Մեկնաբանություն

31.12.2013 18:10


2014–ը ճակատագրական տարի է

2014–ը ճակատագրական տարի է

2013–ը մեր պետության ակտիվում ոչ մի կերպ չես գրանցի։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի սիրելի պաշտոնյա Ստեփան Մնացականյանի «վրձինն» է անկարող շտկել իրավիճակը։

Նման կարծիքի են նաև «7 օրի» այն ընթերցողները, ովքեր, պատասխանելով «2013–ը ՀՀ–ի համար ձեռքբերումների՞, թե՞ կորուստների տարի էր» հարցին, կարծում են, որ անցնող տարին կորսված կարելի է համարել (92%)։ Միայն 4 տոկոսն է տարին հաջողված համարել Հայաստանի համար, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է 836 հոգի։ Քվեարկությունը դեռ շարունակվում է։

2013–ի պատկերը կանխորոշվեց դրանից առաջ, երբ կեղծվեցին խորհրդարանական ընտրությունները։ Դա արդեն ազդակ էր, որ նախագահական ընտրությունները ոչմրցակցային են լինելու՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Այս տարվա սկզբում տեղի ունեցան խեղկատակային նախագահական ընտրություններ, որի ժամանակ իշխանությունները կիրառեցին ընտրակեղծիքների ինչպես հին, այնպես էլ նոր տեխնոլոգիաները։

Ի դեպ, ընտրարշավի ընթացքում հայ ժողովուրդն իր համար նորովի բացահայտեց Սերժ Սարգսյանին։ Պարզվեց, որ նա հիմնականում «չեբուրաշկաներով» է շրջապատված։ Համենայնդեպս այդպիսի տպավորություն էր ստեղծվում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներից։

ՀՀԿ ղեկավարի հիմնական զենքն այն է եղել, որ նա գործել է «տակից» և կուլիսներում։ Նա լուռ է մնացել՝ փորձելով խելացի մարդու տպավորություն թողնել։ Եվ պատկերացրեք, որ անգամ նրա հակառակորդների մի մասն էին կերել այդ «կուտը»։

2008ին Սերժ Սարգսյանը զբաղված էր բացառապես ընտրակեղծիքների և հետընտրական գործընթացների մենեջմենտով։ Հրապարակային դաշտում նա գրեթե չէր երևում։ 2013ի ընտրությունների ժամանակ նա ստիպված բացվեց։ Արդյունքում՝ խիարը թարս բուսնեց։ Բոլորը տեսան, որ նա քաղաքականապես անմեղսունակ է, իսկ խոսքի կուլտուրայով չի ձգում բանասիրականը հեռակա ավարտած ուսանողի մակարդակի։

Անմեղսունակության կոնկրետ դրսևորում էր Սերժի «արևմտամետությունը», որն ավարտվեց Մաքսային միության կազմ մտնելու մասին «գիշերային» որոշմամբ և Հայաստանը «Գազպրոմի» գերի դարձնելու քվեարկությամբ։ Դեպի Բրյուսել սլացող իշխանությունը հիմա կռիվ է տալիս Գյուլիստանի մատույցներում, և շատ խորհրդանշական է, որ կոմերսանտ–ծովահեն Զորի Գայկովիչն է դարձել իշխանական խնջույքների, պետական միջոցառումների և արարողակարգի պարտադիր ատրիբուտը։

2013–ը դրական չէր նաև տնտեսական առումով։ 2009–ին արձանագրված բացասական միտումները պահպանվել են։ Ճիշտ է, անվանական փոքրիկ աճեր կան, բայց դե ինֆլյացիան խժռում է ամեն ինչ։ Բացի այդ՝ մենք դեռ չենք վերադարձել մինչճգնաժամային մակարդակին, ինչը նշանակում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մենք նույնիսկ տեղում չենք դոփել, այլ հետ ենք շպրտվել։ Աղքատությունն ու արտագաղթը դարձել են մեր անվտանգությանը սպառնացող գլխավոր խնդիրները։ «Սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանում նմանատիպ քաղաքականություն վարելը պետական դավաճանությանը համարժեք բան է։

Թող զարմանալի չթվա, բայց համապետական ընտրությունների տարի չհամարվող 2014–ը շատ ավելի կարևոր է լինելու քաղաքական առումով, քան կեղծ օրակարգերով հագեցած «ֆեյքային» 2013–ը։

Կապույտ ձիու տարում պարզ կդառնա՝ Հայաստանը շարունակելու է գնալ թուրքմենբաշիացմա՞ն ուղղությամբ (սերժական մոդել), թե՞ տեղի կունենա հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիա՝ հիմք դնելով իշխանափոխության համար (բուրժուադեմոկրատական մոդել)։

Ամեն ինչ կորոշվի Ազատության հրապարակում։

Ազատության հրապարակը կմաքրի բոլոր հետքերը, կպայթեցնի բոլոր «ականներին», վերջ կդնի դատարկաբանությանը և քաղաքականությանը կտա բովանդակություն։

Ամեն ինչ կախված է ՀՀ քաղաքացուց։

2014–ը լինելու է բոլոր քարերը հավաքելու տարի։

Ուզենք թե չուզենք, պետք է դուրս գանք հրապարակ։ Եթե հրապարակի գործոնը չլինի, ապա անգամ իշխանափոխության պարագայում ՀՀ քաղաքացին այն չափով չի օգտվի, ինչ չափով որ ուզում է։

Եվ ուրեմն, գալիք տարին լավ իմաստով պետք է անհանգիստ լինի։ Անհանգստությունն օրգանիզմի բնական ռեակցիան է ստեղծված իրավիճակին։ Որքան էլ իշխանությունները փորձեն ապաքաղաքականացնել քաղաքականությունը, պետք է դա թույլ չտալ ու բռնել նրանց թույլ տեղից՝ քաղաքականությունից։

Հարգելի՛ ընթերցողներ, «7 օրի» խմբագրակազմը շնորհավորում է ձեզ՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում ենք քաղաքական փոփոխություններ և հաղթանակներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը