Մեկնաբանություն

31.12.2013 12:45


Իսկ բարոյակա՞ն մարդ էր «Պանիկովսկին»

Իսկ բարոյակա՞ն մարդ էր «Պանիկովսկին»

Ո՛չ։ Նա բարոյական մարդ չէր։ «Պանիկովսկին» գանձագող էր։ Նա հաջողացրել էր կասկածելի էժան գնով վաճառել ոսկու պաշարները, խաբել էր ժողովրդին ու համոզել, որ խնայողությունները ՀՀ դրամով պահեն, որպեսզի ինքը կարողանա մեկ գիշերվա մեջ մտնել բոլորի գրպանը։

Անբարոյական «Պանիկովսկուն» հաջողվել էր նաև բազմամիլիարդանոց վարկեր «կպցնել» պետության անունից և փոշիացնել դրանք։ Բացի այդ՝ կովերի «էրոտիկ» օրգանների լվացման թեմայով լեկցիաներ կարդալ ու 17 միլիոն դոլարի չափ փող դուրս գրել, «ատկատահան» անել բյուջեն և օֆշորներում ման գալ։

«Պանիկովսկին» այնքան ագահ դուրս եկավ, որ անգամ զուգարանների վրա սկսեց փող աշխատել։ Բիոզուգարանների։

Ո՛չ։ «Պանիկովսկին» բարոյական մարդ չէր։ Նա ցանկանում էր հարստանալ ոչ միայն պետբյուջեի «ատկատներով», այլ նաև հասարակության հաշվին։ Այդ իսկ պատճառով նա իր շեֆի հետ միասին կենսաթոշակային «աֆյորա» պարտադրեց։

Բարոյական չէր «Պանիկովսկին» նաև այն պատճառով, որ պարբերաբար ստում էր և դեմագոգիայով զբաղվում՝ հընթացս տառապելով ընտրովի ամնեզիայով։

Վերջերս տեղի ունեցած շոու–ասուլիսի ժամանակ «Պանիկովսկին» փորձեց սեփական ձախողումները բացատրել ստացած վատ ժառանգությամբ։

«Շինարարության փուչիկը, որ փչվեց և պայթեց, առաջացրեց բացասական երևույթ»,– հայտարարեց նա։

Մինչդեռ 2008թ. վարչապետի պաշտոնին հայտնված նույն «Պանիկովսկին» իր ներկայացրած ծրագրում սևով սպիտակի վրա գրել է հետևյալ տողերը. «Կառավարությունը ծրագիրն ապահովելու է նախորդ տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը։ ... Նախորդ տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել (այդ տնտեսական աճը հիմնականում ապահովվել էր շինարարության միջոցով–Ս.Մ.)։ ... Տնտեսական աճի ապահովման և նպատակային սոցիալական քաղաքականության շնորհիվ արձանագրվել է աղքատության զգալի կրճատում՝ 56,1 տոկոսից մինչև 26,5 տոկոս»։

Ահա այսպիսի գնահատականներ է տվել «Պանիկովսկու» կառավարությունը՝ 2008–ին սեփական ծրագիրը ներկայացնելիս և տիեզերական մասշտաբի խոստումներ տալիս։ Ուշադրությու՛ն դարձրեք. վատ ժառանգության և շինարարական փուչիկի մասին որևէ խոսք չկա։ Ճիշտ հակառակը՝ սեփական խոստումները տրվել են՝ հիմք ընդունելով այն ժառանգությունը, որը փոխանցվել է։

Եվս մեկ մեջբերում Կառավարության 2008-2012թթ. ծրագրից։ «Աղքատության հիմնարար կրճատումը և անհավասարության նվազեցումը» բաժնում կարդում ենք. «Կառավարությունը բարձր է համարում երկրում առկա աղքատության մակարդակը և դրա էական կրճատումը՝ ընդհանուր աղքատության գծով՝ 11,2 տոկոսից ցածր, և ծայրահեղ աղքատության գծով՝ 1,6 տոկոսից ցածր մակարդակ, այդ թվում՝ հասարակությունում սոցիալական բևեռացվածության կրճատումը դիտարկում է որպես իր գործունեության հիմնական նպատակներից մեկը։ Նշված նպատակը ձևակերպելու համար հիմք են հանդիսանում նախընթաց տարիների ձեռքբերումները։ 1999–2006 թվականների ընթացքում բարձր տնտեսական աճի և նպատակային սոցիալական քաղաքականության շնորհիվ գրեթե երկու անգամ կրճատվել է աղքատության մակարդակը՝ 1999 թվականի 56,1 տոկոսից մինչև 2006 թվականի 26,5 տոկոսը։ Այդ ընթացքում ծայրահեղ աղքատությունը կրճատվել է մոտավորապես 5 անգամ՝ 21 տոկոսից մինչև 4,1 տոկոս, իսկ էականորեն կրճատվել է նաև անհավասարությունը (եկամուտների համակենտրոնացման Ջինի գործակիցը)՝ 2006 թվականին կազմելով 0,369` 1999 թվականի 0,597–ի համեմատ»։

Կրկնեմ, սա այն անբարոյականի տված գնահատականն է, ով այսօր խոսում է վատ ժառանգությունից։ Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք Կենտրոնական բանկը ղեկավարում էր նույն այդ անբարոյականը, ով ծպտուն չի հանել այն տարիներին և միտինգ չի արել «շինարարական փուչիկի» դեմ։ Դեռ ավելին՝ դրամի արժևորման քաղաքականության կողմնակից լինելով՝ մեծապես նպաստել է տեղական արտադրության կրճատմանը, վնասել արտահանմանը և նպաստել ներմուծմանը։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ այսօր փուչիկներից խոսող, 2008–ին լավ ժառանգությունից ուրախացող և այդ ժառանգության հիման վրա աղքատության էական կրճատում խոստացող «Պանիկովսկին» ապահովեց աղքատության էական աճ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն աղքատությունը մեզանում կազմում է 37 տոկոս։

Եթե այսքանից հետո անբարոյական «Պանիկովսկին» դեռ մնում է իր տեղում, այլ ոչ թե հայտնվում քրեակատարողական հիմնարկում, ապա արժանապատվության խնդիր ունի մեր հասարակությունը։ Քանզի անբարոյական վարչապետին ու անմեղսունակ նախագահին հանդուրժող հասարակությունը չի կարող արժանապատիվ կյանքով ապրել։

2014ն, ուրեմն, պետք է լինի արժանապատիվ ապրելուն միտված տարի։ Այլապես անբարոյականները կմսխեն պետությունը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը