Մեկնաբանություն

02.01.2014 16:55


Սերժ Սարգսյանի հրաժեշտի երեկոն

Սերժ Սարգսյանի հրաժեշտի երեկոն

Սոցիալական ցանցերում շատերն էին առաջարկում բոյկոտել, և Ամանորի գիշերը չդիտել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը։

Ես հասկանում եմ, որ կարող եմ մեղադրվել մազոխիզմի և «դավաճանության» մեջ, բայց պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դիտել եմ Սերժ Սարգսյանի խոսքը։ Ինձ զուտ մասնագիտական առումով էր հետաքրքիր նրա ելույթը։

Շտապեմ կիսվել ստացածս տպավորություններով։

Կարող եմ ասել, որ Սերժն այլևս վերջնականապես ավարտված է և՛ որպես երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդ, և՛ որպես ֆիզիկական անձ։ Զգացվում է, որ հոգնել է բոլոր առումներով։ Հոգնել է երկրից ու մեզանից։ Հոգնել է ինքն իրենից։ Նաև՝ ֆիզիկապես հյուծվել։

«Արևմտամետ» Սերժից բան չի մնացել։ «Արևմտամետության» փուլն ավարտվեց Կրեմլի պատերի տակ։ Նա հիմա Զորի Գայկովիչի ուրվականի պես մի բան է դարձել։

Բացի մեզանից հոգնելուց, նա նաև ատում է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, քանզի շատ լավ հասկանում է, որ այդեպս էլ չի կարողացել իր նեղ շրջապատից դուրս նախագահ ընկալվել։

Եթե մինչև Մաքսային միություն մտնելու որոշումն ու Գյուլիստանի պայմանագրին հավատարմություն հայտնելը մի քանի միամիտ կար, որ հավատում էր «Արևմտամետ և առաջադեմ Սերժ» էժանագին հեքիաթին, ապա հիմա այդ փոքրաթիվ մարդիկ էլ չկան։ Բաղրամյան 26–ի բոլոր նախագծերը պայթել են, բոլոր «մուտիլովկաները» դարձել են ժամկետանց և բոլոր հեքիաթներն արդեն ավարտվել են։

Հիմա մնացել է Սերժ Սարգսյանը «մերկ» վիճակում։

Ամանորյա ուղերձում զգացվում էր այդ «մերկությունը»։ Դա նույնիսկ բրեժնևյան ոճի շնորհավորանք չէր։ Նրա խոսքի դատարկությունն ու անհավեսությունը ցույց էր տալիս, որ դա հրաժեշտի խոսք էր։ Իսկ թե երբ և ինչպես իրավաբանական ձևակերպում կստանա Սերժ Սարգսյանի հրաժեշտը, կախված է ՀՀ քաղաքացիներից։

2014ն այդ առումով շատ կարևոր ժամանակաշրջան է մահապարտի կարգավիճակով նախագահի աթոռից կառչած Սերժ Սարգսյանին պատմության գիրկն ուղարկելու համար։

Եթե սահմանադրական կոչված փոփոխությունների Սերժի պատկերացրած սցենարը վիժեցվի, ինչպես նաև այս ձախողված կառավարությանը գրողի ծոցն ուղարկելու պլանն աշխատի, ապա «կաղ բադիկի» սինդրոմը Սերժի մոտ կխորանա, իշխանության ներսում կսկսվի էրոզիա և հնարավոր կլինի անցնցում իշխանափոխություն։

2014–ի գլխավոր խորհրդանիշը, հետևաբար, Ազատության հրապարակն է լինելու։ Հրապարակում կվճռվի մեր պետության ընթացքի ուղղությունն առաջիկա մի քանի տարիների համար։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը