Մեկնաբանություն

30.12.2013 18:10


Իշխանությունը հավկիթներից է կախված

Իշխանությունը հավկիթներից է կախված

Նոր տարվա նախաշեմին խանութներում բացակայող հավկիթը դարձել է «նյուվասյուկիստական» ծրագրերի ջատագով իշխանությունների յուրօրինակ այցեքարտը։

Մինչ «տիրացուն» տնտեսական դաշտում «բարեշրջումներ» է անում, իսկ Սերժը խոսում «գլխից բռնելու» մասին և խոստանում 7% տնտեսական աճ, մարդիկ այս էլ որերորդ տարին է դեկտեմբերի 28–ից հետո չեն կարողանում հավկիթ գնել խանութներից։ «Ձու վաբշե չկա», ինչպես ասում են խանութներում։

Բայց ինչու՞ է այսպես ստացվում, որ երկրում ապրանքային դեֆիցիտ է առաջանում։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ մինչև 2008թ. ձու արտադրող ու նաև արտահանող Հայաստանը, հերիք չէ դարձել է ձու ներմուծող երկիր ու դեռ մի բան էլ սպառողները չեն կարողանում այն գտնել խանութներում։ Այսպիսի բան միայն համայնավարների օրոք էր լինում, երբ, ասենք, լիմոնադը Նոր տարվա շեմին «օքսիդանում» էր վաճառասեղաններից ու դառնում «տակից» ապրանք։

Տնտեսության մեջ տիրող իրավիճակն՝ ընդհանրապես, և հավկիթների շուկայում ապրանքային դեֆիցիտի առաջացման պատճառները՝ մասնավորեպս, շատ պարզ են։ Այստեղ որևէ դավադրություն պետք չէ փնտրել։

2008թ., երբ Սերժ Սարգսյանին հաջողվեց բազմել նախագահի աթոռին ու վարչապետ նշանակել Տիգրան Սարգսյանին, խնդիր դրվեց ստեղծել «Մեկ օլիգարխի տնտեսություն», որը ձևով շուկայական, սակայն բովանդակությամբ թուրքմենբաշիական ու իլհամալիևական համակարգ է՝ առանց նավթի ու գազի։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում սկսվեց սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման գործընթաց։ Այդ ամենից, բնականաբար, զերծ չմնաց նաև հավկիթների շուկան։ Ապրանքային դեֆիցիտն, ահա, այդ վերաբաշխման հետևանք է և մեծ հաշվով՝ Հայաստանի տնտեսության ռեգրեսի ապացույցներից մեկը։

Ապրանքային դեֆիցիտը ներհատուկ է բոլշևիկյան «կոդերով» կառավարվող պետություններին։ Ավելի ծայրահեղացված դեպքերում առաջանում է սով, ինչպես որ ռուս բոլշևիկների կուլակաթափությունից հետո Ռուսաստանը սովի մատնվեց։

Եթե մենք ունենայինք առողջ դաշտ, ապա ձվերի և այլ շուկաներում որևէ ապրանքային դեֆիցիտ չէր լինի։ Ճիշտ հակառակը՝ Նոր տարվա տոներին ընդառաջ ապրանքների գները կիջնեին։

Սերժի խոստացած «Ապահով Հայաստանում», փաստորեն, հավկիթ չկա խանութներում։

Պատկերավոր ասած՝ հավկիթից կախված իշխանություն կա մեզանում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը