչություն չունի հայկականի հետ՝ հայտնի չէ: Այնուհետ ավելի բեթար մի բան է սղոցում մեր ականջները. չգիտես ինչ եւ ինչի մասին են «երգում» Հանրայինի աշխատակիցները: Կեղծ, հանգած տոնայնությամբ ինչ-որ «աջաբսանդալ», որը լսող ցանկացած քիչ թե շատ «սլուխ» ունեցող մարդ կարող է ասել՝ ահա մի «երգ», որ չի կարելի գրել ոչ մի դեպքում:

Ամենամազալուն իհարկե Հանրայինի ցուցումն էր Ամանորի տոնական համերգը նկարող օպերատորներին: Բոլոր համարների դեպքում օպերատորական «աչքը ֆիքսված» էր գոտկատեղից ներքեւ. երգչուհիների ոտքեր, հետույք եւ այլն (գոնե տեսարժան լինեին…ավաղ…): Մեկը մյուսից ապաշնորհ երգերի բեմադրություններ, էլ չենք խոսում երգերի մասին՝ բորբոսնած «ջամայկաներից» մինչեւ հարս-սկեսուր տխմար երգեր (բացառությամբ մեկ-երկու կատարումից, մնացածը դիտելն ու լսելը ուղղակի վնասակար էր առողջության համար):

Ինչ ճիշտն է ճիշտը՝ չենք հիշում այսքան ողորմելի պատկեր, անճաշակ հագուստների, սանրվածքի ու «մաքիաժի» այսպիսի «հրավառություն»:

Դե, հաջորդ օրն էլ՝ հունվարի 1-ին հերթական գարշելի սերիալի հերթական մասի պարտադիր ցուցադրություն:

Իրոք, ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ նրա եթերն է՝ գորշ, տխուր, անմակարդակ, սնամեջ…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը