Մեկնաբանություն

30.12.2013 22:10


«Պետության վախճանի» ջատագովները

«Պետության վախճանի» ջատագովները

Երկիրը ձեռից գնում է, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը փարիսեցիաբար հայտարարում է. «Նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով և ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ և սեր»:

Սա ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի:

Մեկը չկա հարցնի՝ ի՞նչ ներել ու սիրել, ախպե՛ր ջան: Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը եւ դուք եք կառավարում երկիրը արդեն վեց տարի՝ այլեւս որեւէ կարգի «վերանորոգում» չի փրկի ո՛չ ձեզ եւ ո՛չ էլ երկիրը:

Փլուզել եք ամեն ինչ, ու «կապիտալնի ռեմոնտն» էլ այլեւս չի օգնի:

Իսկ ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանը: Ընդամենը նշել է երեք պատճառ, թե ինչու՞ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում:

1.Բնակչության մասսայական ելքը Հայաստանից:

2.Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել:

3.Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն:

Սրանք են հիմնական պատճառները, որոնք Ռոբերտ Քոչարյանը մանրամասն ներկայացրել է:

Այս ամենի դեմ լուրջ հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն (եթե, իհարկե, կարողանար) Տիգրան Սարգսյանը կեղծ բարեպաշտի կեցվածքով խոսում է ներելու եւ սիրելու, Սերժ Սարգսյանի ջանքերով ստեղծված իրենց «բյուրեղացած թիմի» մասին, հիշում ինչ-որ «իմաստուն խոսք»:

Շրջանցելով բուն թեման, Տիգրան Սարգսյանը նաեւ համոզված պնդում է, թե «խոսքի ազատությունը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում»։ Իբր գործող իշխանություններին հիմա ազատորեն քննադատում են: Պարզվում է, Բաղրամյան 26-ի կողմից հանձնարարված «քննադատությունը» պետք է դիտարկենք որպես «խոսքի ազատության աննախադեպ ցուցանիշների գրանցում»:

Եվ այս անկապ «իմաստակություններից» հետո միայն վարչապետը հայտարարում է. «Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին և շինարարության ոլորտին, ապա դրանց ևս մեկ անգամ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ»:

Այսինքն՝ մարդը ասելիք չունի բուն խնդրի վերաբերյալ: Եթե մինչեւ հիմա պատրաստ չէ մասնագիտական գնահատականներ ներկայացնելուն, ապա ինչի՞ մասին է խոսքը:

Վեց տարի վարչապետ աշխատող մարդը տեղյակ չէ նշված ոլորտի մասին եւ հիմա պետք է նրա համար հատուկ պայմաններ ստեղծել, որ «վերլուծություն» անի: Հավանաբար, տարեկան հաշվետվություններ էլ չեն ներկայացվել կամ ներկայացվել են, իսկ Տիգրան Սարգսյանը ժամանակ չի գտել դրանց ծանոթանալու համար:

Ի դեպ, որքան հիշում ենք, Տիգրան Սարգսյանը մեկ անգամ է հանդես եկել վերլուծությամբ, ինչը հրապարակվել է տարիներ առաջ, երբ դեռ վարչապետ չէր եւ այդ «օպուսը» կոչվում է «Պետության վախճանը»:

Հենց այդ ճանապարհով էլ գնում են ինքն ու իրեն վարչապետ նշանակողը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը